ՉԵՐ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՈՐԴՈՒՆ ՍՊԱՆՈՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ կայացավ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով հերթական նիստը: Ինչպես նախորդ դատական նիստից առաջ, այս անգամ եւս դատարանի դահլիճ մուտք գործողները ենթարկվեցին զննության եւ պարտադիր ներկայացրին անձը հաստատող փաստաթուղթ: Նիստը սկսվեց նշանակված ժամից 15-20 րոպե ուշացումով, ու այդ ընթացքում փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ կողմերի միջեւ: «Գոնե նիստը սկսվեր, նոր բերեիք էս տականքին դեմս նստեցնեիք. լկտի՛, արնախո՛ւմ բորենի…»,-ասաց Կ. Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը: Նա նշեց, թե ինքը չի կարողանում հանդուրժել որդուն սպանողի ներկայությունը, ինչի պատճառով Հարություն Սարգսյանը հեռացվեց դատարանի դահլիճից:
Դատական նիստի սկզբում դատակոչի վկաների ցանկը փոփոխության ենթարկելու միջնորդությամբ դատարանին դիմեց ամբաստանյալ Հ. Սարգսյանի փաստաբան Հունան Բաբայանը: Նախագահող դատավոր Մարտին Սարոյանը նշեց, որ միջնորդության քննարկումը կհետաձգվի, մինչեւ հերթը հասնի պաշտպանական կողմի ներկայացրած անձանց: Հաջորդիվ քննվեց եւս մեկ միջնորդություն տուժողի իրավահաջորդ Ա. Իսկանդարյանին գործում որպես վկա ներգրավելու վերաբերյալ: «Եթե տուժողի իրավահաջորդը չներգրավվի որպես վկա, նրան հարցաքննել հնարավոր չի լինի»,-ասաց Հ. Բաբայանը: Ա. Իսկանդարյանին որպես վկա ներգրավելուն դեմ չեղան նաեւ մեղադրող կողմի ներկայացուցիչները: Միջնորդությունը բավարարվեց, եւ Ա. Իսկանդարյանը  ժամանակավորապես դուրս հրավիրվեց դատարանի դահլիճից:
Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից հետո սկսվեց վկաների հարցաքննությունը: Մեղադրող կողմը միջնորդեց, որ որպես վկա առաջինը հարցաքննվի Ա. Իսկանդարյանը: Տուժողի իրավահաջորդն իր վկայության մեջ նշեց, որ մինչ դեպքի օրը նա Հ. Սարգսյանին պատկանող մեքենան՝ արծաթագույն «Մերսեդես» ՆԵՕ 55 պետհամարանիշով, մի քանի օր շարունակ տեսել է իր խանութի դիմաց, դեպքից մի քանի օր առաջ տեսել է նաեւ Ռիժկովի (Կիրով) սկզբնամասում գտնվող դեղատան դիմաց, որը մոտ է իրենց տանը, եւ որտեղ գրեթե միշտ կայանվել է Կարենի մեքենան: «Ես մեքենան տեսել էի, բայց մտքովս բան չէր անցել: Եթե մտքովս անցներ, որ էս տականքը բդի իմ էրեխիս հոշոտեր, ես իրա աչքերը նախապես կհանեի»,-ասաց նա: Անահիտը տեղյակ էր պահել որդուն, բայց Կարենն ասել էր, որ չգիտի, թե դա ում մեքենան է:
Այնուհետ վկայություն տվեց ավտոլվացման կետի աշխատող Ռոբերտ Քոչարյանը: Նա նշեց, որ Կարենն այդ օրը մեքենան թողել է իրենց մոտ անձրեւային եղանակի պատճառով, բայց պայմանավորվել ավտոլվացման կետից այն վերցնել առավոտյան: Թե առավոտյան Կարենը երբ է գնացել մեքենայի հետեւից, Ռ. Քոչարյանն ասել չկարողացավ, քանի որ այդ օրն իր ազատ օրն է եղել: Հաջորդիվ հարցաքննվեցին Կ. Եսայանի ընկերները, որոնք պատմեցին դեպքի եւ դրա նախորդ օրը տեղի ունեցածը: Նշենք, որ ամբաստանյալի կողմից իր հասցեին հնչած մեղադրանքներին երբեմն-երբեմն պատասխանելու, վկաներին հարցեր ուղղելու պատճառով դահլիճում կրքերը պարբերաբար բորբոքվում էին:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս