
Այսօր Հյուսիսային պողոտայում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր զբոսաշրջային էքսպո-ցուցահանդես: Իրենց մասնակցությունն ունեցած Հայաստանի Հանրապետության 10 մարզերը և Երևանն ու Արցախը: Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացնում էին իրենց բերքն ու բարիքը, խոհանոցը, տարազները, ազգային երգն ու պարը: Ցուցահանդեսն ուղեկցվում էր նաև հետաքրքիր բեմադրություններով: Հյուսիսային պողոտան լիքն էր հետաքրքրասեր մարդկանցով, որոնք մեծ ոգևորությամբ դիտում էին և ջերմ ծափահարություններով ոգեշնչում ցուցահանդեսի մասնակիցներին:
Հյուսիսային պողոտայում էր նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, ով Armlur.am-ի հետ զրույցում նշեց՝ նախաձեռնությունը տուրիզմի միջազգային օրվան է նվիրված, որի նպատակը մարզային երիտասարդությանը նմանատիպ ծրագրերի մեջ ներգրավելն է:
«Մենք ուզում ենք, որ մեր մարզային երիտասարդությունը ներգրավված լինի շատ ծրագրերի մեջ: Այստեղ երիտասարդներն նկարում են, ճաշեր են պատրաստում, պարում են. հնարավորություններ, որոնք բացի այս ծրագրից մենք չենք ունենա: Շատ քաղաքացիներ մեր պատմամշակութային վայրերից այնքան էլ տեղյակ չեն, չգիտեն ավանդույթներից որոնք շատ հետաքրքիր են և շատ կարևոր են որպեսզի շատ քաղաքացիներ այդ ինֆորմացիան, գիտելիքն ունենան»,-ասաց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան