ՀՈԳՆԵՑԻՆՔ ԿՈՍՏԱՆՅԱՆ-ՀՈՎՍԵՓՅԱՆ ԳԶՎՌՏՈՑՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը բավականին հաճախ ահազանգեր է ստանում այն մասին, որ ՀՀ այս կամ այն քաղաքացին ընկել է իրավապահ համակարգի շրջապտույտի մեջ եւ անիմաստ քաշքշուկների արդյունքում իր օրերն է մաշեցնում կալանավայրում: Պատճառն այն է, որ մի կիսագրագետ քննիչ վերցնում ու կալանավորման խարխուլ հիմքերով միջնորդությամբ դատարան է մտնում ոչ այնքան ծանր մեղադրանքով մի գործով: Դատավորն էլ դատախազի ու քննիչների հետագա մեղադրանքներից խուսափելու համար՝ բավարարում է միջնորդությունը, մարդուն կալանավորում են, հետո քննիչները սկսում են դատախազների հետ իրար «միս ուտել», միմյանց մեղադրել քննությունը ոչ օբյեկտիվ վարելու, քննության վրա ազդելու մեջ եւ այդպես օր մաշեցնելով՝ քաղաքացուն տեւական ժամանակ զրկում են ազատությունից: Շատ դեպքերում քաղաքացիները նախաքննության ավարտից հետո դատարաններից ազատ են արձակվում, քանի որ ծանր հանցանք չեն գործել: Բայց նախաքննության ընթացքում ստիպված են լինում կալանքի տակ մնալ, ընդ որում, բավականին երկար ժամանակով եւ որպես դիտորդ հետեւել քննիչ-փաստաբան գզվռտոցին: Ընդ որում, այդ հակամարտությունը թելադրվում է ամենավերեւից՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից:
Իհարկե, ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, դժվար թե չիմանա, թե ինչ է կատարվում իրավապահ համակարգում, բայց փաստն այն է, որ նա մատը մատին չի տալիս: Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը սկզբունքայինի կասկածելի իմիջով փորձում է իր խոսքը թելադրել համակարգում, իսկ Աղվան Հովսեփյանը՝ իր՝ քաոսի վերածելով շատ մարդկանց կյանքը:

 

 

 
Ղարաբաղյան պատերազմի 5 տարիների ընթացքում՝ 1989-ից 1994 թվականներին, ըստ պաշտոնական տվյալների՝ հայկական կողմը տվել է 6 հազար 400 զոհ: Հիշեցնենք, որ 1994թ. մայիսի 16-ին ստորագրվեց զինադադարի համաձայնագիրը: Այդ փաստաթղթի տակ դրված են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրությունները: Զինադադարից անցել է 21 տարի, սակայն ամեն տարի մենք անընդհատ ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի, որոնց արդյունքում, դժբախտաբար, պարբերաբար նաեւ զոհեր են լինում: ՀՀ ՊՆ-ն մեր զոհերի թիվը չի հրապարակում. գաղտնիք է: Իրավապաշտպանների կողմից «Ժողովուրդ» օրաթերթին տրամադրած տվյալների համաձայն՝ 2010-ից սկսած մոնիտորինգի արդյունքում հրադադարի պայմաններում զոհվել են 90 զինծառայողներ: Կասկածից վեր է, որ նախորդ 16 տարիներին եւս հրադադարի օրոք մի քանի հարյուր զոհ ենք ունեցել: Սա նշանակում է, որ Ադրբեջանը թեեւ հանձն է առել խնդիրը կարգավորել քաղաքական հարթությունում, բայց շարունակում է ռազմական ագրեսիան:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին երկու ամիսներին սպանության դեպքերի կտրուկ աճից հետո Սերժ Սարգսյանը իրավապահ կառույցներից պահանջել է իրեն ներկայացնել արձանագրված ցուցանիշները եւ դրանց բացատրությունները: Մեր տեղեկություններով՝ անցած ութ ամիսներին Հայաստանում արդեն իսկ արձանագրվել է սպանության մոտ հիսուն դեպք: Ի դեպ, առաջին վեց ամիսների արդյունքներով՝ Հայաստանում արձանագրվել էր սպանության 22 եւ սպանության փորձի 24 դեպք: Ինչեւէ, հանձնարարականից հետո ՀՀ ոստիկանությունը, գլխավոր դատախազությունը եւ քննչական կոմիտեն առանձին-առանձին Սերժ Սարգսյանին են ներկայացրել սպանությունների եւ դրանց բացահայտման վերաբերյալ վիճակագրությունը, ինչպես նաեւ՝ դրանց պատճառների մասին վերլուծություններ: Ըստ այդ, վերլուծությունների, սպանությունների հիմնական պատճառները սոցիալական են, այսինքն՝ դրանք հիմնականում տեղի են ունցել կենցաղային հողի վրա ծագած վեճերի արդյունքում:

 

 

 
Այս տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով ինքնաթիռով ուղեւորափոխադրումների թիվը կտրուկ նվազել է: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա ութ ամիսներին ուղեւորափոխադրումների թիվը կազմել է 1 մլն 292 հազար 491 ուղեւոր (664 հազար 452 ուղեւոր մեկնել է, 628 հազ 39-ը՝ ժամանել): Անցած 2014 թվականին ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 399 հազար 820 ուղեւոր: Ուղեւորների թիվը նվազել է 107 հազար 329-ով: Այս հանգամանքը հիմնականում բացատրվում է այն փաստով, որ Հայաստանի օդանավակայաններից մեկնող ինքնաթիռների տոմսերը բավականին թանկ են, ուստի մարդիկ նախընտրում են մեկնել Թբիլիսի եւ այնտեղից նստել ինքնաթիռ, քանի որ այդպես տոմսի արժեքն անհամեմատ ցածր է ստացվում: Նշենք, որ ուղեւորների թվի 107 հազարով նվազելու արդյունքում Հայաստանի օդանավակայանները, հիմնականում «Զվարթնոցը», կորցրել են մոտ 5 միլիոն դոլարի շրջանառություն:

 

 

 

 
ԱՆՍԱՀՄԱՆԱԴԻՐ

Այս օրերին սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներն ու ընդդիմախոսները յուրաքանչյուրն իր տեսանկյունից փորձում է հանրությանը համոզել՝ ներկայացնելով առաջարկվող նախագծի դրական եւ բացասական կողմերը համեմատ գործող սահմանադրության եւ եվրոպական երկրներում հաջողությամբ կիրառված մոդելների: Առաջարկվող նախագծում ամենավիճահարույցներից մեկն էլ սեփականության իրավունքին վերաբերող դրույթն է, որը շատերի գնահատմամբ գործող կարգից զգալի հետընթաց է պարունակում: Այդպես է դա, թե ոչ, իրականում որեւէ նշանակություն չունի, այն պարզ պատճառով, որ իբրեւ թե գործող սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը Հայաստանում շարունակաբար եւ միանգամայն անպատիժ ոտնահարվել է: Դրա ապացույցը հերթական անգամ առկա էր երեկ` Կառավարության շենքի դիմաց, որտեղ արդեն որերորդ անգամ բողոքի ակցիա էին անում Երեւանի կենտրոնի տարբեր փողոցների խաբված բնակիչները:
Իրենց սեփական տներից, հանուն մի քանի հոգու «գերակա շահի», զրկված այս քաղաքացիների համար Հայաստանի Սահմանադրություն գոյություն չունի, նրանք արդեն 8 տարի է, բախելով պետական ատյանների դռները եւ պահանջելով իրենց ոտնահարված սահմանադրական իրավունքների վերականգնումը, այլեւս հստակ գիտեն, որ Հայաստանում գործում են բացառապես զոռբայության, կաշառատվության եւ խաբեբայության օրենքները, որոնք գերակա են ցանկացած` բարեփոխված կամ չարեփոխված Սահմանադրությունից: Հայաստանի այս օրինապահ քաղաքացիները, որոնցից շատերը իրենց կյանքում չեն խախտել անգամ մեկ սահմանադրական նորմ, չգիտես թե որ մեղքի համար եւ ում դատավճռով դատապարտվել են ութ տարվա «բաց ռեժիմի կալանքի»` զրկվելով գիշերները իրենց սեփական տներում քնելու իրավունքից:
Փոխարենը տարիներ շարունակ տարբեր բնույթի ապօրինությունների, ընդհուպ մինչեւ քրեական հանցագործությունների շնորհիվ այս մարդկանց գույքը խլած իշխանությունների մերձավոր օլիգարխները այդպես էլ անցած տարիների ընթացքում որեւէ պատասխանատվություն չեն կրել, հակառակը, դեռ մի բան էլ բարձր տոկոսներով վերցված օտարերկրյա վարկերից (որոնց տոկոսները վճարելու ենք մենք` ՀՀ օրինապահ քաղաքացիներս) հայրենի Կառավարությունը միլիոնավոր դոլարներ է հատկացրել այդ «կառուցապատողներին», որպեսզի նրանք ավարտին հասցնեն մարդկանց արցունքների եւ արյան վրա կառուցվող իրենց «էլիտար արկղերը»:
Եվ այսօր իրենց տներից զրկված այս մարդկանց եւ նրանց պես պետությունից խաբված հազարավոր այլ քաղաքացիներին (այդ թվում եւ «Նաիրիտ»-ի, Վանաձորի քիմպրոմի աշխատակիցներին եւ այլն) դժվար է համոզել, թե նոր Սահմանադրությունն ավելի լավն է լինելու կամ ավելի վատը: Նրանց համար միեւնույն է` ինչ է գրված այնտեղ, եւ, առհասարակ, արդյոք որեւէ բան գրված է, թե դատարկ էջերի հավաքածու է Սահմանադրությունը:




Լրահոս