Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Նյու Յորք` ՄԱԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: Հետաքրքիրն այն է, որ այս գագաթնաժողովից առաջ ադրբեջանական կողմը շարունակ լարվածության մեջ է պահում հայկական սահմանները: Նշենք նաև, որ խոսվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին:
Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի հետ` պարզելու համար արդյոք Ադրբեջանի ագրեսիան կապ ունի Սերժ Սարգսյանի ՄԱԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու հետ:
Եղիազարյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից ցուցաբերած ակտիվությունն պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջիններս Ղարաբաղյան հարցին շուտափույթ լուծում են պահանջում: Իսկ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումից Եղիազարյանն արդյունք չի ակնկալում, քանի որ «իրենք իրենցն են ասելու, մենք` մերը»:
Ըստ Եղիազարյանի, այս հարցը այն ժամանակ մտավ փակուղի, երբ Հայաստանը դարձավ հակամարտության կողմ: «Հակամարտության կողմ պետք է լիներ Արցախը և Ադրբեջանը: Մենք մեր ձեռքով մեզ սարքեցինք հակամարտության կողմ` կրակը գցելով մեզ: Նախևառաջ այս խնդիրը պետք է լուծենք», -եզրափակեց քաղաքական գործիչը: