Կինոօպերատոր, կինոռեժիսոր Շավարշ Վարդանյանը, ով նկարահանել է խաղարկային եւ վավերագրական մի շարք ֆիլմեր, զենքը եւ տեսախցիկը ձեռքին մասնակցել է Գետաշենի, Շահումյանի, Արցախի եւ ՀՀ սահմանամերձ գոտիների համար մղված պատերազմական գործողություններին, սակայն այսօր նա չի կարողանում ավարտին հասցնել Ղարաբաղյան պատերազմի մասին իր ֆիլմը: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է դրա պատճառների մասին: «Ձնծաղիկներ եւ էդելվեյսներ», «Կտոր մը երկինք», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմերի նկարահանումներին իր մասնակցությունն ունեցած կինոօպերատորը խոսել է նաեւ «Հայֆիլմ»-ը պետությանը վերադարձնելու թեմայից՝ խոստովանելով, որ իրականում վերադարձվել է միայն կինոստուդիայի անունը:
-Պարո՛ն Վարդանյան, որքանով տեղյակ ենք` Ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմ էիք նկարահանում. խոսքը վերաբերում է «Երկար վերադարձ»-ին: Ինչո՞ւ այդ աշխատանքներն այդպես էլ կիսատ մնացին:
-Ֆիլմի 50 տոկոսը նկարել եմ, բայց գումար չկա, որ շարունակեմ: Արդեն երկու տարի է` նկարում եմ, պետությունը մաս-մաս է գումար հատկացնում, այնինչ ժամանակն անցնում է, իսկ դա անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ: Ֆիլմը պետք է սկսել եւ ավարտել. մի բան, որ մենք չենք կարողանում անել: Այսօր Կինոկենտրոնի բյուջեն այնքան փոքր է, որ մի միջին որակի ֆիլմին կբավարարի միայն, այնինչ այդ գումարով մի քանի անառողջ ֆիլմեր են ստեղծվում: Իսկ մանր-մունր կոպեկներով լուրջ կինո չի նկարվում: Արտասահմանցիները որ տեսնեն, թե պետությունը որքան գումար է տրամադրում մեկ ֆիլմի համար, կծիծաղեն. մի նորմալ տեսահոլովակի գումարով լիամետրաժ ֆիլմ ենք նկարում: Ինձ համար հատկապես ցավալի է, որ ես պատերազմ գնացած-եկած, վիրավորված մարդ եմ, ով արխիվային շշմելու նյութեր ունի, լուրջ կինո է ուզում նկարել, սակայն պետությունը չի կարողանում ֆինանսավորել, իսկ մասնավոր ներդրողներն էլ գերադասում են իրենց գումարները վատնել բարերում եւ խաղատներում:
-Իսկ հիմա, երբ «Հայֆիլմ»-ը կրկին վերադարձվում է պետությանը, ինչ-որ հույսեր կապու՞մ եք կինոստուդիայի հետ, ըստ Ձեզ` հնարավոր կլինի՞ տարիների ընթացքում վերականգնել նախկին մթնոլորտը:
-Երբ տարիներ առաջ «Հայֆիլմ»-ը սեփականաշնորհվեց, ես այդ ժամանակ պատերազմի դաշտում էի, տեղյակ չէի` ինչ էր կատարվում: Այսօր, երբ այն վերադարձվել է պետությանը, պետք է այնպես անել, որ հայ կինոն վերադառնա իր ակունքներին: Երբ ես պատերազմից եկա, «Հայֆիլմ»-ը գտա քանդուքարափ եղած վիճակում: 1997-98թթ.ն էր, այցելեցի այնտեղ, տեսա, որ միայն Ռուբեն Գեւորգյանցի զբաղեցրած հատվածն էր նորմալ վիճակում գտնվում (այնտեղ, որտեղ դոկումենտալ ֆիլմերի ստուդիան է): Իսկ տաղավարներից, պահեստներից սկսած` ահավոր վիճակում էր, ռեկվիզիտի մասին էլ չխոսեմ. թալանեցին:
Հիմա, երբ ֆիլմեր նկարահանելիս ցանկանում ենք 50 տարով հետ գնալ, փշաքաղվում ենք. համապատասխան ռեկվիզիտ չունենք: Ձայնալուսային տեխնիկան, եղած ապարատուրան մաս-մաս քանդեցին ու տարան. ոչ ոք չմտածեց վաղվա օրվա մասին: Այնտեղ մենք արտասահմանյան օբյեկտիվներ ունեինք, որոնք այսօր նոր տեխնիկայի վրա շատ լավ կաշխատեին. ցավոք, դրանք էլ են փչացրել: Վերջին անգամ «Հայֆիլմ» չորս տարի առաջ եմ մտել, ահ ու սարսափով դուրս եմ եկել. ստուդիան փլատակ վիճակում էր, աղբանոցի մեջ: Դրա վերանորոգումը ահռելի գումարների հետ է կապված, իսկ պետությունն այդ քայլին չի գնա: Եթե ուզում եք իմանալ, ընդամենը «Հայֆիլմ»-ի անունը վերադարձվեց պետությանը: Եթե վերջինիս մնա շենքի վերականգնումը, հաջորդ հիսունամյակին նոր կլսենք դրա մասին: Այսօր «Հայֆիլմ»-ի վերականգնումն ավելի դժվար է լինելու, քան 1923-ին դրա ստեղծումը:
-Դուք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կինոյի ամբիոնում արվեստանոցի ղեկավար եք: Ի՞նչ եք կարծում` կինոօպերատորների ինչպիսի՞ նոր սերունդ է գալիս:
-Այսօր դասախոսների աշխատավարձը կախված է ուսանողների թվից. դրանով ամեն ինչ ավարտվում է: Ի՞նչ իրավունք ունենք արվեստի ինստիտուտում ընդունելու փողոցից եկած պատահական մարդու, որը, սակայն, փող ունի, եւ այդ գումարն է, որը պետք է տան դասախոսին: Տարեկան 200 ռեժիսոր, 200 օպերատոր ենք տալիս երկրին, ո՞ւր են գնում, որտե՞ղ են աշխատում նրանք, եթե այս փոքրիկ երկրում անգամ կինո չկա. ավելի լավ չէ՞ երեք մասնագետ ընդունել, որ հարսանիք նկարողներ դուրս չգան ինստիտուտից:
-Ինքներդ նշեցիք` հարկավոր է, որ հայ կինոն վերադառնա իր ակունքներին: Դրա համար մասնագիտական ի՞նչ դպրոց է պետք ստեղծել, այդ առումով մեզ ի՞նչն է պակասում:
-Պետք է կարողանալ կինոյում երկրորդ կազմ հասկացությունը վերականգնել: Կինոն միայն ռեժիսորը, բեմադրիչը չէ, որ ստեղծում են, առաջին կազմին զուգահեռ կա երկրորդ ռեժիսոր, ասիստենտ եւ այլն: Հիմա բեմադրիչն ամեն ինչ վերցնում է իր վրա, կինոտեխնիկ չունենք, լավ դիմահարդար չունենք, մի խոսքով` կազմակերպչական թիմ չունենք: Թատերականից դուրս եկած երեխեքը «երկրորդ սաստավ»-ում էլ չեն կարող ընդգրկվել, քանի որ պրակտիկ աշխատանքին ծանոթ չեն: Դրա համար պետք է դպրոց բացել: Կարծում եմ` մասնագիտական առումով սա գլխավոր նախապայման է: Իհարկե, բացի սա` կան էլի մի շարք խնդիրներ, որոնք ենթակա են լուծման…
Աննա Բաբաջանյան