Արմավիրում և Արարատում խաղողի մթերման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով. նախարարը հետևել է ընթացքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր` խաղողի մթերման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:

Այցի սկզբում նախարարը մասնավորապես եղել է Երևանի «Արարատ գինու, կոնյակի, օղու կոմբինատի» Արմավիրի մասնաճյուղում, ապա Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մեկնել է «Շահնազարյան գինու կոնյակի տուն» ընկերություն:

Մինչ այդ նախարարը հանդիպել է նաև մարզի խաղողագործների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, որի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև նորատունկ այգիների խաղողի մթերման կազմակերպման հարցին: Այս կապակցությամբ նախարարը տեղեկացրել է, որ չնայած այս դեպքում խաղողագործների հետ մթերման համապատասխան պայմանագրեր չեն կնքվել, սակայն ընկերությունները պատրաստ են նրանց բերքը նույնպես մթերել: Նախարարը նաև հավելել է, որ մարզում ներկայումս վերամշակող 16 ընկերություններից 12-ն արդեն սկսել են մթերման գործընթացը:

«Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատում», որտեղ երեկվանից տրվել է խաղողի մթերման մեկնարկը, ընկերության գործադիր տնօրեն Արմեն Զաքարյանը նախարարին տեղեկացրել է` նախատեսում են մթերել ընդհանուր առմամբ շուրջ 20 հազար տոննա խաղող, այդ թվում` նաև նորատունկ այգիներից:

«Շահնազարյան գինու կոնյակի տուն» ընկերությունում, որը նախարարի այցի երկրորդ կանգառն էր, խաղողի մթերման աշխատանքներն այսօր են մեկնարկել: Ընկերության տնօրենի խոսքով` այս տարի իրենց կողմից մթերված խաղողի ծավալները կգերազանցեն նախորդ տարվա մակարդակը: Նախարարը հորդորել է մթերել խաղողագործների կողմից առաջարկվող արտադրանքի ամբողջ ծավալը:
Այցի շրջանակում նախարար Կարապետյանը եղել է նաև «Արարատ գինու, կոնյակի, օղու կոմբինատի» Մասիսի մասնաճյուղում և Տափերականի «Ա.Կ.Զ.» ընկերությունում, որտեղ նույնպես այսօրվանից մեկնարկել է մթերման գործընթացը: Նախարարը շրջել է վերոնշյալ ընկերություններում, հետևել ընթացիկ աշխատանքներին:

Նախարարին հավաստիացրել են, որ խաղողի մթերումների գործընթացը ընթանում է սահուն կերպով և առանց խոչընդոտների:

Այցի ավարտին նախարար Սերգո Կարապետյանը եղավ նաև Դալար համայնքի «Արեգակ» ընկերությունում, որտեղ այսօրվանից մեկնարկել է խաղողի մթերումը։ Այստեղ նախարարին վստահեցրել են, որ նախորդ տարվա մթերման ծավալները ընթացիկ տարում կպահպանվեն, դեռ ավելին` հավելյալ առաջարկի դեպքում այն ևս առանց որևէ խնդրի կմթերվի:




Լրահոս