Ինչպես Armlur.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Արդարադատության նախարարը բարձր է գնահատել Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորությունը և նախանշված ուղղություններով համագործակցությունը շարունակելու ու խորացնելու պատրաստակամություն հայտնել:
Հանդիպման ընթացքում Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է ԵՄ կողմից բյուջետային աջակցության ծրագրի շարունակականությանը, դատաիրավական, ինստիտուցիոնալ ու օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաև պրոբացիայի ծառայության ներդրմանն առնչվող հարցերին:
Նորանշանակ դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերելու Հայաստանում արդարադատության ոլորտի կատարելագործման և դրա նկատմամբ հանրության վստահության բարձրացման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությանը, դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրին, ինչպես նաև քննարկել էլեկտրոնային կառավարության, այն է՝ պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ամբողջական ներդրմանն առնչվող հարցեր: