ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի նշանակումից հետո ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում նրա տեղը մինչեւ այսօր թափուր է: Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀԿ-ականները նպատակ ունեն ԵԽԽՎ գործուղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանին: Սակայն «ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ականների, այսպես կոչված, «տարեցների» թեւը դեմ է, որ Մարտիրոսյանը ընդգրկվի պատվիրակության կազմում:
Երեկ «ժողովուրդ»-ը փորձել է Լեւոն Մարտիրոսյանից պարզել՝ արդյո՞ք նա ցանկանում է ընդգրկվել ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում:
–Պարո՛ն Մարտիրոսյան, տեղեկություններ կան, որ Դուք եք ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում փոխարինելու ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանին: Արդյո՞ք առաջարկություն լինելու դեպքում այն ընդունելու եք:
-Կմտածեմ, եթե առաջարկություն լինի, ես տարբեր պատվիրակություններում ընդգրկված եմ, տարբեր բարեկամական խմբերում եմ, այսինքն՝ բավականաչափ ծանրաբեռնված եմ միջխորհրդարանական համագործակցությունում: Երազանքս չի եղել երբեք ԵԽԽՎ պատվիրակության կամ որեւէ այլ պատվիրակության մեջ ներգրավվել: Բայց եթե որոշում լինի, որ պետք է ես գնամ, ապա որեւէ խնդիր չկա. ես կընդգրկվեմ նաեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում:
-Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, ՀՀԿ-ի «տարեց» ներկայացուցիչները համաձայն չեն, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում Դուք ընդգրկվեք: Նշվում է, որ այդ պատվիրակությունում արդեն իսկ ՄԻԱԿ-ից պատգամավոր կա` ի դեմս Նաիրա Կարապետյանի: Ինչպե՞ս եք դիմակայելու այդ ընդդիմախոսությանը:
-Չգիտեմ, դա այնքան ոչ կարեւոր հարց է, որ նույնիսկ այդ մասին չեմ էլ մտածել, թե ով ինչ է ուզում, ինչը լավ կլինի, կամ ինչը վատ կլինի: Եթե այդպիսի որոշում կայացվի, ապա կքննարկենք այդ հարցը, եթե ոչ, ապա որեւէ խնդիր չկա: Այս պահի դրությամբ ես որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ որեւէ տեղեկություն չունեմ: Ես ընդգրկված եմ մի քանի պատվիրակություններում, որտեղ իմ աշխատանքն եմ կատարում, իսկ թե ինչ կլինի, ինչպես կլինի, մնացած հարցերը պետք է քննարկվեն, պետք է հասկանանք, թե ինչպես են դրանք լուծվելու: Մեր խնդիրը աշխատելն է, մենք էլ աշխատում ենք:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ