
Այսօր ԱԺ ֆինանսա-վարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ «ՀՀ-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիրը:
Հիմնական զեկուցմամբ խորհրդարանում հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նա նշեց, որ համաձայնագրով կկատարելագործվի մաքսային համակարգի զննման սարքավորումները: Միրումյանը հավելեց, որ վարկի գումարը կազմում է 23,3 միլիոն դոլար, բայց վարկը վերցվելու է չինական յուանով՝ 20 տարի ժամկետով:
Նա նաև հավալեց, որ վարկը ստանալու են սարքավորումների տեսքով, դրանք են՝ երկաթուղային բեռների զննման սարքեր, շարժական սկաներներ, նկարահանող սարքեր, մարդու մարմնի զննման սարքեր:
«Դա մի կատարյալ համակարգ է լինելու, որը թույլ է տալու մշտադիտարկում անելու տվյալ բեռի ու ապրանքի շարժին»,-հավելեց Միրումյանը: