ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՆՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ՞Ց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ի տարբերություն ազատ մամուլի դերի վերաբերյալ Թոմաս Ջեֆերսոնի վերաբերմունքի՝ ՀՀ նախագահները եւ ոչ միայն նրանք կարծես թե հակված չեն մամուլի կողմից քննադատություն հանդուրժել, եւ միգուցե դա է պատճառը, որ առաջին նախագահը փակեց “Հայլուր”-ն ու դաշնակցական լրատվամիջոցները՝ հիմնելով մեր ավանդույթը, 2-րդ նախագահը եթերազրկեց “Ա1+”-ը, “Նոյյան տապան”-ը եւ “պատասխանատու” դարձրեց ողջ եթերը, իսկ 3-րդ նախագահի օրոք կարծես թե փակման կամ “պատասխանատուացման” վտանգի առջեւ են կանգնել դեռեւս առկա անկախ կամ ընդդիմադիր տպագիր լրատվամիջոցները: Նկատենք, որ վերջին շրջանում հանրային եւ գործարար էլիտայի ներկայացուցիչները փորձում են իրենց պատիվն ու արժանապատվությունը կերտել մամուլի հաշվին: Մամուլի ցանկացած անցանկալի հրապարակում որակում են որպես իրենց արժանապատվությանը դեմ ուղղված քայլ:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կգնահատեք արժանապատվությունը մամուլից գնելու փորձերը՝ “Առաջին լրատվական” կայքի եւ “Ժողովուրդ” օրաթերթի օրինակը Ձեր աչքի առաջ ունենալով:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այն, ինչ կատարվում է, իրականում վաղուց սկսված գործընթաց է: Գիտեք, առաջ դրա համար գալիս ծեծում էին, իսկ հիմա դիմում են դատարան: Նախկինում գլուխ էին ջարդում, հիմա էլ փորձում են սնանկացնել: Երբ օրենսդրության մեջ փոփոխություն եղավ, շատ ավելի շատ էին դատական հայցերը, եւ այդ խելքից դուրս հայտերը այդքան էլ հնարավոր չէր ընդունել: Հնարավոր չէր բավարարել նաեւ ներկայացված խելքից դուրս գումարների պահանջները: Հիմա շքերթ է սկսվել՝ հանձինս “Ժողովուրդ”, “Հրապարակ” օրաթերթերի եւ “Առաջին լրատվական” կայքի դեմ ներկայացված հայցերի: Գուցե ես անուղղելի լավատես եմ, բայց հույս ունեմ, որ այդ հայցերը կունենան այն ճակատագիրը, ինչ մինչ այդ ունեցել են մյուս դատական հայցերը, այսինքն՝ ցանկանում եմ ասել, որ գործարարի այդ հայցերը չեն բավարարվելու:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
“Առավոտ” կայքի գլխավոր խմբագիր
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիական հասարակության կայացման գործում միշտ էլ կարեւոր է եղել ազատ մամուլի դերն ու նշանակությունը: Կարծում եմ՝ ցանկացած փորձ, որը միտված է լռեցնել ազատ խոսքը, առողջ քննադատությունը, դատապարտելի է: Բազմաթիվ հարցեր կան, որոնք դեռեւս բաց են: Նախ՝ ի՞նչ չափանիշով է որոշվում փոխհատուցման չափը: Եվ եթե որեւէ մեկը դատական հայց է ներկայացնում ԶԼՄ-ի դեմ՝ նյութական վնասի փոխհատուցման պահանջով, ապա այստեղ դատարանը պետք է ընդունի այնպիսի վճիռ, որի կիրարկումից չպետք է վտանգվի տվյալ ԶԼՄ-ի հետագա գործունեությունը: Անցել են ազատ խոսքը լռեցնելու ժամանակները, բայց մյուս կողմից էլ, որեւէ մեկին նկատի չունեմ, լրատվամիջոցը նյութը տարածելուց առաջ պետք է ստուգի, ճշտի, թե արդյոք տվյալ հոդվածում չկա ապատեղեկատվություն, մարդու արժանապատվությունը վիրավորող նախադասություն: Պետք է նորմերը պահպանվեն 2 կողմից էլ: Բոլոր դեպքերում, ինձ համար անընդունելի է, երբ ազատ ու առողջ խոսքը կարող է լռել դրամական միջոցների բացակայությունից:
ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային 
հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  

Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

“Ժողովուրդ” օրաթերթի 484 համար




Լրահոս