«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱ ՈՒ ԿՄՆԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե իշխանություններն արդեն որոշել են սահմանադրական հանրաքվեի օրը: Սահակյանը պնդում է, որ նոր Սահմանադրության նախագծի հետ կապված դեռեւս գործընթացներ կան, որոնք փուլ առ փուլ պետք է կատարվեն: Եվ քանի որ Սահմանադրության փոփոխությունը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, հենց ինքն էլ որոշելու է, թե երբ է կայանալու հանրաքվեն:

-Պարո՛ն Սահակյան, Սահմանադրության նոր նախագծի քննարկումից ու քվեարկությունից հետո ակնկալվում է, որ կսկսվի հանրաքվեի անցկացման ժամկետի քննարկումը: Ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ իշխանությունները նպատակ ունեն հանրաքվեն անցկացնել դեկտեմբերի 6-ին: Արդյո՞ք իշխանություններին կհաջողվի մինչեւ տարեվերջ հասցնել այդ ամենը:
-Նախ ուզում եմ նշել, որ այդ թվերը, թե 5-ին, 6-ին, տարվա վերջ է լինելու հանրաքվեն եւ այլն, ինձ համար առնվազն անհասկանալի են, որպես իրավաբան՝ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես են որոշում այդ օրերը, ինչպես են կարողանում նման տեղեկություններ տարածել, երբ որեւէ բան առայժմ հայտնի չէ: Եթե նայում ենք գործընթացի իրավական կողմին, ապա դեռեւս պետք է խորհրդարանը դրական որոշում տա նախագծին, հետո պետք է արդեն այն ուղղարկվի նախագահին, իսկ նախագահն էլ, որպես նախաձեռնության հեղինակ, ինքն է որոշում, թե ինչպես պետք է վարվի: Եթե մտածում եք, որ ժամանակի առումով մենք կարող ենք ասել, թե ինչպես է լինելու, դա առնվազն անիրատեսական է: Նախագահն է որոշումները կայացնում, հիմա եթե որեւէ մեկը ինչ-որ հստակ օր է ասում, ինչ-որ կանխագուշակություններ է ներկայացնում, դա առնվազն անլուրջ է: Այսօրվա դրությամբ որեւէ մեկը չի կարող խոսել մի բանի մասին, որը դեռեւս գործընթացի մեջ է, դեռեւս քննարկվում է ու չի ավարտվել:
-Ըստ ընդդիմադիրների՝ արդեն իշխանությունների սցենարի մեծ մասն իրագործվել է, բարդ փուլն անցել է, ու այն պահանջը, որ Սահմանադրության փոփոխության համար պետք է լինի քաղաքական կոնսոլիդացիա, կարծես թե եւս կատարվել է: Չե՞ք կարծում, որ մնացածն արդեն իշխանությունների համար առավել հեշտ է իրագործել:
-Չենք կարող նման բնորոշումներ տալ, չենք կարող ասել, որ բարդ փուլն անցել ենք, բայց մենք տեսնում ենք, որ ժամանակի ընթացքում ամեն ինչն իր տեղն ընկավ: Այն հայտարարությունները, թե Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ կոնսոլիդացիան քաղաքական ուժերի միջեւ չի կայանալու եւ այլն, իրականության հետ որեւէ կապ չունեն: Քննարկումները ծավալվել են, առաջարկությունները ներկայացվել են, հանդիպումները կայացել են, ու բոլորն էլ հասկացել են, որ դա այն հարցն է, որը պետք է բոլորն էլ քննարկեն, եւ իրենց դիրքորոշումը ներկայացնեն: Այսօր խորհրդարանում չկա մի խմբակցություն, որը չի մասնակցել այդ քննարկումներին: Իսկ եթե այդ քննարկումները ծավալվել են, քաղաքական դաշտում արդեն այդ հարցի հետ կապված կա ընդհանուր եզրակացություն, տեսակետ, արդեն դա նշանակում է, որ բարեփոխումների անհրաժեշտությունը կա:
-Ընդդիմադիր պատգամավորները վերջին երկու օրերին նշում էին, թե արդեն իսկ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը նպատակ չունի հեռանալ քաղաքականությունից, ու նրա այն հայտարարությունները, թե ինքը չի զբաղեցնելու ԱԺ նախագահի, վարչապետի կամ երկրի նախագահի պաշտոնները, իրական չեն: Ուստի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ մինչեւ հանրաքվեի ավարտը պետք է «ազատվել» Սերժ Սարգսյանից` թույլ չտալով իշխանություններին վերարտադրվել: Իսկապե՞ս Սերժ Սարգսյանը չի պատրաստվում քաղաքականությունից հեռանալ:
-Ես կարծում եմ, որ սա արհեստական օրակարգ է մտցված, ու ես չեմ հասկանում, թե ընդդիմությունն ինչու է որոշել կրկնել մի բան, որից անգամ իրենք գլուխ չեն հանում: Ես իմ ելույթում նշել եմ, որ Սերժ Սարգսյանը Արցախի անկախության ակունքներում կանգնած, մեր երկրի, մեր պետության, պետականաշինության ակունքներում կանգնած, մեծ դերակատարում ունեցող մարդ է, նա մեր կուսակցության նախագահն է, Սերժ Սարգսյանը քաղաքականության մեջ կա ու կմնա, այլ խնդիր է, որ մարդիկ փորձում են դրանում ինչ-որ բան տեսնել: Այո՛, նախագահը նման հայտարարություն արել է ու նշել է նաեւ, որ իր նպատակը բարեփոխումներ իրականացնելն է: Մենք տեսանք, որ իրականում ստեղծվել է մի նախագիծ, որը, այսպես ասած, բավարարում է քաղաքական ուժերին, որոնք արդեն իրենց դիրքորոշումը ներկայացրել են: Հիմա ինչ-որ բաներ փնտրել, ինչ-որ հայտարարություններ անել մի բանի մասին, որտեղ իրական որեւէ բան չկա, անիմաստ է: Այսօր մենք արդեն ռեալ տեսնում ենք այն աշխատանքի արդյունքները, որոնք ամիսներ շարունակ կատարվել են: Պետք է սպասել առաջիկա գործընթացներին:

 

 

 

 
ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՀՅԴ-Ի «ԴՌՆԵՐԸ» ԲԱ՞Ց ԵՆ

Նախօրեին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության՝ արդեն նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր, որ լքում է «ժառանգություն» կուսակցությունն ու այլեւս չի ցանկանում ղեկավարել խմբակցությունը: Երեկ խորհրդարանում Հակոբյանի նախկին կուսակիցները հայտարարում էին, թե իրենք չեն կարող մեկնաբանել Հակոբյանի «արարքը»: Իսկ, ահա, Հակոբյանի «նախա-նախկին» կուսակիցները` ՀՅԴ խմբակցության պատգամավորները, ակտիվորեն պատասխանում էին Հակոբյանի վերաբերյալ հարցերին` նշելով, որ վատ բան չեն տեսնում նրանում, որ Ռ. Հակոբյանը կրկին որոշի վերադառնալ ՀՅԴ-ի շարքերը:

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Ռուբեն Հակոբյանի եւ «Ժառանգություն» կուսակցության անդամների միջեւ հարաբերություններն արդեն վաղուց են լարված: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ խորհրդարանում Հակոբյանը զբաղեցրեց խմբակցության ղեկավարի պաշտոնը՝ Զարուհի Փոստանջյանին «հանելով» նաեւ իր աշխատասենյակից: Արդեն տեւական ժամանակ է, ինչ Ռ. Հակոբյանի հետ, որպես խմբակցության ղեկավարի, որեւէ հարց չէր քննարկվում, կուսակցությունում Հակոբյանը տարբերվող տեսակետ էր ներկայացնում, ինչի համար էլ «ժառանգականներն» ավելի էին լարվել Հակոբյանի դեմ:
Այս լարվածությունն էլ ավելի սրվեց այն բանից հետո, երբ Ռ. Հակոբյանը հայտարարեց, որ ինքը դեմ չէ նոր Սահմանադրության նախագծին: Ավելին՝ նա միակն էր կուսակցությունում, որը հորդորում էր անպայման նախագահական նստավայր գնալ ու հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Ու արդեն խորհրդարանում նոր Սահմանադրության քննարկման ժամանակ Հակոբյանն ակնհայտ ցույց էր տալիս, որ ինքը «իշխանությունների «հետ» է, ավելին՝ երբ նշվում էր, թե «ժառանգություն»-ը «ոչ»-ի ճակատում է՝ Հակոբյանը հորդորում էր հետեւել խմբակցության անդամների հայտարարություններին:
Արդյունքում` Ռ. Հակոբյանը որոշեց ժամանակից շուտ լքել «կռվի դաշտը», քանի որ այլեւս անհնար էր դառնում այդ երկատված վիճակը: Երեկ «Ժառանգություն» կուսակցությունում վարչության նիստ է տեղի ունեցել, որին, սակայն, չի մասնակցել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդուհանդերձ` նիստում որոշվել է, որ խմբակցությունը կրկին ղեկավարելու է Զարուհի Փոստանջյանը:
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց զրուցել նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք Ռ. Հակոբյանին ՀՅԴ-ում «ապաստան» են տալու, եթե նա նման խնդրանքով դիմի: «Եթե պարոն Հակոբյանը կամ որեւէ անձ ցանկանա կրկին վերադառնալ ՀՅԴ, ապա մենք այդ հարցը կքննարկենք ու կտեղեկացնենք: Մենք Ռուբեն Հակոբյանին դավաճան չենք համարում, ու նա արտաքսված չէ կուսակցությունից: Կլինի դիմում, կքննարկենք ու կեզրակացնենք, այսօր որեւէ նման հարց չկա, Ռ. Հակոբյանն այդ հարցի հետ կապված որեւէ ցանկություն չի հայտնել»,- նշեց Վարդանյանը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԴԵՂԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 80-ամյա բնակիչ Ստեփան Մալխասյանը երեկ ահազանգեց «Ժողովուրդ»-ին եւ բողոքեց դեղերի թանկացումներից: Ըստ թոշակառուի՝ ինքն օգտագործում է «Ադելֆան» տեսակի դեղամիջոցը, որը մի քանի օրում թանկացել է 270-280 դրամով: «Ես թոշակառու եմ եւ օգտագործում եմ ճնշման, սրտի, շաքարային դիաբետի դեղեր: Միշտ արյան բարձր ճնշման դեպքում օգտագործում եմ «Ադելֆան» կոչվող հնդկական արտադրության դեղամիջոցը: Սա ամենաէժան դեղն էր. հունվար ամսին այն արժեր 100 դրամ, հետո դարձավ՝ 110, ապա՝ 190-200 դրամ: Իսկ, ահա, երեկ գնացի մեր տան մոտակա դեղատուն, որպեսզի գնեմ այդ դեղը, եւ ինչ՝ այն արժի 480 դրամ: Իսկ որոշ դեղատներում տվյալ դեղը վաճառվում է 500 դրամով»,- զայրացած պատմեց Մալխասյանը: Նշենք, որ մեր հանրապետությունում դեղերի շրջանառությունը կարգավորվում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքով: Մինչ այժմ առողջապահության նախարարության կողմից դեղերի գների վերահսկողություն չի իրականացվում: Դեղերի շուկան գտնվում է ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի վերահսկողության տիրույթում:

 

ԸՆԴԴԵՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր՝ Արթուր Ավագյանի կողմից վրաերթի ենթարկված Էդգար Սնխչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է սկանդալային փաստեր ներկայացնել դատարանում, որոնց մասին առայժմ չի ցանկանում բարձրաձայնել: Հիշեցնենք` Էդգար Սնխչյանը հայտարարել է, որ վթարից առաջ պատգամավորը եւ նրա եղբայրը խոստացել էին հոգալ իր բուժման ծախսերը, սակայն հետագայում հրաժարվել են: Մինչդեռ տուժած երիտասարդի հարազատներից մի քանիսը երեկ լրագրողների հետ զրույցում ասել են, թե իրենց համար տարօրինակ է, թե ինչու է Էդգար Սնխչյանը բողոքում: Էդգարն այս առնչությամբ ասաց. «Միայն մի բան կասեմ՝ իմ հարազատներին ձեռնտու չի, որ ես առողջ լինեմ: Ինչ ամոթ, ինչպես բնորոշեմ նրանց հայտարարությունները: Իմ ուզածը մենակ առողջականս վերականգնելն է, այլ բան չեմ ուզում»: Նշենք, որ Կարեն Ավագյանն էլ շուտով իր հակափաստարկները կներկայացնի. իրականում Էդգարին մենակ չեն թողել:

 

ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի մաքսային մասնագետ Սերգեյ Խաչատրյանը դիմել է մաքսային մարմին եւ հայտնել, որ ներքին սպառման համար ներկրված ապրանքները հայտարարագրելիս սխալ է թույլ տվել: Արդյունքում՝ ՀՀ մաքսային ծառայությունում նշված դեպքի առթիվ քննություն է նշանակվել եւ որոշվել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ին տուգանել 50 հազար դրամի չափով: Հիշեցնենք, որ նշված ընկերությունը հանրահայտ «Պեպսի-կոլա» ընկերության հայաստանյան ներկայացուցիչն է եւ պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին: Ընկերությունը կապվում է նաեւ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի անվան հետ:




Լրահոս