ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը շնորհավորել է ՀՀ անկախության տոնի կապակցությամբ: Նրա ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայոց պատմության կարեւորագույն իրադարձության` Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ապագայի հանդեպ մեծագույն հավատով, սեփական ճակատագիրը տնօրինելու վճռականությամբ միասնաբար քվեարկեց անկախ պետություն ստեղծելու օգտին: 24 տարի առաջ կատարված գիտակցված ընտրությամբ ընդունեցինք սերունդների համար խիստ պատասխանատու որոշում` աշխարհին ապացուցելով ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու մեր ժողովրդի իրավունքը, դարերից եկող մեր երազանքներն իրականություն դարձնելու հաստատակամությունը:
Այսօր մենք հպարտությամբ նշում ենք, որ դժվարությամբ, պատերազմի ու մաքառումների գնով ձեռք բերված անկախությունն այն ամենակարևոր նվաճումն է, որ ունեցել է մեր երկիրն իր պատմության անցած ճանապարհին:
Անկախության տարիներին կյանքի բոլոր ոլորտներում մեր պետությունն իրականացրել է աննախադեպ բարեփոխումներ՝ իր նկատելի տեղը զբաղեցնելով համաշխարհային մեծ ընտանիքում: Երկրի նախագահ Սերժ Սարգսյանի եւ կառավարության հետեւողականության ներքո այսուհետ ևս իրականացնելու ենք քայլեր՝ ուղղված մեր անկախ հայրենիքի հետագա հզորացման, հայ ժողովրդի բարեկեցության ապահովմանը:
Կրկին շնորհավորում եմ հայ ժողովրդին` Անկախության տոնի առթիվ: Թո´ղ խաղաղ ու անսասան լինեն մեր հայրենքի սահմանները, թո´ղ որ իրականանան մեր ժողովրդի բոլոր նվիրական երազանքները: Անսահման բարիք, հաջողություններ, երջանիկ եւ լուսավոր ապագա»: