Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված հանձնաժողովը, փոխելով Հայաստանի Սահմանադրությունը, ձեռքի հետ տակնուվրա է անում պետական կառավարման ամբողջ համակարգը: Սահմանադրության առաջարկվող տարբերակով հիմնովին փոխվում են պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն հաստատելու գործընթացն ու դրանց համար պատասխանատու պետական մարմինները: Իսկ ահա զինված ուժերի ղեկավարման ընթացակարգը լիովին խարխլում է գոյություն ունեցող կայուն աշխատելաոճը: Նոր տարբերակով այս հարցերում իրապես մեծանում է անորոշությունը եւ արմատավորվում է պաշտոնական անպատասխանատվության պրակտիկան: Համաձայնեք, որ պատերազմի մշտական վտանգի մեջ գտնվող երկրի համար, ինչպիսն այսօր Հայաստանն է, պետության անվտանգության հարցերում պատասխանատվության սահմանումը պիտի լինի իմպերատիվ եւ հստակ՝ զերծ որեւէ անորոշությունից ու թերությունից:
Այսպես՝ Սահմանադրության առաջարկվող նախագծի 118-րդ հոդվածով սահմանվում է, որ պատերազմ հայտարարելու ու խաղաղություն հաստատելու իրավասությունը պատկանում է ՀՀ Ազգային ժողովին, որն էլ դա իրականացնում է կառավարության առաջարկությամբ: Ուշադրություն է պետք դարձնել այն հանգամանքին, որ ԱԺ-ը նման որոշում է կայացնում ոչ թե վարչապետի, այլ կառավարության առաջարկով: Այստեղ գոյություն ունի պատասխանատվության հստակ աստիճան: Ըստ էության մի բան է, որ այդ առաջարկությունը ներկայացնի անձամբ կառավարության ղեկավարը, եւ լիովին այլ բան, երբ դա հայտարարում է կոլեգիալ մարմին հանդիսացող կառավարությունը:
Ավելին, նույն հոդվածի երկրորդ կետով էլ վճռվում է, որ ԱԺ-ի նիստ հրավիրելու անհնարինության պարագայում պատերազմ հայտարարելու իրավազորությունը պատկանում է կառավարությանը: Գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ ԱԺ-ը Հանրապետության նախագահի առաջարկով է կայացնում պատերազմի եւ խաղաղության մասին որոշումը, իսկ ԱԺ-ի նիստ գումարելու անհնարինության դեպքում հարցը վճռվում է անձամբ նախագահի կողմից: Հարկ է նկատել, որ պատերազմն ինքնին անվերահսկելի մի երեւույթ է, որի ամեն զարգացումը չէ, որ կարելի է հաշվարկել: Հաշվի առնելով Հայաստանի՝ պատերազմի մեջ ներքաշվելու մեծագույն վտանգը՝ հարց է ծագում՝ իսկ եթե այդ ճակատագրական պահին կառավարության նիստ հրավիրելն էլ անհնարին լինի, ի՞նչ արդյունք ենք ունենալու:
Վերջապես, պատերազմը պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող հիմնահարց է, որի հանդեպ անլուրջ մոտեցում չի կարելի ցուցաբերել: Այստեղ պետք է լինի մեկ կոնկրետ պատասխանատու, որն իրավիճակի անկանխատեսելի զարգացման պարագայում իր ձեռքը կվերցնի գործընթացի կառավարումը:
Ինչ վերաբերում է զինված ուժերի ղեկավարմանը խաղաղ եւ պատերազմական ժամանակներում, այստեղ արդեն սկսվում է իսկական խառնաշփոթը: Սահմանադրության նոր տարբերակի 154-րդ հոդվածը պարզաբանում է զինված ուժերի կառուցվածքը եւ կառավարության ղեկավարի դերը դրա կառավարման գարծում: Արձանագրված է, որ զինված ուժերի ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին, սակայն, նշանակում է հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
Եվ այսքանից հետո էլ խաղաղ ժամանակներում ԶՈՒ շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին: Փաստորեն, ԶՈՒ շտաբի պետը, որը նշանակվում է երրորդ անձի կողմից, խաղաղ ժամանակներում ենթակա է նախարարին, իսկ պատերազմի պահին՝ վարչապետին: Վերջինս, ի դեպ, նույն հոդվածով պատերազմի օրերին վերածվում է ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի: Ըստ էության, այս պայմաններում նման կարեւոր պաշտոններ զբաղեցնողները ստիպված են միմյանց հետ աշխատել ընդհատումներով՝ առանց միմյանց նշանակումներում իրական դերակատարություն ունենալու: Պաշտոնեական այսպիսի մանվածապատ եռանկյունում վարչապետը, լիովին հեռու լինելով ԶՈՒ ղեկավարումից, պատերազմի պահին դառնում է դրա ղեկավարը՝ առանց հաշվի առնելու՝ նա կարո՞ղ է կատարել այդ պարտականությունը, թե՞ ոչ։ Իսկ զինված ուժերի ղեկավարը փաստացիորեն ընտրվում է նախագահի կողմից եւ նրա ցանկությամբ, բայց պատերազմի օրերին ստիպված է լինելու ենթարկվել իրեն չնշանակած եւ նրա հետ աշխատանքի փորձ չունեցող գործչին:
Իսկ ի՞նչ կլիներ, եթե ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունը թողնվեր նախագահին, որը, նշանակելով ԶՈՒ պետին, իր աշխատանքային պարտականություններով ներգրավված կլիներ ԶՈՒ կառավարման գործում եւ պատերազմի օրերին էլ հստակ պատասխանատվություն կկրեր: Չէ՞ որ նման վճռական նշանակություն ունեցող հարցերում ավելի լավ է ապավինել մեկին, քան հարցից անտեղյակ մի կոլեգիալ մարմնին (կառավարություն) ու դրա ղեկավարին։
Ի վերջո, գաղտնիք չէ, որ Ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի հաջողությունները մեծապես կախված էին Ադրբեջանում տիրող իշխանական խառնաշփոթից, ինչն արձանագրում էր նաեւ ՀՀԿ-ի կողմից միայն ընտրությունից ընտրություն պաշտվող Վազգեն Սարգսյանը, երբ ընդգծում էր պատերազմի օրերին նախագահ Տեր-Պետրոսյանի ցուցաբերած վճռականությունն ու ամենակարեւոր հարցերում չսխալվելու հանգամանքները: Կարող ենք փաստել, որ պատերազմում ունեցած հաղթանակն ուղիղ համեմատական էր ՀՀ զինված ուժերի ղեկավարության ներդաշնակ աշխատանքին եւ փոխգործակցությանը, ինչն ապահովվում է գործող, սակայն միանշանակորեն խաթարվում առաջարկվող Սահմանադրությամբ:
Ի դեպ, միջազգային փորձը հաշվի առնելով՝ հարկ է հիշատակել գերմանական մոդելը, որով զինված ուժերի ղեկավարումը թողնվում է Պնախարարի վրա, իսկ պատերազմի ժամանակ այդ պարտականությունը ստանձնում է կանցլերը՝ անմիջականորեն հաշվետու դառնալով պառլամենտին: Իսկ, ահա, Իտալիայում զինված ուժերի հրամանատարը հենց նախագահն է, որը խորհրդարանի համաձայնությամբ կարող է պատերազմ հայտարարել: Հաշի առնելով խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի մասին իտալական փորձառության «առեւանգման» փաստը՝ իշխանությունը չպիտի զլանար նաեւ այս դրույթն արտագրել իտալական սահմանադրությունից: Հակառակ դեպքում այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանի հանձնաժողովը օգտվել է այլ երկրների սահմանադրություններից՝ բացառապես դրանց թերությունները մեկտեղելու ու Հայաստանում փորձարկելու առաքելությամբ:
Ն. Հովսեփյան