ԿՊԱՅՔԱՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտարարեց, որ ըմբշամարտի օրենքները լիարժեք պետք է փոխվեն, քանի որ հենց դա է պատճառը, որ հանրության շրջանում կորել է ըմբշամարտի նկատմամբ հետաքրքրությունը: Օլիմպիական չեմպիոնի խոսքով՝ առաջիկա փոփոխություններից հետո իրենք ամեն ինչ կանեն, որ ՄՕԿ-ի գործկոմում Հայաստանն ունենա իր ներկայացուցիչը. «Բոլորս գիտենք, որ այսօր Հայաստանը համարվում է ըմբշամարտի լավագույն երկրներից մեկը: Մենք քիչ ենք, բայց, ամեն դեպքում, բոլոր ժամանակներում լուրջ ըմբիշներ ենք ունեցել, եւ այսօր իրոք ճիշտ կլինի, որ գործկոմում Հայաստանը ներկայացուցիչ ունենա»:
Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի գործկոմի որոշմամբ` ըմբշամարտը բեյսբոլի, սոֆտբոլի, կարատեի, մարզական ժայռամագլցման, սկվոշի, ուշուի, վեյկբորդինգի, ռոլերսպորտի հետ ընդգրկված է 2020թ. օլիմպիական խաղերի ծրագրի հավակնորդ մարզաձեւերի ցուցակում: Փաստացի ըմբշամարտը հանվել է 2020թ. օլիմպիական խաղերի ծրագրից եւ դեռ պետք է պայքարի հավակնորդ մարզաձեւից դարձյալ օլիմպիական մարզաձեւ դառնալու համար:
Իսկ ահա մարտի 1-ից հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի հայտարարած հացադուլի մասին Լ. Ջուլֆալակյանն ասաց, որ դա Արմենի դժգոհության այդօրինակ արտահայտությունն է, ինչը միայն ողջունելի է: Ամեն մեկն իր ձեւով է բողոքարկում այդ որոշումը: Երկու օլիմպիական չեմպիոն արդեն հրաժարվել են իրենց մեդալներից: Պարոն Ջուլֆալակյանը հավելեց նաեւ, որ Հայաստանում իրենք  էլ իրենց ուժերի չափով ամեն ինչ կանեն, ակցիաներ կկազմակերպեն եւ իրենց ձայնը կհասցնեն ՄՕԿ-ի գործկոմին: Նա նաեւ վստահություն հայտնեց, որ ըմբշամարտը չեն հանի օլիմպիական խաղերի ծրագրից. «Եթե բանը հասնի նրան, որ ըմբշամարտը դուրս մնա, ապա ոչ միայն հացադուլի, այլեւ հնարավոր ամեն ինչի կդիմենք այն վերադարձնելու համար»:




Լրահոս