ՀՀԿ գործարարները մոլորված են` փող ծախսե՞ն հանրաքվեի վրա, թե՞ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ անցկացրել է իր գործադիր մարմնի հերթական նիստը, եւ ինչպես նախորդ երկու շաբաթների, բնականաբար, այս անգամ եւս իշխանական կուսակցության ղեկավար կազմի հիմնական քննարկման թեման եղել են սահմանադրական հանրաքվեի կազմակերպման հետ կապված խնդիրները: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, հիմնական հարցը, որը հուզում է իշխանական կուսակցության հատկապես օլիգարխ-գործարար պատգամավորներին, դեռեւս մնում է անպատասխան:

Ներիշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը բոլոր ՀՀԿ-ականներին եւ ոչ միայն նրանց, այլ նաեւ ԲՀԿ-ի եւ մնացած ներկա եւ նախկին իշխանական պատգամավորներին խոստանում է, որ հաջորդ խորհրդարանում նրանք անպայման լինելու են: Սակայն հատկապես նրանք, ովքեր Սերժ Սարգսյանին վաղուց են ճանաչում, շատ լավ հասկանում են, որ երբ նա բոլորին նույն բանն է խոստանում, ապա առնվազն նրանց մի մասին հաստատ «քցելու» է: Տարիներ շարունակ իշխանության միջանցքներում դեգերող եւ իշխանական կերակրամանից իրենց մասնաբաժինը ստացող ԱԺ-ի կոճակ սեղմող գործարարները լավ գիտակցում են, որ եթե սովորաբար տարբեր կուսակցություններով խորհրդարան մտածներին եւս Սերժ Սարգսյանը խոստացել է մանդատով ապահովել, ապա դա կարող է տեղի ունենալ հենց իրենց մանդատների հաշվին: Այլ կերպ ասած՝ բոլորը գիտեն, որ իրենց մի մասն է միայն «ընտրյալների» շարքում տեղ զբաղեցնելու: Բայց ինչպես, ինչ սկզբունքներով են որոշվելու, թե ովքեր են «ընտրյալները»: Հենց այս հարցն են երկար ժամանակ փորձում իրենց համար պարզել գործարար պատգամավորները:

Իհարկե, այդ խնդիրը այժմ նրանց չէր հուզի, եթե առջեւում սահմանադրական հանրաքվեն չլիներ: Նրանք բոլորը շատ լավ հասկանում են, թե իրենցից ինչ է ակնկալում Սերժ Սարգսյանը՝ փող եւ էլի փող, շատ փող՝ սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ ծախսերի, ՀՀԿ-ական քարոզիչների գործունեությունը ֆինանսավորելու համար: Բայց գործարար պատգամավորները չեն կարող հենց այնպես գումարներ ծախսել, նրանք պետք է վստահ լինեն, որ ապագա խորհրդարանում իրենք անպայման լինելու են: Հակառակ դեպքում սահմանադրական հանրաքվեի համար գումար հատկացնելը նրանց համար կարող է դառնալ չարդարացված «ներդրում»:
Սերժ Սարգսյանն էլ իր հերթին գիտակցելով, որ եթե ժամանակից շուտ իր խաղաքարտերը բացի, ապա «քցված» գործարար-պատգամավորները կարող են իր դեմ գործել: Ի վերջո, գործարար-պատգամավորների համար միեւնույն է՝ կառավարման համակարգը նախագահական է, թե խորհրդարանական: Նրանց համար կարեւորն այն է, որ իրենք վայելեն իշխանական բուրգի գլխին կանգնածի բարեհաճությունը: Կլինի Սերժ Սարգսյանը թե Ռոբերտ Քոչարյանը, նրանց համար առանձնապես էական չէ: Բայց եթե համոզված լինեն, որ Սերժ Սարգսյանն իրենց «քցելու» է, եւ իրենք ապագա խորհրդարանում չեն լինելու, ապա շատ արագ կգցվեն Ռոբերտ Քոչարյանի գիրկը: Վերջինս դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ դրանք փակում են իշխանության վերադարձի նրա ճանապարհները, որոնք ուղղված են դեպի նախագահական աթոռը: Այլեւս ակնհայտ է, որ խորհրդարանական կառավարման դեպքում Ռոբերտ Քոչարյանը փաստացի կհայտնվի խաղից դուրս վիճակում:

Մյուս կողմից էլ Սերժ Սարգսյանը եւս, շատ լավ ճանաչելով իր «հաճախորդներին», գիտի, որ գործարար-պատգամավորներն անորոշության պայմաններում չեն համարձակվի իր դեմ գործել՝ հույս ունենալով, որ մի գուցե «շեֆի» ընտրությունը հենց իրենց վրա կանգ առնի: Ու ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանը թերեւս պետք է փորձի գործարար-պատգամավորներին համոզել, որ նրանց բոլորի վաղվա ճակատագիրը կախված է նրանից, թե իրենց ինչպես կդրսեւորեն սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Ուստի առավել հավանական է, որ գործարար-պատգամավորները մի որոշ ժամանակ կնեղվեն, կնվնվան, բայց վերջում կանեն այն, ինչ իրենց կասի Սերժ Սարգսյանը, քանի որ իրենք են ընտրել այլընտրանք չունեցող այդ ճանապարհը: Ավելին` կծախսեն իրենց գումարները` հանրաքվեն անցկացնելու համար:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս