Այլեւս ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները մտադիր չեն հրաժարվել սահմանադրական փոփոխությունների գաղափարից եւ առաջիկայում այդ փաստաթուղթը դրվելու է հանրաքվեի, ուստի ուշագրավ է դիտարկել այն իրավիճակները, որոնց դեպքում այդ հանրաքվեն կարող է տապալվել:
Այսպիսով, ըստ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի՝ հանրաքվեի դրված հարցը համարվում է ընդունված, եթե դրան կողմ են քվեարկել հանրաքվեին մասնակցած ընտրողների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընդհանուր ընտրողների մեկ քառորդը:
Մինչեւ վերը բերված սկզբունքը թվերով ներկայացնելը, նկատենք, որ կողմի նվազագույն շեմը նախկինում` մինչեւ 2008 թվականի դեկտեմբերը, եղել է ընտրողների մեկ երրորդի չափով: Սակայն 2008-ի դեկտեմբերի 26-ին հրավիրված արտահերթ նիստում ՀՀ իշխանությունները արագացված կարգով փոփոխություններ են կատարել «Հանրաքվեի մասին» օրենքում՝ կողմի նվազագույն շեմը մեկ երրորդից իջեցնելով մինչեւ մեկ քառորդի:
Այսպիսով, 2013 թվականի նախագահական ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի ընտրողների ցուցակում ընդգրկված անունների թիվը կազմում էր 2 միլիոն 528 հազար: Չնայած արտագաղթի ահռելի ծավալներին՝ ՀՀ իշխանությունները տարեցտարի ընտրողների թիվն ավելացնում են:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս դեպքում ՀՀ իշխանություններին ավելի ձեռնտու է նվազեցնել այդ թիվը, քանի որ այդ դեպքում կողմի նվազագույն շեմը եւս կիջնի: Սակայն իրականում ընտրողների ուռճացրած թիվը եղել եւ մնում է իշխանությունների հիմնական խաղաքարտը: Հայաստանի իշխանությունները մշտապես իրենց տրամադրության տակ ունեն մոտ մեկ միլիոն գոյություն չունեցող ընտրողներ, որոնց անունները ցուցակներում կան, բայց նրանք վաղուց Հայաստանում չեն բնակվում: Մի խոսքով, կասկածից վեր է, որ ընտրողների թիվը կշարունակի ավելանալ եւ առաջիկա հանրաքվեի ժամանակ այն արդեն հասած կլինի 2 մլն 600 հազարի սահմանին: Ըստ այդմ, կողմերի նվազագույն շեմը կլինի 650 հազարի սահմաններում:
Անհրաժեշտ կողմ քվեների թիվը կաճի միայն այն դեպքում, եթե հանրաքվեի ակտիվ մասնակցություն գրանցվի: Այլ կերպ ասած՝ եթե Հայաստանի իրական ընտրողները հանրաքվեի օրը գնան տեղամաս եւ սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկեն, ապա իշխանությունները պետք է գործի դնեն իրոնց գոյություն չունեցող «ընտրողներին»:
Ի դեպ, հանրաքվեն տապալելու տեսանկյունից կապ չունի մասնակցությունը ակտիվ կլինի, թե պասիվ (այսինքն՝ մարդիկ չեն գնա տեղամաս): Երկու դեպքում էլ կարեւորը Հայաստանի բոլոր` մոտ երկու հազար տեղամասերում տեղի ունեցող գործընթացները վերահսկելն է: Առանց վերահսկողության, զուտ տեղամաս չգնալով եւ չքվեարկելով՝ խնդիրը չի լուծվի, եւ կկրկնվի 2005 թվականի սահմանադրական հանրաքվեի պատմությունը, երբ մարդիկ տեղամասեր չէին գնացել եւ հանրաքվեն անցավ դատարկ տեղամասերի պայմաններում, բայց օրվա վերջին ընտրական հանձնաժողովները մեկուկես միլիոն մասնակցություն գրեցին` 90 տոկոս «կողմ»-ով: Ակտիվ մասնակցության դեպքում էլ, եթե բոլոր տեղամասերը չվերահսկվեն, ապա իշխանությունները կրկին կգործեն ինչպես միշտ` կգրեն իրենց համար ցանկալի արդյունքը:
Ի վերջո, 2003 թվականի սահմանադրական հանրաքվեի տապալման փորձը ցույց է տվել, որ վերահսկողության պայմաններում իշխանությունները կարող են նաեւ տապալվել: 2003-ին սահմանադրական հանրաքվեն անցկացվում էր ԱԺ ընտրությունների հետ միաժամանակ: Ընդհանուր վերահսկողության պայմաններում 2003-ին արձանագրվեց, որ քվեարկությանը մասնակցել է 1 մլն 230 հազար ընտրող, որոնցից կողմերը կազմել էին մոտ 560 հազար: Չնայած այդ թիվը դեմերից ավել էր, բայց կողմերի նվազագույն անհրաժեշտից պակաս էր, եւ դրա համար էլ սահմանադրական հանրաքվեն տապալվեց:
Այսօր այդ ցուցանիշը կրկնելու համար «Ոչ»-ի ճակատը պետք է կարողանա բոլոր տեղամասերում ունենալ իր ներկայացուցիչներին: Մասնավորապես, «Ոչ»-ի մեջ մտնող կուսակցություններից երկուսը` ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը», տեղամասային ընտրական հանձնաժողովների մեկական անդամ նշանակելու հնարավորություն ունեն: Եթե այդ երկու կուսակցությունները ֆիզիկապես ի վիճակի լինեն երկուհազարական ՏԸՀ անդամներ նշանակել, ապա կկարողանան նաեւ իրավիճակն ընդհանուր վերահսկել: Հակառակ դեպքում, իրադարձությունները կզարգանան ինչպես միշտ՝ ընդդիմադիրները կբողոքեն, կպայքարեն, բայց վերջում բոլոր տեղամասերում իրենց ներկայացուցիչները չունենալու պատճառով կպարտվեն. իշխանությունները կարձանագրեն իրենց ուզած թիվը: Իսկ ընդդիմությունը եւ, ընդհանրապես, ողջ հանրությունը համոզված կլինի, որ այդ արդյունքները կեղծված են, բայց լուրջ ապացույցներ ոչ ոք չի կարողանա ներկայացնել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ