Մարդու իրավունքների վիճակը Արդարադատության նախարարության ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդարադատության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետեւյալ թերացումները.
Բազմաթիվ են դեպքերը, երբ նոտարական գրասենյակներում եւ ՔԿԱԳ գործակալություններում գոյանում են հերթեր եւ կուտակումներ: Շարունակում են չհստակեցված մնալ նոտարական ծառայությունների դիմաց գանձվող վճարների սակագները, որն էլ իր հերթին նպաստում է կոռուպցիոն դրսեւորումներին:
Ստացվել են բազմաթիվ բողոքներ առ այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող նոտարների կողմից ձեւավորվել էր անօրինական պրակտիկա, համաձայն որի` փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը վավերացնելու գործընթացի արդյունքում նոտարների մոտ չեն պահվում տվյալ փաստաթղթերի օրինակները: Արդյունքում անձինք ստիպված են եղել կրկին անգամ կատարել համապատասխան վճարումներ:
ՔԿԱԳ մարմինների կողմից մի շարք դեպքերում քաղաքացիներից ապօրինաբար պարտադիր նոտարական վավերացմամբ լիազորագրեր են պահանջվել, ինչը օրենքի խախտում է հանդիսանում:
Դատարաններ
Խիստ մտահոգիչ է դատական իշխանության համակարգում առկա անարդարությունների եւ ապօրինությունների բազմաթիվ դեպքերի առկայությունը:
Բազմաթիվ են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության պարագայում Արդարադատության խորհրդի կողմից կարգապահական վարույթի հարուցման եւ, դրա արդյունքում, դատավորին կարգապահական պատասխանատվության չենթարկելու դեպքերը:
Մի շարք դեպքեր են արձանագրվել, երբ ՀՀ Վճռաբեկ դատարան բողոքարկված դատական ակտերը դատարանի կողմից չեն ենթարկվում մանրամասն ուսումնասիրության, եւ արդյունքում չեն վերացվում առկա դատական սխալները: Արդյունքում խախտվում են անձանց գործի անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից քննության իրավունքը: Նման քաղաքականությունը լրջորեն խոչընդոտում է օրենքի միատեսակ կիրառությանը, ճիշտ մեկնաբանությանը եւ իրավունքի զարգացմանը։
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (այսուհետ` ԴԱՀԿ)
Մտահոգության տեղիք է տալիս, որ ձեւավորված անօրինական պրակտիկայի համաձայն` ծառայության կողմից կատարողական գործողությունների իրականացման համար սահմանված երկամսյա ժամկետը չի պահպանվում:
Բազմաթիվ են դեպքերը, երբ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից ոչ հետեւողական աշխատանքների իրականացման արդյունքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները չեն կատարվում, հետախուզման մեջ գտնվող պարտապան ֆիզիկական անձանց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում, դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները չարամտորեն չեն կատարվում, եւ արդյունքում համապատասխան մեղավոր անձիք պատասխանատվության չեն ենթարկվում:
Քրեակատարողական հիմնարկներ (այսուհետ` ՔԿՀ)
Առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ կապված ՔԿՀ-ների աշխատակիցների պարտականությունների չարաշահումների եւ կոռուպցիոն երեւույթների վերացման, գերբնակեցման վերացման, ժամկետանց դեղորայքների տրամադրման բացառման եւ հանձնուքների ընդունման հետ:
Խիստ մտահոգիչ է տեսակցությունների տրամադրման եւ ՀՀ ԱՆ ,Երեւան-Կենտրոնե ՔԿՀ-ում երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակների բացակայության խնդիրը:
Շարունակում է չլուծված մնալ հացադուլ հայտարարած կալանավորների կամ դատապարտյալների համար առանձին խցերի, ինչպես նաեւ՝ տարրական սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության խնդիրը: Հացադուլավորների իրավունքները եւ պարտականությունները առհասարակ կարգավորված չեն Օրենսդրությամբ:
Էական խախտումներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալներին եւ կալանավորված անձանց տրվող սննդամթերքի որակի, քանակի, ինչպես նաեւ պատրաստվող ճաշերի բազմազանության վերաբերյալ:
Անպատասխան են մտնում ՔԿՀ-ից դուրս բուժզննում եւ բուժսպասարկում իրականացնելու, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ տեղափոխելու դատապարտյալների դիմումները ՔԿՀ-ի վարչակազմի կողմից, որոնք երբեմն պայմանավորված են նաեւ շահադիտական դրդումներով:
Ստացվել են բազմաթիվ բողոքներ Հայաստանի Հանրապետության քաղաքացի` կալանավորված կամ ազատազրկման դատապարտված անձանց անձնագիր ստանալու գործընթացի տեւողության եւ մատչելիության, ինչպես նաեւ ՔԿՀ-ների վարչակազմերի կողմից վարչարարության ժամկետների խախտման վերաբերյալ:
Անհապաղ հստակեցման կարիք ունի պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները:
Արձանագրված դրական զարգացումները
ՀՀ Նախագահի կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը:
2012-2016 թվականների ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ կողմից մշակվել են մի շարք իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր:
Կատարվել են ՔԿԱԳ բաժինների էլեկտրոնային կառավարման համակարգի լրամշակման աշխատանքներ, որի արդյունքում քաղաքացիական կացության ակտային գրանցումները, ակտի պատճենների ու տեղեկանքների տրամադրումն իրականացվում է էլեկտրոնային տարբերակով
2012 թվականի ընթացքում Նախարարության կողմից պատրաստվել են վահանակներ եւ քաղաքացիական կացության ակտային գրանցման յուրաքանչյուր տեսակի ընթացակարգի եւ փաստաթղթերի ցանկի վերաբերյալ ուղեցույցներ (բուկլետներ), որոնք 2013 թվականից տեղադրված կլինեն ՔԿԱԳ բոլոր տարածքային բաժիններում եւ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունում` քաղաքացիների իրազեկվածության ապահովման նպատակով:
2012 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱՆ կողմից մշակվել է “Այլընտրանքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագիծը:




Լրահոս