Սեպտեմբերի 20-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Jazz Parking Երեւանում» համերգը՝ նվիրված Հայաստանի անկախությանը: Համերգի կազմակերպիչ, «AZD Production»-ի գլխավոր տնօրեն եւ պրոդյուսեր Հայկ Հարությունյանն ավելի վաղ հայտնել էր, որ համերգը հնարավորություն կտա միավորել հանդիսատեսին, կենդանի հնչողությամբ վայելել միջազգային մրցույթների մասնակից հայ երգիչների կատարումները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, հանդիսատեսի շարքերում գտնվող Մարիամ Մոմջյանը խոստովանեց, որ համերգի` այդքան սպասված օրը դարձել էր իր համար ամենազարհուրելի օրերից մեկը:
«Այդ օրվան շատ եմ սպասել, կարելի է ասել` մեկ տարի: Երբ արդեն ներկայացա համերգին, եւ բոլորը տեղավորվել էին, մենք սկսեցինք սպասել համերգի մեկնարկին: Սպասեցինք տասը րոպե, երեսուն, քառասուն եւ զգում էինք, թե ինչպես է մարդկանց համբերության բաժակը լցվում: Մի կին կանչեց օպերայի եւ բալետի թատրոնի աշխատակցին ու հարցրեց` որքան կարելի է դիմանալ, ասաց` այս ի՞նչ է` ձե՞ռք եք առնում, ինչո՞ւ չեք սկսում համերգը: Աշխատակիցը բացատրեց, որ տեխնիկական խնդիրներ կան: Կինն էլ թե` բոլորս վեր ենք կենում եւ գնում, այս ի՞նչ խուժան վերաբերմունք է: Դահլիճն անդադար սուլում էր: Մի պահ ինձ զգացի ցույցի վայրում»,-պատմեց Մարիամը:
Նրա խոսքով` դրանից հետո բեմ է բարձրացել հաղորդավար Արման Մարգարյանը: Մարդիկ այնքան բարձր են սուլել եւ բղավել, որ նա վախից հետ է գնացել: Վարագույրների ետեւից հաղորդվել է, որ համերգը կսկսվի երեք րոպեից: Նախատեսված 19:00-ի փոխարեն համերգը մեկնարկել է 20:05 րոպեին: Եվ այդ ժամանակ տեղի է ունեցել ամենախայտառակ դրվագներից մեկը: «Հաղորդավարները` Արման Մարգարյանը եւ Jazz Parking նախագծի երաժշտական պրոդյուսեր, ջազ երգչուհի Անժելիկա Ալֆյորովա-Հարությունյանը, մեկը մյուսից անտեղյակ` սկսեցին հաղորդել երգիչ-երգչուհիների անուններ, որոնց փոխարեն, սակայն, այլ արտիստներ էին բեմ դուրս գալիս»,-նշեց Մարիամը:
Նրա խոսքով` ձայները, որոնք էկրանից այն կողմ հնչում են հրաշալի, համերգի ընթացքում բաս-կիթառի եւ հարվածային գործիքների բարձր ձայնից խլացել էին. «Խեղճ երգիչներն իրենց ձայնալարերը պատռեցին բեմի վրա»,-ասաց Մարիամը:
Նա պատմեց նաեւ, որ համերգը դեռ չավարտված, հաղորդավարները` բեմում, մարդիկ հեռանում էին դահլիճից:
«Իսկ ամենացավալին այն է, որ ես այդպես էլ չլսեցի այդքան երկար սպասված ջազ երաժշտությունը»,- եզրափակեց Մարիամը:
Հիշեցնենք, որ համերգին մասնակցել են Մարիամ Մերաբովան, Արմեն Մերաբովը, Մարգարիտա Պոզոյանը, Արծվիկը, Լիա Սարկիսյանը, Ալբերտ Մուսաելյանը, Լիլիթ Հարությունյանը, Սամվել Վարդանյանը, Հայկ Մովսիսյանը (Music Hayk), Սյուզի Մխիթարյանը, Էդվարդ Խաչարյանը, Արտյոմ Կաչարյանը, Էդգար Հակոբյանը, Գայանա Զախարովան: Համերգի հատուկ հյուրերն են եղել Շուշան Պետրոսյանը եւ Ալին Գոյանը:
Աննա Բաբաջանյան