«Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել օգոստոսի 23-ին ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր` 38-ամյա Արթուր Ավագյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից: Պարզվում է՝ պատգամավորի եղբոր կողմից վթարի ենթարկված Էդգարը Սնխչյանը դիմել է ՀՀ դատախազություն` հայտնելով, որ պատգամավորն ու իր եղբայրն անհետացել են եւ թողել են իրեն վատ վիճակում:
Հիշեցնենք, որ նշված օրը՝ 23:30-ի սահմաններում, Աճառյան պողոտայում՝ «Մուլտի գրուպ» բենզալցակայանի դիմաց, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրը` Արթուր Ավագյանը, Toyota մակնիշի 058 00 11 համարանիշի ավտոմեքենայով, որը հաշվառված է ԱԺ հաշվեկշռում եւ սպասարկում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանին, վրաերթի էր ենթարկել հետիոտն, 28-ամյա Էդգար Սնխչյանին: Ըստ ականատեսների՝ պատգամավորի եղբայրը, որը Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորն է, դեպքի վայրից փախուստի էր դիմել, իսկ ավելի ուշ հայտարարել, թե գնացել էր շտապօգնության մեքենայի հետեւից եւ այդ պատճառով է լքել դեպքի վայրը:
Ինչեւէ: Կատարվածից հետո 28-ամյա Էդգարին տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ վիրահատության ենթարկել: Կատարվածից անցել է շուրջ մեկ ամիս, եւ, ահա, վթարից տուժած Էդգարը մինչ օրս անկողնային վիճակում է եւ երեկ ՀՀ դատախազություն բողոք է ներկայացրել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Էդգար Սնխչյանը պատմեց, որ կասկածներ ունի, թե իրեն վթարի ենթարկողը ոչ թե պատգամավորի եղբայրն է, այլ հենց պատգամավոր Կարեն Ավագյանն է եղել: «Դիմելով դատախազություն՝ ես ներկայացրել եմ իմ կասկածները, որ ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորը Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանն Է եղել, որը փախուստի է դիմել դեպքի վայրից եւ եղել է ոչ սթափ վիճակում: Ավելին, ըստ ականատեսների՝ մեքենան վարել է սահմանվածից շատ ավելի բարձր արագությամբ: Մեքենայի հարվածից 35 մետր հեռավորության վրա եմ հայտնվել, բազում ջարդվածքներով, սալջարդերով ու ներքին արյունահոսությամբ տեղափոխվել եմ հիվանդանոց: Ինձ վիրահատել են եւ պահել են թմրադեղերի ազդեցության տակ: Թող իրավապահները պարզեն՝ ով է եղել իրականում վարորդը»,- մեզ տված հարցազրույցում հայտարարեց Էդգարը:
Ըստ նրա՝ դեպքից երկու օր անց անգիտակից վիճակում նա քննիչների կողմից տրված մի փաստաթուղթ է ստորագրել, որի էության մասին տեղյակ էլ չի եղել. «Սեպտեմբերի 12-ին ստանում եմ քննիչ Մուրադյանի որոշումը, որ տեղի ունեցածի մասով քրեական գործի հարուցումը մերժել են, մինչդեռ այս գործով Արթուր եւ Կարեն Ավագյանները խոստումներ էին տվել եւ չեն կատարել: Նրանք իմ հարազատներին խոսք էին տվել, թե իմ առողջությանը հասցված բոլոր վնասները կվերականգնեն, եթե հարկ լինի՝ արտերկիր կուղարկեն կամ կփոխհատուցեն բոլոր վնասները, դրա համար իմ հարազատները քննիչներին իրենց ուզած ցուցմունքներն են տվել: 10 օրվա մեջ մենք իրավունք ունեինք բողոքելու, իրենք այդ օրերին մեր կողքին էին, իսկ դրանից հետո անհետացել են եւ հրաժարվում են իմ հետագա բուժման հարցը կարգավորել»:
Վթարից տուժած Էդգար Սնխչյանի խոսքով՝ ահավոր գլխացավերի մեջ է եւ օրվա մեջ 10 հաբ ցավազրկող է խմում. «13 օր հիվանդանոցում եմ եղել եւ պնդել եմ, որ ցանկանում եմ հանդիպել գլուխս վիրահատած բժշկի հետ ու այդպես էլ նրան չտեսա: Կասկածներ ունեմ, որ գլուխս վիրահատել են, հիմա ահավոր ցավում է: Աչքս շլացել է, իսկ բժիշկները ասում են՝ դեռ հայտնի չէ՝ դա վթարի՞ց է եղել, թե՞ մինչ այդ ես այդպիսի խնդիր ունեի: Դուք ինձ ծանոթ բոլոր մարդկանցից, հարեւաններից կարող եք պարզել, որ մինչ այդ ես նման խնդիր չեմ ունեցել: Իրենցից խնդրել էինք, որ գային, մի փաստաթուղթ ստորագրեին, իմ հետագա բուժման հարցը կարգավորեին, բայց բան չեն արել: Խոսքով ասել են՝ կհոգան, բայց հիմա կորել են: Դատախազությունում ներկայացրել եմ, որ անգիտակից վիճակում են ինձնից ցուցմունք կորզել եւ հիմա թողել են անմխիթար վիճակում: Իմ բոլոր հարազատները կարող են հայտարարել, որ իրենք խաբեության արդյունքում են մեզնից ստացել այդ ցուցմունքները, «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում միայն որովայնս վիրահատած բժիշկն է նորմալ իր գործը կատարել, մնացած բոլոր բժիշկները ծածկադմփոց են արել ինձ հետ տեղի ունեցածը»:
Էդգարը հայտնեց նաեւ, որ անգամ դիմում է գրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, որ իրեն պատկանող բենզալցակայանի տեսախցիկի ձայնագրությունները հանձնեն իրենց, իրենք այն տրամադրեն իրավապահներին. «Ինձ անգամ չի էլ հետաքրքրում, թե ով է վրաերթի ենթարկողը, իմ նպատակը մեկն է, որ փոխհատուցումը չեն տալիս, գոնե իմ բուժզննման հարցերը կարգավորեն, ես ի վիճակի չեմ»:
Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հետ, սակայն վերջինս խորհուրդ տվեց այդ թեմայով իր հետ չխոսել. «Ես ուղղորդվածություն եմ տեսնում ու չեմ ցանկանում այդ մասին խոսել»:
Իհարկե, ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց ոչ ցանկալի թեմաների դեպքում միշտ անմիտ ուղղորդումներ են տեսնում՝ այդպիսով փորձելով գլուխներն ազատել անցանկալի հարցերից: Բայց այդպես մինչեւ ե՞րբ. մարդիկ բողոքում են եւ հստակ կասկածներ ունեն, ուղղորդվածությունն այստեղ ինչպե՞ս երեւաց: Հավանաբար 40-ամյա երիտասարդ ՀՀԿ-ականի մոտ Գագիկ Ծառուկյանին «դոդի Գագո» ասելուց հետո տեսիլքներ են այցի գալիս. ի՞նչ իմանանք:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԽԱՅՏԱՌԱԿԵՑԻՆ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ
Երեկ մեր երկրի համար խայտառակ մի իրադարձություն տեղի ունեցավ: Մի շարք ոչ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների շնորհիվ կարճ ժամանակում հայտնի դարձած ինքնահռչակ «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը գնաց, հանձնվեց մեր հարեւան, բայց ոչ ամենեւին բարեկամ Ադրբեջանին եւ այսօր Բաքվում հանդես է գալու մամուլի ասուլիսով:
Ո՞վ էր Վահանը. նա ինքն իրեն խիստ հայրենասերի տեղ էր դրել, պայքար էր ծավալում՝ անհասկանալի լոզունգներով: Հետո տեսավ, որ չի ստացվում, «հարմար օբյեկտ» փնտրեց ու հայտարարեց, թե իրեն ու կնոջը ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը թիկնապահների հետ ծեծի է ենթարկել: Բայց չկարողացավ ապացուցել կատարվածը, քանի որ ստում էր: Հետո էլ գնաց, իբրեւ թե ապաստանեց իր ծանոթներից մեկի՝ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող Ռուզաննա Մարգունու տանը, նրանից գողացավ 3820 ԱՄՆ դոլար ու փախավ:
Այստեղից սկսվում է հետաքրքիրը: Սեպտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեն տեղեկություն հրապարակեց, որ Վահան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն, որի համար նախատեսվում է 2-5 տարվա ազատազրկում): Հայտարարվեց նաեւ, որ Վահանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Թե ինչու էին քննիչներն այդքան հոգատար իրեն ակտիվիստ հռչակած, հոգեբուժարանում հաշվառված այս երիտասարդի նկատմամբ, դժվար է ասել: Ամենայն հավանականությամբ կասկածելի գործարքների մեջ մտնող քննիչները վախեցել էին աղմուկից, որ կարող էր բարձրանալ հերթական լածիրակ ակտիվիստին կալանավորելուց հետո: Ուշագրավ էր, որ չափազանց սկզբունքային պաշտոնյա, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ լուռ համաձայնել էր Վահանին ազատ արձակելու որոշման հետ (իսկ իրենց տան բակում հարեւանի հետ բարձր ձայնով զրուցած որեւէ մեկին վաղուց ճաղերի ետեւն էին ուղարկել՝ արդարությունը վերականգնելու դատարկ հիմնավորումներով):
Իհարկե, աղմուկի մասով իրենց մեղքի բաժինն ունեն ոչ միայն լրատվամիջոցները, այսինքն՝ նաեւ մենք, որ ամեն հերոսանալու փորձի հավատում ենք ու որպես հալածյալ ներկայացնում, այլեւ ոչ պրոֆեսիոնալ կայքերը, որոնք սեփական միտք ի վիճակի չեն արտադրել եւ զբաղված են գրագողությամբ, դատարկամիտ ասուլիսներ լուսաբանելով: Այս իրավիճակին նպաստում են նաեւ օրեցօր ծլող ու դաշտից վերացող ակտիվիստները, լուրջ ու անլուրջ գրանտակերները, իրենց քաղաքական գործիչ հռչակածները, որոնք հաճախ օրվա հերոս են պատկերացնում եւ հրաժարվում քաղաքական մեկնաբանություններ տալուց՝ ազատ դաշտ բացելով ամեն դուրսպրծուկի համար: Դե, համացանցն էլ այս օրերին ինքնադրսեւորվելու հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին: Արդյունքում ունենք անվերահսկելի ու տրամաբանության որեւէ կանոնի չենթարկվող իրավիճակ, որտեղ կարող են ինքնադրսեւորվել բոլորը, ովքեր առաջինը կկարողանան պաթոսով «ստատուս գրել» կամ առավել բարձր հայհոյել՝ ընդ որում, կարեւոր չէ, թե ում:
Բայց հիմա կարեւորի մասին. որտե՞ղ էին հայրենի իրավապահները, սահմանապահները, որ հնարավորություն տվեցին հետախուզման մեջ գտնվող, երկրից չբացակայելու ստորագրություն տված քաղաքացուն դուրս գալ Հայաստանի սահմաններից:
ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դա իրենց գործառույթը չէ, եւ պետք է դիմենք այլ իրավապահ կառույցների: Բնականաբար, դիմեցինք ՀՀ ԱԱԾ-ին, որտեղից ասացին, թե այդ հարցով զբաղվում են, լրացուցիչ տեղեկություն կհայտնեն: Թե ում է պետք նրանց ուշացած զբաղմունքը: Ժամանակին էր պետք ուշադիր լինել. չէ՞ որ Վահան Մարտիրոսյանի արարքների մասին լրատվամիջոցները բավականին ակտիվ լուսաբանում էին. ջայլամի պես ոչինչ չտեսնելը դժվար թե ԱԱԾ-ին օգնի այս խայտառակությունից ձերբազատվել:
Իսկ ի՞նչ էր անում ՀՀ ոստիկանությունը, որը ամենաակտիվներից է համացանցում եւ օպերատիվ արձագանքում է յուրաքանչյուր անհեթեթ գրառմանն անգամ: Այս կառույցից «Ժողովուրդ»-ին հայտնեցին հետեւյալը. «Սեպտեմբերի 9-ին քննիչի կողմից կայացվել է որոշում Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին եւ ձեռնարկված օպերատիվ փնտրողական միջոցառումներով պարզվել է, որ նա դեռեւս 5 օր առաջ արդեն լքել է երկիրը»: Այսպիսով, պաշտոնական տեղեկության հիման վրա կարելի է եզրակացնել, որ Աղվան Հովսեփյանի գլխավորած քննչական կոմիտեի քննիչները մի քանի հազար դոլար գողություն իրականացրած մարդուն, երբ ստորագրությամբ ազատ են արձակել, համապատասխան կառույցներին չեն էլ զգուշացրել այդ մասին, իսկ երբ որոշել են նրան հետախուզել (ընդ որում, խափանման միջոց ստորագրությունը կրկին չվերացնելով), այդ ժամանակ արդեն Վահանը հասցրել է փախչել երկրից: Հետաքրքիր է, թե ինչու է քննչական կոմիտեն այս խայտառակության պատասխանատվությունն իր վրայից գցում՝ հղում անելով այլ կառույցների:
Նկատենք, որ իրավապահ կառույցներն, ընդհանրապես, պատասխանատվությունը մեկը մյուսի վրա բարդելով՝ իսկական «բարդակի» են վերածել այդ ոլորտը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող Ռուզաննա Մարգունին պատրաստվում է ՀՀ քննչական կոմիտեի քննիչների դեմ բողոք ներկայացնել՝ Վահան Մարտիրոսյանի Ադրբեջան մեկնելու առիթով: Պարզում է՝ Ռուզաննա Մարգունին քննիչներին հայտնել է, որ Վահանի կինը գնացել է իր տուն եւ խնդրել ոստիկանության դիմումը հետ վերցնել՝ խոստանալով հափշտակած գումարը տալ: Եւ քննիչները տեղյակ լինելով այս մասին՝ նրանց չեն կալանավորել: Ու, ընդհանրապես, Մարգունու դիմումին նրանք մատների արանքով են նայել, ոչ պրոֆեսիոնալ են մոտեցել, ինչի արդյունքում Վահանը հասցրել է ճողոպրել: Իսկ ո՞վ է վերադարձնելու տիկնոջից գողացված գումարը:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ
ՎՍԴՀԿ ղեկավար, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը դեռ չի որոշել՝ կողմ է քվեարկելու Սահմանադրության նոր նախագծին, թե ոչ:
«Ուշի ուշով հետեւում ենք Սահմանադրության նախագծի քննարկումներին: Հնարավոր է՝ այո քվեարկեմ, հնարավոր է՝ ոչ»,-NEWS.am-ին ասել է Սարգսյանը: Հարցին, թե արդյոք որոշում կայացնելուց առաջ քննարկելու է հարցը նաեւ խմբակցության անդամների հետ, Լ. Սարգսյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ ես պարտավոր եմ համաձայնեցնել իմ կուսակցության տեսակետը»:
ԱՓՍՈՍԱԼՈՒ ԲԱՆ ՉԵՆ
Եվրոպական խորհրդարանը ափսոսանք է հայտնել Եվրամիության Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին Ադրբեջանի Միլի մեջլիսի որոշման կապակցությամբ: Այս մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարությունում:
ԷԼԻ ՔԱՄՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ
Կառավարությունը երեկ մշակույթի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացրել է հինգ միլիոն դրամ` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից Հայաստանի անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով:
ԱՎԵԼԻ Է ՎՆԱՍՈՒՄ
Միացյալ Նահանգները խորը ափսոսանք է հայտնում Ռուսաստանի իշխանությունների միակողմանի որոշման կապակցությամբ, որի համաձայն՝ Մոսկվայում արգելվել է ԱՄՆ-ի հովանու տակ գործող Ամերիկյան կենտրոնի գործունեությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեֆթը: «Նման քայլը է՛լ ավելի է վնասում վերջին շրջանում արդեն իսկ խարխլված երկու երկրների հարաբերությունները»,-ասել է դեսպանը:
ԿՍԿՍԵՆ ԳՅՈՒՄՐԻԻՑ
Երեք տասնյակ քաղաքական եւ քաղաքացիական ուժերի միավորող «Ոչ»-ի ճակատը հաջորդ ուրբաթ հանրահավաք է անցկացնելու Գյումրիում: «Սերժ Սարգսյանը պարտվել էր Գյումրիում: Վերջին շրջանում էլ գյումրեցիները ակտիվ են Երեւանի ցույցերում: Նրանք, իհարկե, արժանի են, որ որեւէ մի շարժում Հայաստանում սկսվի Գյումրիից», – «Ազատությանն» ասել է «Չեք անցկացնի» շարժման անդամ Արշակ Մուսախանյանը: