«ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆՔ ՓԱՌՔՈՎ ՈՒ ՊԱՏՎՈՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր համար անհասկանալի  է, թե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ իրավունքով է պահանջում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը: «Ինքը դրա իրավունքը ընդհանրապես չունի, որ պարոն մարզպետի հրաժարականը պահանջի:  Պարոն մարզպետի հրաժարականը կարող է պահանջել միայն ժողովուրդը, իսկ այսօր մեր ժողովուրդը մեր մարզում շատ հարգում եւ սիրում է նրան իր գործերի համար»,-վստահեցրեց պատգամավորը:
-Պարո՛ն Գրիգորյան, տեսակետ կա, որ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ականները չեն աշխատել, ինչի պատճառով Սերժ Սարգսյանը տարբեր ընտրատեղամասերում շատ քիչ ձայներ է հավաքել: Գիտեի՞ք այդ մասին:
-Ո՛չ իհարկե, նման տեսակետն ինձ համար ռեալ չէ: Ուրեմն ես Ձեզ ասեմ, որ արդեն բոլորին հայտնի է, որ այս ընտրությունները բնորոշված են ԺՄԻԳ-ի, ԵԱՀԿ դիտորդների կողմից որպես լավագույն ընտրություններ մեր անկախ պատմության մեջ: Սա նշանակում է, որ ժողովրդավարությունն է ամուր հիմքի վրա դրվում, այսինքն, երբ ժողովուրդն ազատ, իր կամքով ընտրում է իր թեկնածուին: Այդ իսկ պատճառով էլ որոշ մարզկենտրոններում, քաղաքներում, եթե չեմ սխալվում, պարտություն է կրել մեր Հանրապետական կուսակցության թեկնածուն, իսկ շատ տեղերում էլ հաղթանակ է տարել ձայների ճնշող մեծամասնությամբ, ու փաստ է, որ այսօր մեր թեկնածուն հաղթել է:
-Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, ու բոլոր ընտրատեղամասերում ընտրախախտումներ են տեղի ունեցել:
-Ես ներկայացնում եմ թիվ 37 ընտրատարածքը ու կոնկրետ իմ ընտրատարածքն անձամբ եմ վերահսկել ՀՀԿ պատասխանատու ներկայացուցիչների հետ, որպեսզի ոչ մի ընտրախախտում տեղի չունենա, որովհետեւ մեր ՀՀԿ-ի քաղաքական մարմնի որոշումն էր այդպիսին: Եվ այդ որոշումը կատարել ենք փառքով ու պատվով: Ես շատ շնորհակալ եմ մեր ընտրողներից, որ վստահեցին ու ընտրեցին մեր նախագահին:
-Բոլորին հայտնի է, որ Ձեզ պատգամավոր է «դարձրել» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, այսինքն՝ Դուք նրա ներկայացուցիչն եք ԱԺ-ում: Հետաքրքիր է՝ ինչ-որ օրենքի նախագիծ քվեարկելուց առաջ Խաչատրյանին հարցնո՞ւմ եք:
-Ես Ձեր նշած տեսակետը միանգամից հերքում եմ, Ձեր ասածն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում: Ինձ թելադրողը 37 ընտրատարածքի բնակիչներն են, այսինքն՝ ես բարձրացնում եմ այն խնդիրները, որոնք հուզում են ժողովրդին: Ժողովրդի հետ հանդիպելուց հետո եմ ես հարցեր բարձրացնում ու խնդիրները բարձրացնում եմ նաեւ Սյունիքի մարզպետի մոտ: Այսքանը:
-Ր. Հովհաննիսյանը երեկ Սյունիքի մարզում հայտարարել է, որ ինքը պահանջում է Ս. Խաչատրյանի հրաժարականը, Դուք ի՞նչ եք մտածում այս մասին:
-Ես ուղղակի չեմ հասկանում, թե Ր. Հովհաննիսյանն ինչ իրավունքով եւ ինչ հիմունքներով է այդ հրաժարականը պահանջում: Ինքը դրա իրավունքն ընդհանրապես չունի, որ պարոն մարզպետի հրաժարականը պահանջի: Պարոն մարզպետի հրաժարականը կարող է պահանջել միայն ժողովուրդը, իսկ այսօր մեր ժողովուրդը մեր մարզում շատ հարգում եւ սիրում է նրան իր գործերի համար:
-Շուրջ 10 ամիս է, ինչ Դուք Ազգային ժողովի պատգամավոր եք, ի՞նչ եք արել այս ընթացքում, ի՞նչ օրենսդրական նախաձեռնությամբ եք հանդես եկել: Դուք ընդհանրապես գո՞հ եք Ձեր պատգամավորական աշխատանքից:
-Ես ընդհանրապես այն մարդկանց տեսակին եմ պատկանում, որ ինչ էլ անեմ, միշտ իմ աշխատանքից գոհ չեմ լինում, որովհետեւ միշտ ձգտում եմ կատարյալին: Արդեն 8 ամիս է, ինչ ես այս նոր դաշտում եմ, քանի որ ես նախկինում մանկավարժությամբ եմ զբաղվել, հիմա քաղաքականության մեջ եմ: Ես պատրաստվում եմ շատ բան անել, շատ անելիքներ ունեմ:
-Որպես ՀՀԿ-ական՝ համաձա՞յն եք, որ Երեւան քաղաքը շարունակի ղեկավարել Տարոն Մարգարյանը:
-Իմ ունեցած տվյալներով՝ Տարոն Մարգարյանը երեւանցիների շրջանում բավական մեծ հեղինակություն է վայելում եւ ունի ծրագիր՝ Երեւանն ավելի լավ քաղաք դարձնելու: Դրա համար հանրապետականները վստահում են Տարոն Մարգարյանի ծրագրին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս