ԱՅԴ Ո՞ՒՄ ՁԵՌՔՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հետ իր հայտնի հանդիպման հաջորդ օրը, ինչպես հիշում ենք, հանրահավաքի մասնակիցներին ներկայացնելով իրենց առանձնազրույցի մանրամասները` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե ինքը գործող նախագահին առաջարկել  է երեք տարբերակ, որոնց նա արձագանքել է անփոփոխ «ոչ»-երով: «Ժառանգության» առաջնորդն իր կողմնակիցներին այլ մանրամասներ չներկայացրեց եւ միայն  դրանից երկու օր անց կայացած մամլո ասուլիսում հիշեց, որ Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է գլխավորել ընդդիմադիր դաշտը: Հովհաննիսյանի այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ դա արվեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի հրապարակային զգուշացումից հետո, թե եթե Ր. Հովհաննիսյանը շարունակի ներկայացնել իրականության ոչ ամբողջական պատկերը, իրենք էլ կարող են հրապարակել Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան առանձնազրույցի  մասին իրենց ձեռքի տակ եղած տվյալները: Եվ ահա դրանից հետո Հովհաննիսյանը շտապեց  խոսել ինչ-որ ձայնագրությունների մասին, թեպետ ՀՀԿ-ից ոչ ոք նման բան չէր ասել: Իհարկե, որեւէ մեկը միամիտ չէ, որ մտածի, թե նման ձայնագրություն չկա, բայց Ր. Հովհաննիսյանը եւս միամիտ չէ եւ շատ լավ հասկանում է, որ իշխանությունները որեւէ պարագայում չեն կարող հրապարակել այդ ձայնագրությունը, քանի որ դա, մեղմ ասած, անպատվաբեր կլինի Սերժ Սարգսյանի համար, իսկ ՀՀԿ-ականների բանավոր հավաստիացումներին էլ ոչ ոք չի հավատա: Հետեւաբար Րաֆֆին առանց վարանելու կարող էր ձեռքը սեղանին  խփել եւ պահանջել ձայնագրությունը «վ ստուդիու»: Եվ եթե Հովհաննիսյանի այդ վրդովմունքը շատերի կողմից դիտվեց որպես անկեղծ պոռթկում, ապա  առավել իրազեկ շրջանակների համար ակնհայտ դարձավ, որ  Ր. Հովհաննիսյանն իր կողմնակիցների հետ մինչեւ վերջ անկեղծ չի եղել, եւ չի բացառվում, որ ՀՀԿ-ականների հաջորդ զգուշացումից հետո այդ հանդիպման հետ կապված նորանոր մանրամասներ մտաբերի: Առավել եւս, որ բարեւափոխիչն  այդպես էլ չկարողացավ սպառիչ պատասխան տալ այն հարցին, թե Ս. Սարգսյանին համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկ անելն արդյո՞ք  չի նշանակում, որ նա պատրաստ է ընդունել Ս. Սարգսյանի  հաղթանակը` իրեն ձեռնտու պայմաններով:
Այս օրերին արդեն իսկ ՀԱԿ-ԲՀԿ-ամերձ քաղաքական տեխնոլոգները սկսել են աջուձախ դժգոհել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը ուղղորդվում է ինչ-որ աներեւույթ ձեռքի կողմից` ըստ երեւույթին  զգալով այս կոմբինացիայում  բարեւի առաջնորդին վերապահված դերակատարությունը: Եվ այն փաստը, որ դեռեւս մեկ ամիս առաջ ծրագրավորված ՀԱԿ մարտիմեկյան հանրահավաքը ի վերջո որոշվեց չեղյալ հայտարարել եւ միանալ Մյասնիկյանի արձանի մոտ «Ժառանգության» հրավիրած հանրահավաքին, խոսում է այն մասին, որ մինչ այդ Րաֆֆիին լուրջ չընդունող ընդդիմադիր դաշտը (այլընտրանքայինն էլ` իր հերթին) արդեն հստակ գիտակցում է, որ  Րաֆֆիի` թիվ մեկ ընդդիմադիրը դառնալու հաղթարշավն իրենք կարող են կասեցնել միայն մի դեպքում` միանալով  նրա շարժմանը:




Լրահոս