Այսօր` հետմիջօրեին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, տեղի կունենա սոցիալական ոլորտում խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ աղմկահարույց գործով առաջին դատական նիստը:
Գործով մեղադրվում են սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը և ևս 12 անձինք:
Ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:
Վազգեն Խաչիկյանի հետ միասին ամբաստանյալի աթոռին են հայտնվել նաև Ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը, Վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանը, Ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վահագն Խաչատրյանը:
Գործով որպես մեղադրյալ ներգրավված են նաև այլ պատասխանատու անձինք, ովքեր մեղադրվում են տարբեր չափերի գումարներ հափշտակելու համար: Այսպես. Ծառայություն աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի վճարային խմբի տեսուչ-վճարող Վիգեն Գևորգյանը մեղադրվում է այն բանում, որ 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով կասեցված կենսաթոշակների վճարման հիմք հանդիսացող ակնհայտ կեղծ դիմումների հիման վրա, վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու, կամ ընդհանրապես չստորագրելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են մահացած և ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` 267.266.819 ՀՀ դրամ գումարները:
Իսկ Երևանի “Շենգավիթ” տարածքային բաժնի պետ Սամվել Էլբակյանը, ըստ մեղադրանքի, 2010 թվականի հոկտեմբերին մյուսների հետ պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 20.489.226 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ “Արաբկիր” տարածքային բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա 2009–2010թթ. ընթացքում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պետությունից յուրացման եղանակով հափշտակել է իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 48.979.771 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Երևանի ,Էրեբունի և Նուբարաշենե տարածքային բաժնի պետ Սարգիս Սարգսյանը 2010 թվականի հոկտեմբերին, նախաքննական մարմնի գնահատմամբ, յուրացման եղանակով հափշտակել է իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 30.020.622 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ։ Իսկ “Քանաքեռ-Զեյթուն” տարածքային բաժնի, ապա “Ավան և Նոր Նորք” տարածքային բաժնի պետի տեղակալ պաշտոնավարած Արթուր Սուքիասյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 44.691.831 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ` կատարելով պաշտոնեական կեղծիք։
Ծառայության Երևանի “Շենգավիթ” տարածքային բաժնի պետի տեղակալ Համլետ Մարտիրոսյանը մեղադրվում է այն բանում, որ 2010թ. ընթացքում ՝ 20.489.226 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ հափշտակելու համար, իսկ ենթական` Երևանի “Շենգավիթ” տարածքային բաժնի օպերատոր Հրանուշ Դանիելյանը մեղադրվում է նշված հանցագործությնը օժանդակելու մեջ։
Բագրատ Մուրադյանը մեղադրվում է այն բանում, որ ՍԱՊԾ պետ Վազգեն Խաչիկյանի, նույն ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ, իր կնոջ քրոջ ամուսնու՝ Վահագն Խաչատրյանի, վերջինիս քրոջ ամուսնու՝ Արմեն Խաչատրյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով 2007–2008թթ ընկած ժամանակահատվածում պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 21.811.676 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև օժանդակել են կազմակերպված խմբի պաշտոնատար անձանց պաշտոնեական կեղծիք կատարելուն։
Տարածքային ստորաբաժանումների պատասխանատու անձանց կողմից կատարված հափշտակությունները, նախաքննական մարմնի գնահատմամբ կատարվել են Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով եւ զուգորդվել պաշտոնեական կեղծիքներով:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը նաեւ հայցադիմում է ներկայացրել դատարան` քրեական գործով մեղադրյալներ Վ.Խաչիկյանից եւ մյուսներից հօգուտ պետական բյուջեի ընդհանուր` 267.583.336 դրամ բռնագանձելու պահանջի մասին`չվերականգնված վնասի մասով:
“Փաստինֆո”