ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ առավոտյան՝ ժամը 07:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի թիվ 6 դպրոցի բակում տեղադրված պտտաձողից (տուռնիկ) երիտասարդ տղա է կախվել: Վերջինս Սարալանջի փողոցի թիվ 1 շենքի բնակիչ 25-ամյա Հայկն է: Նրա հարազատներն ու հարեւանները, սակայն, վստահ չեն, որ կատարվածը ինքնասպանություն է: «Կարող է՝ նա ինքնասպան չի եղել, եւ ուրիշներն են արել»,-կարծում են նրանք:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց Աբովյան քաղաքի Սարալանջի թիվ մեկ շենք: Մեր՝ դեպքի վայրում լինելու պահին Հայկի հարազատները եւ հարեւանները վերջին հրաժեշտն էին տալիս նրան:
Տեղեկացանք, որ Հայկն ընտանիքի միակ զավակն էր եւ սովորում էր Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի 4-րդ կուրսում: Վերջինիս մայրը` Անահիտը, աշխատում է Աբովյանի սպորտդպրոցում որպես հսկիչ:
Զրուցեցինք Հայկի քավորակնոջ՝ 54-ամյա Մարիետա Պողոսյանի հետ, որը վրդովված ասաց. «Տան միակ տղան էր, ո՛չ քույր ուներ, ո՛չ եղբայր: Մայրը դժվարությամբ պահել մեծացրել էր, որ լրատվամիջոցները այս կերպ վարկաբեկե՞ն նրան, ինչպե՞ս կարելի է երիտասարդի անվան հետ այսպես վարվել»:
Ըստ Հայկի քավորակնոջ` գիշերը՝ ուշ ժամին, Հայկին զանգահարել են, եւ նա զգուշացրել է մորը, որը դուրս է գալիս բակ. «Ասել է, թե մա՛մ, ճաշը տաքացրո՛ւ, հիմա գալիս եմ: Գնացել եւ շատ է ուշացել, ու  մայրը անհանգստացած սկսել է ման գալ տղային, եւ այդպես ողջ գիշեր ման են եկել»:
Հարազատների եւ հարեւանների պնդմամբ` Հայկը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել: «Մենք չգիտենք, թե ինչը կարող էր ստիպել, որ նա գնա այդ քայլին, բայց մեզ համար շատ բաներ անհասկանալի են, կարող է եւ նրան սպանել են»,-նշեցին հարեւանուհիներից Անուշը եւ Մարիետան:  
Նրանց կարծիքով` այն շարֆը, որով Հայկը ինքնասպան է եղել, նրան չի պատկանել, ու իրենք չգիտեն, թե դա ում շարֆն է: «Նախ՝ դա նրա շարֆը չէ, երկրորդը՝ նրան գտել են շարֆը փաթաթած վիճակում իր վրա եւ նստած: Հայկը շատ բարձրահասակ տղա է, եւ այն տուռնիկը, որից նա իբր կախվել է, շատ ցածր է, ու ամենազարմանալին այն է, որ ոչ թե մեջտեղից է կախվել, այլ տուռնիկի անկյունից: Բացի այդ, տարածքում ավելի բարձր պտտաձողեր կան»,-զարմացած պատմեցին հարազատները:
Տեղեկացանք նաեւ, որ Հայկը ծառայել է հայոց բանակում: Նրա հայրը արտերկրում է, եւ երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք նա եկել է տղայի հուղարկավորությանը, հարազատները եւ հարեւանները խուսափեցին պատասխանել. «Չգիտենք՝ եկել  է, թե ոչ»:
Տիկին Մարիետան նշեց, որ Հայկի մայրն այս պահին այն վիճակում չէ, որ պատասխանատվության ենթարկի իր տղայի անունը արատավորողներին: «Մի օր այդ թղթակցի հարցերը մի տեղ լուծելու են, նա քանի՞ գլխանի է, որ այդպիսի բաներ է գրում»,-վրդովված զգուշացրեց տիկինը:
Նշենք, որ shamshyan.com-ի ֆոտոլրագրողի հետ զրույցում բակում հավաքվածները պատմել են, թե տղայի ինքնասպանության պատճառն այն է եղել, որ Հայկը սիրահարված է եղել մեկ այլ տղայի՝ 20-ամյա Ս. Ս.-ին, ում «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով նամակներ է ուղարկել եւ ցանկություն հայտնել հանդիպել: Սակայն ստացել է մերժումներ:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ քննչական մարմինը հայտնաբերել է նաեւ ինքնասպան եղածի համակարգիչը եւ պարզել, որ ինքնասպանություն գործելուց առաջ էլ նա նամակ է գրել, որ դիմելու է այդ ծայրահեղ քայլին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քննություն է ընթանում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս