ԿՈՒՅՐԵՐԸ ԽՈՑԵԼԻ ՀԱՏՎԱ՞Ծ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել 32-ամյա Վահե Ներսիսյանը, որը մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի առաջին կարգի հաշմանդամություն (կույր է), չի աշխատում, բնակվում է վարձով իր թոշակառու ծնողների հետ: Վահեն օգնություն խնդրելու նպատակով նամակով դիմել է Սերժ Սարգսյանին: Նաեւ դիմել է զբաղվածության պետական ծառայություն: Սակայն նրա նամակներին պատասխանել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարի Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ԱԻՆ համակարգում աշխատանքի պիտի անցնեին ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք:
«Լսելով նախագահի հանձնարարության մասին` դիմեցի ակնկալիքով, որ ինձ կօգնեն: Սակայն  ԱԻՆ-ից  պատասխանել են, թե hարգելի՛ Վահե, մենք այս պահին առաջնային կարեւորությունը տալիս ենք ավելի խոցելի զանգվածին: Բայց ես ինքս էլ նշել եմ, որ առաջին կարգի հաշմանդամ եմ, ծնողներս թոշակառու են, բնակվում ենք վարձով: Սրանից ավելի խոցելի զանգվա՞ծ կա… Չգիտեմ: Երկար տարիներ հաշվապահ եմ աշխատել, ունեմ բարձրագույն կրթություն, իսկ հիմա կուրության պատճառով աշխատանք չունեմ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նշեց Վահեն:
Այս հարցով պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանին, որը տեղեկացրեց, որ աղետների ժամանակ ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք ամենախոցելին են. «Հայտարարությունում նշված է եղել, որ շարժման հետ կապված սայլակավոր մարդկանց ենք ընդունում, որոնք պետք է աշխատեն որպես օպերատիվ հերթապահներ, պետք է պատասխանեն մարդկանց հարցերին, խոսեն եւ աշխատեն միայն համակարգչով: Դեռ ընդունել ենք 14 հոգու եւ պետք է ընդունենք միայն սայլակավոր մարդկանց, այսինքն` կույր, անձեռք, նույնիսկ նա, ով ձեռնափայտի օգնությամբ է քայլում, նման մարդկանց մենք չենք ընդունում: Միայն սայլակավոր մարդկանց, որոնք ամենախոցելին են եւ շարժման հետ խնդիր ունեն»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս