ՍԵՐԺ ԹԱՆԳՅԱՆԸ՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի երաժիշտ Սերժ Թանգյանը յուրօրինակ շնորհավորական նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին, ինչին վերջինս բավականին օպերատիվ կերպով է արձագանքել:

«Հարգելի պարոն նախագահ,
Շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե՝ ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա, անկախ ԵԱՀԿ զեկույցից, գիտականորեն անհնար է թվում, նույնիսկ՝ Ձեզ համար, պարոն նախագահ, իմանալ, թե արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը, թե՞ ոչ:
Բավական ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞, որ Դուք՝ Հայաստանի նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՛ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեն այդ ընտրությունը:
Այլապես ես կտիրեի Հայաստանին եւ կկոչեի ինձ Հայաստանի գեներալ-նահանգապետ կամ բռնապետ դե յուրե կամ որեւէ այլ ինքնակոչ ածականներ՝ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի: Միգուցե Ձեր կուսակցությունը հսկողությունից դո՞ւրս է եկել, եւ օլիգարխների խավիարը վերջացել է, ու նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանա՞ն: Ինչեւէ, ժամանակն է փոփոխության: Ազնվորե՞ն եք հաղթել, թե՞ ոչ, ինչ-որ կերպով Դուք այժմ նորից նախագահ եք:
Ի՞նչ է դա նշանակում Ձեզ համար: Այո, Արցախը կարեւոր է բոլորիս համար, եւ պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ, թե ինչպե՞ս եք պատրաստվում հայերի շահերը պաշտպանել Հայաստանում եւ աշխարհում: Ինչպե՞ս եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական եւ քաղաքական ճգնաժամից: Օբաման գոնե հույս է խոստանում՝ չնայած հիասթափեցրել է բոլորիս:
Տարիներ առաջ ես արշավանք սկսեցի՝ խնդրելով նախագահ Օբամային հետամուտ լինել իր խոստմանը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դուք երդվել եք պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին եւ ներքին թշնամուց:
Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, համարվում են ներքին թշնամիներ եւ պետք է պատժվեն: Ձեր պարտքը պետք է լինի այն ի կատար ածել, եթե նույնիսկ ոմանց համար այն կեղծավորություն թվա: Դուք նաեւ պետք է նկատի ունենաք  խորհրդարանի լուծարումը եւ լինեք այն առաջին հայ ռեֆորմիստ նախագահը, որը անում է ամեն ինչ, համոզվելու, որ ապագա ընտրություններն արդար եւ ներկայացուցչական լինեն:
Սե՛րժ, նրանք, ովքեր ինձ գիտեն, գիտեն նաեւ, որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Բազմաթիվ սփյուռքահայերի նման՝ ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց ուղղակիորեն եւ հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է Ձեր իշխանության տակ կաշառակերության եւ անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է բոլորիս համար: Դուք պետք է սա իմանաք:
Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել, քան որեւէ այլ բանի: Ոչ ոք չի կարող լինել oրենքից բարձր:
Դուք կարող եք այն  իրագործել հիմա, անձնական oրինակով եւ նախագահական հրովարտակով: Միացե՛ք մեզ, Սե՛րժ: Ոգեւորե՛ք մեզ:
Խնդրում եմ՝ ընդունե՛ք այս կոչը:

Շնորհակալ եմ ժամանակ
տրամադրելու համար,
Խաղաղություն:
Սերժ Թանգյան»:

Սերժ Սարգսյանի պատասխանը.
«Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու դեռ չգիտի, թե ինչ հպարտ ազգի զավակ է ծնվել, դեռ չգիտի, որ փոքր, շատ խնդիրներով լի, բայց հաղթանակած ու առաջ նայող երկրի քաղաքացի է ծնվել: Նա դեռ շատ բան չգիտի: Սե՛րժ, ես ու դու, մենք բոլորս ենք նրան ու նրա սերնդակիցներին հաշիվ տալու՝ ինչ ենք արել, որ Սուրբ սարի ներքո նոր Հայրենիք փոխանցենք իրենց: Պատկերացնո՞ւմ ես այն հարցական արտահայտությամբ աչքերը, որոնց հաշվետվություն պիտի տանք: Ես ու դու, Սե՛րժ, մենք բոլորս: Այդ աչքերը դեռ փոքր են ու խաղացկոտ, բայց վաղը լուրջ ու քննող են լինելու:
Ի՞նչ պիտի ասեմ նրան, Սե՛րժ, որ ես իմ ժողովրդին ապահով Հայաստան խոստացա, կազմակերպեցի մեր երկրի 21-ամյա պատմության լավագույն ընտրությունները (անշուշտ խնդիրներով հանդերձ, որոնք, սակայն, որեւէ էական ազդեցություն չէին կարող ունենալ արդյունքների վրա) ու չկարողացա՞ համախմբել ողջ ժողովրդին ու ապագայի ճանապարհը ցույց տալ: Որ լուրջ վերաբերվեցի ու անգամ քննարկեցի պետության ու պետականության հետ աղերս չունեցող՝ օդից վերցրած «վերջնական ճշմարտություննե՞րը»: Դա ական է, Սե՛րժ, ական գալիք բազմաթիվ տասնամյակների համար, որ անխուսափելի կործանման կտանի: Մենք զարգացման ճանապարհի ականները մի կողմ նետելու պարտք ունենք: Անօրինական ճանապարհներով հնարավոր չէ օրինականության հաստատման օրակարգ ամրագրել: Այդ օրակարգի վերջն էլ շատ արագ կգա նույն անօրինական ճանապարհով: Փոքրիկ Սերժը քո արվեստի սիրահար կլինի կարծում եմ, ի՞նչ ենք նրան պատասխանելու, երբ մեզ հարցնի.
«Արդյո՞ք տեղահանված ականների փիլիսոփայությունը բոլոր տներն ու գյուղերը ռմբակոծելն էր»:
Սա պետություն է, Սե՛րժ: Սրա մասին մենք շատ երկար ենք երազել: Իմ ու քո, մեր բոլորի պետությունն է: Փոքրիկ Սերժինն ու Հովհաննիսյանների ընտանիքի հրաշալի զավակներինն է: Մեր բոլոր զավակներինն ու թոռներինն է: Մենք ունենք դրախտավայր-Հայրենիք ու պարտավոր ենք ամուր պետություն կառուցել: Միասի՛ն, Սե՛րժ: Այսօրվա ականները վաղը մեր զավակների գլխին փոթորիկ կբերեն, կդառնան Bellum omnium contra omnes կամ «բոլորի պատերազմը բոլորի դեմ»: Ու արդեն հասունացած փոքրիկը կհարցնի. Եվ «ո՞ւր ես առաջարկում գնալ, երբ ռումբերը թափվեն», Սե՛րժ:
Ի՞նչ ենք պատասխանելու նրան: Որ տարիներ առաջ ռոմանտի՞կ էինք կամ չէի՞նք հասկանում. սա՞ է մեր պատասխանը: Չի՛ հավատա մեզ, Սե՛րժ, կկարդա այս նամակը ու հաստատ կասի. «Դու առաջ նայելով տեսնում էիր այդ ամենը, ինչո՞ւ այնտեղ գնացիր»:
Դա չէ մեր ճանապարհը: Ճանապարհի հարցում ես ու դու համախոհներ ենք: Այո՛, ժամանակն է փոփոխության: Ու ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել: Կեղծիքն ու երեսպաշտությունը, զոռբայությունն ու թշնամանքը քանդելու ենք հատիկ առ հատիկ ու հետեւողականորեն, որ բացճակատ գոռանք՝ «ազատություն, մենք ազատ ենք»: Որ հպարտորեն կոչ անենք բոլորին՝ եկե՛ք «հետ, դեպի գետը Արազ …»: Որ փոքրիկ Սերժի ու իր սերնդակիցների աչքերին նայելու ու պատասխաններ տալու տեղ ունենանք, Սե՛րժ:
Դրա համար ես քո օգնության կարիքն ունեմ, բոլորի օգնության կարիքն ունեմ՝ Գլենդելից մինչեւ Ստեփանակերտ, Մելբուռնից մինչեւ Մոսկվա: Ես հավատում եմ մեր հավաքական հաղթանակին:
Ու վերջում անդրադառնամ քո հարցին: Դու հարցնում ես՝ ներքուստ համոզվա՞ծ եմ ես: Պատասխանում եմ՝ միշտ եմ համոզված եղել. ամեն ինչում, ինչ արել եմ՝ մարտ կառավարելուց մինչեւ ընտրությունների կազմակերպում: Հայաստանը պետք է զգալ, Սե՛րժ, այն անհնարին է զգալ միայն Երեւանի կենտրոնի թանկարժեք գրասենյակում նստած, անգամ շատ երկար: Հայաստանը կարելի է զգալ դարերի իր երթը շարունակելու համար կռիվ տվող փոքրիկ գյուղի քարքարոտ հողին կանգնած եւ տղաների շիրիմների ծաղկաթփերի կանաչից: Հայաստանը խոսել է արդեն, Սե՛րժ: Վստա՛հ եղիր:
Այսքանը:
Փոխանցիր խնդրում եմ հարգանքներիս հավաստիքը հայրիկին, ու թող գարնան արագիլի ձեր հպարտ ուղերձը կանգնեցնի մեզ սխալ ճանապարհ ընտրելիս: Խաղաղություն»:




Լրահոս