Ես միշտ Գյումրիում սիրո, հպարտության և արժանապատվության զգացումով եմ ելույթ ունենում: «Ոչ»-ի շարժման հանրահավաքի ժամանակ այսպես սկսեց իր խոսքը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա իր խոսքը որոշեց սկսել հումորով և անեկդոտ պատմեց. «Սերժ Սարգսյանը որոշում է բարեփոխել Հայաստանը, դարձնել դեմոկրատ, բոլորին վերադարձնել Հայաստան…. չե՞ք հավատում: Էէէ, բա որ դուք չեք հավատում, Մարգոն (նկատի ունի ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանին. խմբ) , Հայկ Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը ո՞նց են հավատում, չեք հարցրե՞լ, հավատացողներ կան և Սերժի հույսը սրանք են: Խորհրդարան է, որտեղ եթե քծնանքի «Օսկար» լինի, բոլոր մրցանակները մեր խորհրդարանականները կտանեն, 15 հատ դեպուտատ կան, որ կտանեն մրցանակները», – նշեց նա:
Նրա խոսքով` այդպիսի մարդիկ նաև Գյումրիում կան: Մանուկյանն իր խոսքում ասաց, որ այսօր ցանկացել է հանդիպել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասայանին: «Բալասանյանը վախեցավ, ուզում էի հանդիպել, թուքումուր տալ, հրահանգել է ոստիկաններին և նրանք հոսանքը պոկեցին, թույլատրածի մասին է խոսքը, ամոթ է, պարոն ոստիկանապետ, պարոն Բալասանյան, հո սա այսպես չի մնալու», – հավելեց նա:
Հիշեցնենք, որ այս պահին Գյումրիում շարունակվում է «Ոչ»-ի պայքարին միացած ուժերի միացյալ հանրահավաքը, ովքեր պայքարում են սահմանադրական բարեփոխումների դեմ: