Շաբոյանը չարաշահում է իր պաշտոնական դիրքը. «Մարաթուկ»-ի դեմ արշավը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը «հանգիստ» չի թողնում «Մարաթուկ» տուրիստական ընկերությանը:

Ինչի՞ց սկսվեց այս պատմությունը: Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն մի շարք դիմում-բողոքների հիման վրա վարչական վարույթ էր հարուցել «Մարաթուկ» ընկերության դեմ: Ընկերությունը մեղադրվում է հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար: Սակայն «Մարաթուկ»-ը հակառակն է պնդում. «ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ունի անձնավորված վերաբերմունք «Մարաթուկ Հոլդինգ» ընկերության նկատմամբ եւ իր առջեւ խնդիր է դրել ամեն կերպ կազմալուծել ընկերության աշխատանքը` երեւի թե ճանապարհ բացելով այլ մրցակից ընկերությունների շահավետ գործունեության համար»: Ընկերության դեմ հարուցված վարույթի հիմքում դրվել է ինչ որ Մելինե Բեգլարյանի դիմումը, ըստ որի ընկերության աշխատակիցները իբր հրաժարվել էին գովազդված փաթեթ տրամադրել իրեն իր ուզած ժամանակահատվածի համար:

image-29-09-15-04-28 image-29-09-15-04-28-1

Մելինե Բեգլարյանը որեւէ ապացույց մինչ օրս հանձնաժողովին չի ներկայացրել առ այն, թե իրոք զանգել է «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ եւ ընկերության աշխատակիցը խուսափել է իրեն պատասխանելուց ու կոպտել է: Ստացվում է, որ Շաբոյանը անհիմն, չապացուցված մեղադրանքներ է առաջադրում ընկերության դեմ: Ավելին՝ «Մարաթուկ»-ի դեմ բողոք ներկայացրած քաղաքացին հարուցված վարույթի նիստերին նույնիսկ չի մասնակցում:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում այսօր գործում են բազմաթիվ տուրիստական ընկերություններ, որոնք գրեթե ամեն օր եւ խաբում են քաղաքացիներին եւ մոլորեցնում: Սակայն չգիտես թե ինչու Շաբոյանը անտեսելով այլ ընկերությունների կողմից իրականացվող չարաշահումները, կենտրոնացել է հենց «Մարաթուկ հոլդինգ» ընկերության վրա: Այսօր մեզանից շատերը հեշտությամբ կարող են հայտարարությունների հետքերով մտնել կայքեր ու սոցցանցերում հանգստի կազմակերպման համար համապատասխան որոնումներ իրականացնել: Շատ դեպքերում կպարզվի, որ առաջարկվող ծառայություններն ու գներըպարզապես չեն համապատասխանում իրականությանը: Արդյոք այդ ընկերությունները չե՞ն խաբում քաղաքացիներին: Մասնավորապես, հաճախակի են դեպքերը, որ Եգիպտոսում, Վրաստանում, Թուրքիայում՝ հյուրանոցների ուղեգրեր վաճառող հայկական տուրիստական ընկերությունները հաճախորդներին վաճառում են մի «ոսկե» փաթեթ, սակայն վերջիններս տեղում հանդիպում են այլ պայմանների:

Սակայն ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը անտեսում է այլ տուրիստական ընկերությունների կողմից թույլ տված ակնհայտ խաբեությունները եւ տեւական ժամանակ է, ինչ մեծ արշավ է սկսել հենց «Մարաթուկ»-ի դեմ: Նա այնպես է լծվել «Մարաթուկ»-ին դաշտից հանելու գործընթացին, որը բավարար հիմքեր է տալիս ենթադրելու, որ վերջինս ճանապարհ է հարթում այլ ընկերության համար: Ի վերջո, ոչ ոք չի մոռացել Շաբոյանին հասցեագրված այն խայտառակ պատմությունը, ըստ որի՝ Շաբոյանի քենակալ (բաջանաղը)՝ Գեղամ Կարապետյանին պատկանող «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ից Հայաստանի էլեկտրական ցանցերը թանկարժեք ավտոմեքենաներ է վարձակալել՝ մեր՝ քաղաքացիներիս հաշվին գերշահույթներ ստանալով: Եւ սրանից հետո Շաբոյանից արդեն ամեն ինչ սպասելի է: Իսկ ինչ երաշխիք կա, որ հերթական «բաջանաղի» շահերը չի սպասարկում:

Ակնհայտ է, որ Շաբոյանն իր անձնական հավակնությունների համար ընկել է գործարարների հետեւից եւ փորձում է արհեստական խոչընդոտներ ստեղծել: Կոնկրետ այս դեպքում ակնհայտ է, որ ՏՄՊՊՀ նախագահ Շաբոյանն անում է ամեն ինչ, որպեսզի վնասի ընկերությանը: Ու դա քաղաքակիրթ այլ երկրում կդիտվեր որպես պաշտոնական դիրքի չարաշահում: Ի դեպ, առայսօր Հանձնաժողովը որեւէ որոշում չի ընդունել «Մարաթուկ Հոլդինգ» ընկերության վերաբերյալ եւ չի անդրադարձել ընկերության կողմից ներկայացված փաստերին:
Հիշեցնենք, որ ընկեությունը բազմիցս հայտարարել է, որ մինչեւ վերջ հետեւողական լինելու իր իրավունքների պաշտպանության հարցում եւ պատրաստվում է բաց նամակով դիմել ՀՀ նախագահին՝ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործելաոճի վերաբերյալ իրազեկեելու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս