Ընտրահանցանքների վերաբերյալ Օմբուդսմենի անդրադարձը ոստիկանության արձագանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձել է ընտրահանցանքների վերաբերյալ ոստիկանության արձագանքին:
Օմբուդսմենի արձագանքում, մասնավորապես, ասվում է.
“Ոստիկանությունը հրապարակայնորեն արձագանքել է  Օմբուդսմենի  կողմից ներկայացված ընտրախախտումների եւ ընտրահանցանքների մասին հաղորդմանը եւ հայտնել, որ Պաշտպանի կողմից ներկայացված 10 ընտրահանցանքներից 8-ը դեռեւս քննվում են ոստիկանության կողմից, իսկ երկուսի քննությունն արդեն ավարտված է հանցագործության դեպքի բացակայության պատճառով:
Ամենեւին չպնդելով, որ մեզ ահազանգած քաղաքացիները բոլոր դեպքերում տիրապետում եւ ներկայացնում են բացարձակ ճշմարտությունը, այդուհանդերձ, կարեւոր է, որ նրանց կողմից տրված տեղեկատվության հերքման դեպքում բոլորիս ներկայացվեն կատարված աշխատանքի մանրամասներ եւ համոզիչ փաստարկներ: Մասնավորապես, Սիսիան քաղաքում եւ Վերին Գետաշեն գյուղում ընտրակաշառք բաժանելու այս երկու գործերով անհրաժեշտ է ներկայացնել, թե ումից եւ ինչ բովանդակությամբ բացատրություն է վերցվել, եւ եղել են արդյոք իրարամերժ բացատրություններ: Եթե եղել է թեկուզ մեկ իրարամերժ բացատրություն, ապա անհրաժեշտ է քրեական գործ հարուցել, որը հնարավորություն կտա կատարել այլ քննչական եւ քրեադատավարական գործողություններ (առերեսումներ, ճանաչման ներկայացնել, փորձաքննություններ, այլուրեքությունների պարզում եւ այլն): Այսինքն՝ անհրաժեշտ է, որպեսզի ցանկացած ողջամիտ մարդ հավատա, որ ոստիկանությունը հանցագործությունը բացահայտելու համար արել է ամեն հնարավորը:
Հուսով ենք՝ ընտրահանցանքների մասին այս եւ բոլոր մյուս հաղորդումների պարագայում Ոստիկանությունը հավուր պատշաճի կընդունի եւ կիրագործի մեր հորդորը, քանի որ հակառակ դեպքում կստվերվի ոչ միայն ոստիկանության կատարած աշխատանքը, այլեւ ընտրությունների ողջ պատկերը: 
Կարեն Անդրեասյանը այս կապակցությամբ հատկապես ընդգծել է. “Մեր հասարակությունը հաճախ առավել կարեւորում է քաղաքական գնահատականներն ու գործընթացները եւ անտեսում իրավականը: Ցանկացած հետընտրական գործընթացում ամենեւին չթերագնահատելով քաղաքական բաղադրիչները՝ այնուամենայնիվ, անհրաժեշտ է նվազագույնը դրանց զուգակցել իրավական գործընթացները: Հետեւաբար ծայրահեղ անհրաժեշտ է հասարակության ուշադրությունը սեւեռել նաեւ առանձին ընտրախախտումների եւ ընտրահանցանքների վրա: Ինդուկցիայի մեթոդով (մասնավորից դեպի ընդհանուրը) կարելի է ձեւավորել եւ հիմնավորել առանձին քաղաքական գնահատականներ: Այս ընտրություններում առանց այն էլ շատ չեն ընտրահանցանքների վերաբերյալ փաստական տվյալներ պարունակող ահազանգերը, հետեւաբար չի կարելի անտեսել եւ ոչ մի դեպք: Չի կարելի թույլ տալ, որ իրավապահ մարմինները թեկուզեւ թափանցիկ ու հրատապ, բայց այնուամենայնիվ ընդհանուր ու միատեսակ բացատրություններով ավարտեն այդ գործերի քննությունը”։




Լրահոս