
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում uտացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի:
Ազգային ժողովի խմբակցությունների` ծառայությունում նշանակած աուդիտորները աշխատում են հասարակական հիմունքներով: Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 5-րդ օրը:
ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում աուդիտորներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան”, “Ժառանգություն”, “Հայ Յեղափոխական Դաշնակցություն”, “Օրինաց երկիր” և “Հանրապետական” (ՀՀԿ) խմբակցությունների կողմից:
ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում սահմանված ժամկետում աուդիտոր չի նշանակվել ՀՀ Ազգային ժողովի “Հայ ազգային կոնգրես” խմբակցության կողմից:
ԿԸՀ մամուլի ծառայություն