Այսօր “Հայաստանի հաշմանդամների “Փյունիկ” միությունե հասարակական կազմակերպությունը ՀՀ արտակարգ իրավիճակերի նախարարությանն է նվիրաբերել հատուկ սահնակ-պատգարակ։ Այն փրկարարներին հնարավորություն կտա արտակարգ դեպքերի ժամանակ դժվարանցանելի ճանապարհով տեղափոխել տուժածներին կամ ձնաբքի գերության մեջ հայտնված մարդկանց։
Սահնակ-պատգարակը ՀՀ ԱԻ նախարարությանը հանձնեց “Հաշմանդամների Փյունիկ միություն” հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանը` նախարար Ա. Երիցյանին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Բաղդասարյանին ներկայացնելով պատգարակի օգտագործման եղանակը։
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը շնորհակալություն հայտնեց նվիրատվության համար` նշելով, որ նման պատգարակի կարիք իրոք զգացվում էր։
Դա է վկայում նաև երեկ` մարտի 4-ին Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը, երբ Ապարանի բժշկական կենտրոն մեկնող ավտոմեքենան ձնաբքի պատճառով արգելափակվել էր և անհրաժեշտ էր եղել դիմել փրկարարների օգնությանը:
Դեպքի վայր էին մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարները` “Ուրալ” ամենագնաց ավտոմեքենայով, սակայն Նիգավան գյուղի սկզբնամասում ավտոմեքենան կանգ էր առել։ Հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակել էին ոտքով ու 1995 թ. ծնված Ռազմիկ և Պետրոս Մարտիրոսյաններին պատգարակով հասցրել “Ուրալ” ավտոմեքենային: