168 ժամ. ՀԱԿ-ը չի մասնակցի Երեվանի քաղաքապետի ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
168 ժամե թերթի ՀԱԿ աղբյուրները փոխանցում են, որ այստեղ որոշում է կայացվել չմասնակցել մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին:
“ՀԱԿ-ում հաշվել են, որ այս ընտրություններին իրենք ոչ միայն հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չունեն, այլ ընդհակառակը՝ ի ցույց են դնելու իրենց թուլությունը եւ խայտառակվելու են: Ի տարբերություն 2009թ. Երեւանի խորհրդի ընտրությունների, երբ ՀԱԿ-ը հանդես էր գալիս՝ որպես միակ ընդդիմություն եւ տարավ ընդդիմադիր ընտրազանգվածի քվեները՝ գրավելով երրորդ պատվավոր տեղը, այս  ընտրություններում ՀԱԿ-ն ունենալու է առնվազն երկու լուրջ մրցակից, որոնք  տանելու են ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները:
Առաջինը ԲՀԿ-ն է, որն, ի տարբերություն 2009 թվականի, երբ իշխանական կոալիցիայի անդամ էր, այսօր չլինելով կոալիցիայի անդամ, հանդես է գալիս՝ որպես կիսաընդդիմություն եւ ունի ՀԱԿ-ի հետ անհամեմատելի  մարդկային, ֆինանսական եւ քարոզչական հնարավորություններ: 
Երկրորդը “Ժառանգությունն” է, որը չմասնակցեց 2009թ. ընտրություններին, թերեւս, հաշվելով, որ այդ ընտրություններին մասնակցությունն իրեն ոչինչ չի տա: Այն ժամանակ “Ժառանգությունը” հայտարարեց, որ սատարում է ՀԱԿ-ին: Հիմա “Ժառանգությունն” ամենամեծ ընդդիմադիր ընտրազանգված ունեցող կուսակցությունն է, եւ իշխանությունից դժգոհ ընտրազանգվածի մի զգալի մասը կքվեարկի հենց “Ժառանգության” օգտին:
ՀԱԿ-ը, լավագույն դեպքում, կարող է պայքարել չորրորդ-հինգերորդ տեղի համար՝ այդ տեղի համար պայքարում մրցակցելով ՀՅԴ-ի հետ: Այդ տեղն ավելի ցածր կլինի, եթե ընտրություններին առանձին ցուցակով մասնակցի ՕԵԿ-ը:
Արդյոք ՀԱԿ-ն ի պատասխան “Ժառանգության” 2009թ. դիրքորոշման՝ կհայտարարի՞, որ սատարում է “Ժառանգությանը”, եւ կոչ կանի՞ քվեարկել “Ժառանգության” ցուցակի համար: Նկատի ունենալով ՀԱԿ-ում “Ժառանգության” նկատմամբ ունեցած խանդն ու թշնամությունը՝ նման բան դժվար է ակնկալել”,- գրում է “168 ժամը”:




Լրահոս