«Բանակից ազատվելը 35 մետր շպրտվելու հետ ի՞նչ կապ ունի». Կարեն Ավագյանի մեքենայից վրաերթի ենթարկված երիտասարդն ուղղորդվա՞ծ է աղմուկ բարձրացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանի և նրա եղբոր՝ Արթուր Ավագյանի անունների շուրջ աղմուկը չի դադարում: Հիշեցենք, որ օգոստոսի 23-ին ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ծառայողական «Toyota»  մակնիշի 058 00 11 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկվել 28-ամյա Էդգար Սնխչյանը: Ավտոմեքենայի ղեկին գտնված անձը դեպքի վայրից փախուստի էր դիմել:

Որոշ ժամանակ անց իրավապահներին էր ներկայացել Կարեն Ավագյանի եղբայրը՝ Արթուր Ավագյանը, ով Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի պրոռեկտորն է: Վերջինս հայտարարել է, որ վրաերթի պահին ավտոմեքենայի ղեկին ինքն է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը այսօրվա իր համարում հայտնել է, որ Էդգար Սնխչյանը թերթի հետ զրույցում ասել է, թե պատրաստվում է սկանդալային փաստեր ներկայացնել դատարանում, որոնց մասին առայժմ չի ցանկանում բարձրաձայնել: Մինչդեռ տուժած երիտասարդի հարազատներից մի քանիսը երեկ լրագրողների հետ զրույցում ասել են, թե իրենց համար տարօրինակ է, թե ինչու է Էդգար Սնխչյանը բողոքում: Էդգարն այս առնչությամբ ասել է. «Միայն մի բան կասեմ՝ իմ հարազատներին ձեռնտու չի, որ ես առողջ լինեմ: Ինչ ամոթ, ինչպես բնորոշեմ նրանց հայտարարությունները: Իմ ուզածը մենակ առողջականս վերականգնելն է, այլ բան չեմ ուզում»: Նշենք, որ Կարեն Ավագյանն էլ շուտով իր հակափաստարկները կներկայացնի. իրականում Էդգարին մենակ չեն թողել:

Armlur.am-ի հետ զրույցում վրաերթի ենթարկված երիտասարդն անդրադարձավ լուրերին, թե իրեն ուղղորդում են ընդդեմ Ավագյանների, ինչպես նաև իր առողջական վիճակին:

-Էդգա՛ր, Դուք բողոքում եք Կարեն Ավագյանից՝ ասելով, որ նա «անհետացել է»: Կարո՞ղ եք ասել՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում որքան գումար եք վճարել:

-Մենք գումար չենք ծախսել: Իրանք են տվել ամբողջ գումարը:

Հիվանդանոցում ի՞նչ վիրահատությունների եք ենթարկվել: Կթվարկե՞ք:

-Լյարդի, գլխի, թոքերի:

-Ձեր գլխի ո՞ր մասն են վիրահատել: 

-Գլխի հետ կապված տեղյակ չեմ, չեմ կարող ասել: Իրանց ասելով՝ մենակ ճղել են: Ես էլ չեմ հավատում: Բայց աչքս շիլա, իսկ դա գլխի հետ ա կապված: Հետևի մասն են վիրահատել, չի երևում: Մազերս երկարել են, փակվել ա:

-Աչքի շլությունը երբվանի՞ց եք նկատել: 

-Դրանից մի-երկու օր հետո:

-Կարգավորվո՞ւմ է, թե՞ ավելի է շլանում:

-Ո՛չ, չի կարգավորվում: Ոնց կա, մնում ա:

-Ասում եք, որ մինչև վերջ չեք կազդուրվել: Բժշկի այցելո՞ւմ եք:

-Հիվանդանոց չեմ գնում: Սպասում եմ, թե իրանք երբ պիտի ուշքի գան… դե միջոցներ տրամադրեն…

-Անկողնային ռեժիմո՞ւմ եք, թե՞ ոտքի վրա:

-Հիմա Ձեզ հետ անկողնային ռեժիմով եմ խոսում, բայց դուրս էլ եմ գալիս:

-Էդգա՛ր, լուրեր կան, որ Դուք բանակից ազատվել եք հոգեկան աոողջության հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով…

-(Հարցն ընդհատելով)Ես բանակից ազատվել եմ: Բայց դա ի՞նչ կապ ունի, ասենք, նման բաների հետ: Ով բանակից ազատվում է, վրաերթի՞ են ենթարկում: Բանակից ազատվելը 35 մետր շպրտվելու հետ ի՞նչ կապ ունի:

-Կարեն Ավագյանի թիմակիցներն ասում են, որ Ձեզ ուղղորդում են: Ո՞վ և ինչո՞ւ է ձեզ ուղղորդում:

-Ինձ ոչ մեկ չի ուղղորդում: Իմ ուղղորդվածությունն իմ առողջությունն է: Ինձ ոչ մեկ չի կարա ուղղորդի: Էս ամեն ինչը դրա համար ա արվում, որ առողջանամ:

Զրուցեց Տաթև Հարությունյանը




Լրահոս