
Բոլոր Լևոնները լավ մարդիկ են: Այսօր Գյումրիում «Ոչ»-ի շարժման հանրահավաքի ժամանակ այսպես սկսեց իր խոսքը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Բարսեղյան Լևոնի ելույթից հետո ես առավել ևս համոզվեցի դրա մեջ: Իսկ հիմա ցանկանում եմ պատասխանել մի հարցի` ինչ է այսօր կատարվում Հայաստանում: Այսօր Հայաստանում ոչ մի անսովոր կամ տարօրինակ բան չի կատարվում: Ընդամենը Հայաստանի այսօրվա բռնապետը որոշել է երկարացնել իր իշխանությունը: Իհարկե, ինքը չարիք է դարձել այս երկրի համար», – նշեց Զուրաբյանը:
Նրա խոսքով` Ս. Սարգսյանը դառնալով չարիք, որոշել է, որ սահմանադրությամբ իրեն տրված ժամկետը քիչ է և որոշել է չգնալ ու իշխել Հայաստանի վրա: Զուրաբյանը նշեց, որ իրենք պատրաստ են անել այն ամենը, ինչ թույլ կտա քաղաքական իրավիճակը:
«Բոլորս հարստացնելու ենք այս շարժման ընթացքը: Սա է պայքարի ամենաարդյունավետ ձևը: Սա նշանակում է վերածել Սերժ Սարգսյանի իշխանությանն անվստահություն հայտնելու հանրաքվեի», – հավելեց նա:
Հիշեցնենք, որ Գյումրիում շարունակվում է սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող ուժերի հանրահավաքը: