«Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանին՝ Պալաչին, պատկանող «Քինգ դե Լյուքս» ընկերությունը սնանկ է ճանաչվել։ Վարկային պարտավորությունները չկատարելու համար սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Առեքսիմ» բանկը։
Դատարանի որոշումը կայացվեց Աբովյանի քաղաքապետի ընտրություներից մեկ շաբաթ անց՝ հունիսի 15-ին, իսկ արդեն մեկ ամիս անց Աբովյանի ներքաղաքային փոխադրման որակն ու հետագա գործունեությունը կասկածի տակ առավ նորընտիր քաղաքապետ, Հարությունյանի նախկին մրցակից Վահագն Գևորգյանը։ «Ներքաղաքային տրանսպորտը, որը որ Արթուր Հարությունյանինն է, այժմ նորմալ չի աշխատում։ Կարող եք գալ, ազգաբնակչությունից հարցնել», մեզ հետ զրույցում նշել էր քաղաքապետ Վահագն Գևորգյանը։ Դեռևս օգոստոսին նա ակնարկել էր նոր ընկերության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ առաջիկայում սպասվում է նոր մրցույթ:
Մինչ Աբովյան քաղաքի ուղևորափոխադրման մրցույթը, որը կկայանա նոյեմբերին, քաղաքապետ Վահագն Գևորգյանն արդեն վերանայել է իր վերաբերմունքը իր իսկ կողմից բնութագրված «նորմալ չաշխատող» ընկերության վերաբերյալ. «Քինգ դե Լյուքս» ընկերությունը արձագանքեց իմ դժգոհությանը, և այժմ ավտոբուսները նորմալ աշխատում են»։
Իսկ «Քինգ դե Լյուքս» ընկերության տնօրեն Մարկոս Մարկոսյանի հավաստմամբ՝ ընկերությունը բնականոն աշխատում է, ինչպես ամիսներ առաջ, այս ընթացքում որևէ փոփոխություն չի եղել, և որևէ մեկի դժգոհաթյունից հետևություն չեն արել, ավելին՝ նոյեմբերին մասնակցելու են ներքաղաքային ուղևորափոխադրման համար անցկացվող մրցույթին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։