Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս իր ահաբեկչական բնույթը և այն, որ դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հակառակորդի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների գնդակոծությանը: Նշենք, որ գնդակոծության հետևանքով կա 3 զոհ և վիրավորներ:
«Խաղաղ բնակիչների վրա կրակելն առհասարակ բոլոր ժամանակներում անթույլատրելի է եղել: Կրակել խաղաղ բնակիչների վրա չի թույլատրվում նույնիսկ պատերազմի ժամանակ: Դա այլ բան չէ, քան ահաբեկչության բաղադրիչ»,- հավելեց Շարմազանովը:
Նա նաև նշեց, որ միջազգային հանրությունը պետք է տեսնի այս ամենը և հստակ գնահատի և դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները: Նրա խոսքով՝ Ադրբեջանը Նյու Յորքում արտաքին գործերի նախարարի հանդիպումից առաջ կրկին լարված իրավիճակ է ստեղծում սահմանին՝ փորձելով խափանել բանակցային գործընթացը:
«Ադրբեջանը կրկին ցույց է տալիս, որ դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին: Դեմ է այն առաջարկներին, որ անում են Մինսկի խմբի համանախագահները»,- եզրափակեց Շարմազանովը: