Ո՞վ ես դու պրն. Մարտիրոսյան ու ի՞նչ է քեզ սպասվում. Regnum-ի անդրադարձը Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական Regnum լրատվական գործակալությունն անդրադարձել է Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին ու Բաքվում տված նրա մամուլի ասուլիսին՝ մանրամասն ներկայացնելով նրա հայտարարություններն ու այն, թե ինչպես վերջինս դարձավ «ակտիվիստ»:

«Այն, որ Հայաստանում խախտում են մարդու իրավունքները, որ այդ երկրի քաղաքացիները անարդարությունների, առօրյա կոռուպցիայի ու գործազրկության պատճառով փորձում են ապաստան գտնել այլ երկրներում, բոլորին հայտնի փաստ է: Սակայն դեռևս ոչ մեկի մտքով չի անցել ավելի լավ կյանքի փնտրտուքով Ադրբեջան փախչել, որտեղ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը շատ ավելի վատ է, քան Հայաստանում»,-գրում է Regnum-ը:

«Ակնհայտ է, որ Մարտիրոսյանի փախուստը իսկական նվեր է Ադրբեջանի իշխանությունների համար, որոնք արդեն այսօր սկսել է ընդդեմ Հայաստանի քարոզարշավ, որի դեմքն ու գլխավոր հերոսը դարձել է Վահան Մարտիրոսյանն ու նրա ընտանիքի անդամները: Սակայն, երբ Մարտիրոսյանն անպետք դառնա, հեռանկարը, որ նա կմեղադրվի լրտեսության մեջ, մեծ է: Իսկ պատրվակները կարող են լինել բազմաթիվ: Օրինակ, Մարտիրոսյանի հանդեպ 3820 դոլար գողանալու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել և վերջինս ստորագրությամբ բաց էր թողնվել: Իսկ թե ինչպես է վերջինիս հաջողվել լքել Հայաստանը, այժմ փորձում է պարզել երկրի Ազգային անվտանգության ծառայությունը: Մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Մարտիրոսյանը լքել է Հայաստանի տարածքը հայ սահմանապահների անուշադրության պատճառով, սակայն Բաքվի համար սա հիասքանչ առիթ է փախստական «ակտիվիստին» լրտեսության մեջ կասկածելու համար»,- եզրափակում է ռուսական կայքը:

 




Լրահոս