Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ունեցած համագործակցության ներկայիս մակարդակն ու համատեղ իրականացվող ծրագրերի հաջող ընթացքի հարցում կարևորել Միխայիլ Լոբովի ներդրումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում իրականացվող «Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար» ծրագրին:

Արփինե Հովհաննիսյանը և Միխայիլ Լոբովը քննարկել են նաև համատեղ նոր ծրագրերի իրականացման՝ մասնավորապես քրեակատարողական ծառայողների համար դասընթացներ անցկացնելու հնարավորություններն ու ձևաչափը:

Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար, ընդգծել, որ Եվրոպայի խորհուրդը մեծ փորձառություն ունի քրեակատարողական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում և հայ գործընկերների հետ ԵԽ լավագույն փորձը կիսելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ավարտին կողմերը փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:




Լրահոս