Ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների. ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր: Գնդակոծվել են սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետևանքով ՀՀ Տավուշի մարզում կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում:

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը մշտապես դիմում է սադրիչ գործողությունների ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների և հանդիպումների նախաշեմին ու միտումնավոր լարվածություն է ստեղծում սահմանագոտում: Այս ամենը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության ռազմաքաղաքական ղեկավարությունն արհամարհում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված նախաձեռնություններն ու պարբերաբար արհեստականորեն ապակայունացնում են իրավիճակը շփման գծում:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նենգ մարտավարության արդյունքն է ու սկզբունքորեն հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների տրամաբանությանը և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության հետ սահմաներձ ադրբեջանական ազգաբնակչությանը կոչ ենք անում այսուհետ խուսափել սեփական զինված ուժերի համար վահան հանդիսանալուց: Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:




Լրահոս