Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել «Արմենիա» հանրապետական ԲԿ-ում. «Անհայտ էթոլոգիա, կոմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 34-ամյա հիվանդն արթնանալով` հարձակվել է բուժաշխատողների վրա և բռունցքով հարվածել բժշկի դեմքին: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ հիվանդն այն աստիճան է «զայրացած» եղել, որ հարձակվել է անգամ ծառայություն իրականացնող ոստիկանի վրա և ձեռքին եղած մետաղյա ձողով հարվածնել նրան և պատճառել մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողն իրեն ամրակցված զենքից նախազգուշական կրակոց է արձակել՝ արդյունքում հիվանդին անզգուշությամբ պատճառելով մարմնական վնասվածք:
Armlur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ «Արմենիա» ՀԲԿ-ում բուժաշխատողների և ոստիկանի վրա հարձակվելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, և 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Իսկ ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից Armlur.am-ը տեղեկացավ, որ նախարարությունը խստորեն դատապարտում է «բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնմունքում բժշկի հանդեպ երեկ երեկոյան տեղի ունեցած բռնության փաստը։ «Բռնության, ծեծի ցանկացած դեպք ինքնին դատապարտելի է։ Անընդունելի է, երբ հիվանդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն։ Նման մերժելի արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բժշկին ու բուժանձնակազմին, այլև մեր ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության,անառողջ մթնոլորտ։ Վստահենք, որ մեղավորը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ»,- հայտնում են նախարարությունից:
Իսկ թե ինչն է հիվանդին այդ աստիճան զայրացրել, դեռևս պարզել չհաջողվեց: