Մինչեւ վերջերս իրեն Հայաստանում թիվ երկու քաղաքական ուժ պատկերացնող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրություններին հետեւած 7 օրերի ընթացքում բերանը ջուր առած սպասելուց հետո երեկ վերջապես հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեւակերպած իր քաղաքական օրակարգը»: Թե ինչ կարող է սա նշանակել, դժվար չէ պատկերացնել` աչքի առաջ ունենալով «ԲՀԿ-ի խորհրդարանական օրակարգ» ասվածի դրսեւորումն անցած ամիսներին: ՀՀ նախագահական ընտրություններից առաջ ձեռքերը լվացած եւ մի կողմ քաշված քաղաքական ուժը, սակայն, երեկվա հայտարարությամբ կրկին փորձում է համոզել, որ «ԲՀԿ-ն քաջ գիտակցում է ժողովրդի առջեւ ունեցած պատասխանատվությունը, ԲՀԿ-ն եղել ու մշտապես լինելու է ժողովրդի կողքին»: Իհարկե, հիմա շատ հարմար պահ է` հայտնվելու ժողովրդի կողքին, մանավանդ որ այդ ժողովրդին Րաֆֆի Հովհաննիսյանը համախմբել բերել հասցրել է Ազատության հրապարակ: Սակայն արդյո՞ք հիմա ժողովուրդը ԲՀԿ-ի կամ հենց նույն ՀՅԴ-ի կարիքն ունի: Այդ հարցի լավագույն պատասխանը ժողովուրդն արտահայտել է իր քվեարկությամբ, ինչից առաջին հերթին անհարմար դրության մեջ է հայտնվել «Բարգավաճ Հայաստան»-ը:
ԱԺ ընտրություններում իրենց հավաքած 455 հազար ձայները կլորացնելով մինչեւ կես միլիոն եւ մշտապես դա իշխանություններին հիշեցնող ԲՀԿ-ականները ներկայում խորին «մանթրաշի» մեջ են, որ իրենց կողմից տարատեսակ որակումների արժանացած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ կարողացավ հավաքել ավելի շատ ձայն` 540 հազար, քան իրենց ողջ թիմը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Ուստի հիմա ակնհայտ է, որ Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին միանալու համար ԲՀԿ-ականները պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները եւ միանան ոչ թե որպես ՀՀ երկրորդ քաղաքական ուժ, այլ երրորդ, իսկ ավելի կոնկրետ` երրորդական ուժ: Թերեւս նաեւ այդ պատճառով է, որ ԲՀԿ-ն գերադասում է շարունակել իր` «ո՛չ միս, ո՛չ ձուկ» վարքագիծը` թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը զսպվածության կոչեր անելով ու նաեւ առաջարկելով «բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերին` ձեռնամուխ լինել ժողովրդավարական, քաղաքական, տնտեսական անհետաձգելի բարեփոխումների մեծ օրակարգ ձեւավորելուն, դրանց իրականացման ճանապարհային քարտեզի մշակմանը»: Ասել է թե` ԲՀԿ-ն առաջարկում է քաղաքացիական անհնազանդության օրեցօր հզորացող շարժումը փոխարինել ինչ-որ «ճանապարհային քարտեզի» մշակման իմիտատիվ գործընթացով: Ճիշտ այնպես, ինչպես տարեվերջին ընթացող քաղաքական անպտուղ կոնսուլտացիաներն էին: Իսկ թե ում է ձեռնտու գործընթացը կոտրելն ու իմիտատիվ քննարկումներով այն փոշիացնելը, կարծում ենք՝ պարզ է բոլորին: Այնպես որ, ԲՀԿ-ն փորձում է հարթել դեպի իշխանական կոալիցիա իր վերադարձի ուղին:
ԴԵՊԻ ԿՈԱԼԻՑԻԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ