«Չեք անցկացնի» նախաձեռնության ձեւավորած «ՈՉ»-ի ճակատն այսօր Գյումրիում հանրահավաք է հրավիրել, որի ժամանակ էլ հայտարարելու են իրենց ծրագրերի մասին ու կոչ են անելու հանրությանը «ոչ» ասել նոր Սահմանադրության նախագծին: Սեպտեմբերի 12-ի հիմնադիր համաժողովից հետո, սակայն, «ՈՉ»-ի ճակատը կարծես թե շատ ակտիվ չէր գործուն քայլերի իրականացման առումով: Թեեւ նախաձեռնությանը միացած քաղաքական ուժերը հայտարարում են, թե իրենք պատրաստակամ են ամեն կերպ աջակցել ճակատի գործունեությանը, սակայն այդ աջակցությունն առայժմ հայտարարությունների մակարդակից այն կողմ չի անցնում: Քաղաքական ուժերի առաջնորդները պատճառաբանում են, թե նախաձեռնությունը երիտասարդներինն է, ու նրանք են որոշում, թե պայքարը որ ուղով տանեն:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանի եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է նախաձեռնությունը հապաղում ակտիվ գործողությունների մեկնարկի հարցում:
ԱՐՇԱԿ ՄՈՒՍԱԽԱՆՅԱՆ
-Արշա՛կ, տեւական ժամանակ է, ինչ «Ոչ»-ի ճակատը ակտիվություն չի ցուցաբերում, եւ հասարակության համար դեռեւս հստակ չէ, թե ինչ է այդ ճակատն իրենից ներկայացնում:
-Մեր համաժողովից հետո «Չեք անցկացնի» նախաձեռնությունը հանրահավաք է հրավիրել, ու այժմ մենք զբաղված ենք հանրահավաքի նախապատրաստական, իրազեկման աշխատանքով: Գյումրիում լինելու է հանրահավաք, որին մասնակացելու են «Ոչ»-ի ճակատի անդամները, մի շարք կուսակցություններ, ակտիվիստներ եւ այլն: Համաժողովի ժամանակ մենք միասնական հայտարարություն ենք ընդունել, ու այդ բոլոր միավորները հայտարարել են, որ իրենք «ոչ» են ասում սահմանադրական փոփոխություններին, իսկ ովքեր որ ոչ են ասում այդ փոփոխություններին, կարող են հայտարարել իրենց դիրքորոշման մասին ու այդքանով ներգրավվեն «Ոչ»-ի ճամբարում:
-Այժմ նախաձեռնությունն արդեն ստեղծված է, «դեմ» արտահայտվողներն էլ ընդգրկվել են Ձեր շարքերում, սակայն հասարակությունը տեղյակ չէ Ձեր պայքարի մարտավարության մասին, պարզ չէ, թե ինչպես եք ժողովրդին համոզելու ոչ ասել սահմանադրական փոփոխություններին:
-Խորհրդարանում ոչ-ի կողմնակից պատգամավորներն արդեն բարձրաձայնել են, հասարակությանը բարձր ամբիոնից ներկայացրել են, թե ինչու են դեմ, ու կարծում եմ հանրությունը տեղյակ է նաեւ նրանց դիրքորոշման մասին: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք ունենք մշակված ծրագիր, բայց մենք մեր բոլոր քայլերը չենք հրապարակում: Հերթով մեր հասարակությունը կտեղեկանա մեր ծրագրերի մասին, որոնց ժամանակ էլ մենք կոչ կանենք, որպեսզի միանան մեր գործողություններին: Մենք կոչ ենք անում երեւանցիներին, գյումրեցիներին, բոլորին մասնակցել Գյումրիի հանրահավաքին, որը լինելու է շատ մեծ, ու այնտեղ էլ մենք մեր հետագա գործողությունների մասին կհայտարարենք: Ես մի քանի օր առաջ անձամբ եմ եղել Գյումրիում, կարելի է ասել՝ ամբողջ հասարակությունը ընդդիմադիր է, դեմ է իշխանություններին, ու դրա համար մենք ցանկանում ենք մեր հրապարակային գործողությունների մեկնարկը տալ հենց Գյումրիում: Այդ պայքարի էներգետիկան մենք ցանկանում ենք փոխանցել մեր հետագա գործողություններին:
-Ըստ շրջանառվող տեղեկությունների` Ձեր նախաձեռնությունը ֆինանսավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մի պայման է դրել նախաձեռնության առջեւ՝ ներգրավել մեծաթիվ եւ ազդեցիկ քաղաքական ուժերի` «Ոչ»-ի ճակատում հնարավորինս ներկայացուցչական կազմ ապահովելով: Արդյո՞ք միայն այդ պահանջով է Ռ. Քոչարյանը Ձեր «կողքին»:
-Ուրեմն հստակ հայտարարում եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, որեւէ մեկի ականջները փնտրել մեր քաղաքացիական նախաձեռնության հետեւում պետք չէ, մենք ուղղակի երիտասարդներ ենք, որոնք մտահոգված են Սահմանադրության փոփոխությունների գործընթացով, որոնք դա համարում են մարտահրավեր ու որոշում են պայքարել այդ մարտահրավերի դեմ: Մենք միասին փորձում ենք համախմբել ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ քաղաքական սեկտորը, որպեսզի ինքը լինի ավելի հզոր շարժում: Մենք էլ Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կապ չունենք: Սա միայն երիտասարդների նախաձեռնության արդյունք է:
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
-Պարո՛ն Մարտիրոսյան, «Ժառանգությունը» նոր Սահմանադրությանը դեմ է ու ընդգրկված է «Ոչ»-ի ճակատում, ինչպե՞ս է Ձեր կուսակցությունը պայքարում, ու արդյո՞ք Դուք ներկա եք լինելու Գյումրիում հրավիրված հանրահավաքին:
-«Ժառանգություն»-ը, բնական է, կմասնակցի, դեռ չենք որոշել, թե ովքեր են ներկա լինելու: Մենք, ըստ էության, այստեղ աջակցողների դերում ենք հանդես գալիս, մենք կարծում ենք, որ ճիշտը մեկ պայքարի օջախ ստեղծելն է, միավորելն է բոլորին ու միասնական պայքարով առաջ շարժվելն է: Հիմա ունենք մեկ ճակատ, բայց կարծես թե երկու, թեեւ մենք կողմնակից ենք մեկ ճակատով, մեկ թեւով պայքարին, որովհետեւ դա ավելի ճիշտ է:
-Այն կուսակցությունները, որոնք միացել են ճակատին, «Ոչ»-ի պայքարին, առաջնորդների «դեմքերով» չեն ներկայանում, ո՞րն է պատճառը, չեք կարծո՞ւմ, որ դա «թուլացնում» է ճակատի ազդեցությունը:
-Նայած, որոշակի դեպքերում լինում է, որ հայտարարում են, թե ճիշտ կլինի, որ առաջնորդները չլինեն, երիտասարդներով լինեն, տարբեր մոտեցումներ կան, բայց կարծում եմ, որ դա քննարկումների եւ միասնական որոշման կարիք ունի: Համենայնդեպս, այս պարագայում առաջնորդները աջակցում են:
-Րաֆֆի Հովհաննիսյանը ճի՞շտ է համարում պայքարի նման ձեւը:
-Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես եւ «Ժառանգություն»-ը, գտնում է, որ ճիշտը միասնական պայքարն է:
ՀԱՊԿ-Ն ՉԻ ԿԱՐՈՂ «ՄԱՏ ԹԱՓ ՏԱԼ» ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱ
Երեկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանն ու «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել` ներկայացնելու Չինաստան եւ Գերմանիա կատարած այցելությունների արդյունքները: Սակայն սահմանային լարվածության վերաբերյալ ասուլիսում հնչած հարցից հետո պատգամավորները սկսել են վիճաբանել:
Պատգամավորների տարաձայնությունը կապված է եղել ՀԱՊԿ դերակատարության հետ: «Փաստվել է, որ Ադրբեջանը ոտնձգություններ է կատարում ՀՀ տարածքում՝ գնդակոծելով ՀՀ սահմանամերձ շրջանները, խաղաղ բնակիչներին, եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում շատ հստակ ներկայացվում է մեր դիրքորոշումը»-հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավորը: Ըստ Նահապետյանի՝ ՀԱՊԿ-ն պետք է արձագանքի նման լարվածությանը այն ժամանակ, երբ նրան դիմի Հայաստանը, սակայն ՀՀ-ն այդ հարցով երբեք չի դիմել: Պատգամավորը վստահեցրել է, որ հայոց բանակը ուժեղ է, ինչի համար էլ անհրաժեշտություն չի առաջանում նման կառույցներին դիմել ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու համար օգնության խնդրանքով. «Եթե լինի ագրեսիա հակառակորդի կողմից, եւ մենք դիմենք սահմանված կարգով, անպայման ՀԱՊԿ-ը ներգրավվելու է: Բայց դրա կարիքն առայժմ չկա»:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, սակայն համամիտ չէր ՀՀԿ-ական պատգամավորի հետ. «Ինչպե՞ս կարելի է մի թղթի վրա գոյություն ունեցող կազմակերպությունից ցանկություն նույնիսկ ունենալ, որ ինչ-որ հայտարարություն անի: Մեզ քի՞չ էր, որ հասկանայինք՝ Ղազախստանն ու Բելառուսը ավելի շատ Ադրբեջանի շահերով են հետաքրքրված: Ասենք՝ Հայաստանը խնդիրը բարձրաձայնի, ասի՝ հայտարարություն արեք, ի՞նչ ենք ստանալու, կարո՞ղ է՝ Բելառուսի կամ Ղազախստանի նախագահը փոխվեց, եւ գալու են մատ թափ տան Ադրբեջանի վրա, ասեն՝ էս ի՞նչ ես անում: ՀՀ-ում էլ են սա լավ գիտակցում, դրա համար չեն դիմում ՀԱՊԿ-ին, որ որեւէ հայտարարություն անի, որովհետեւ այդ հայտարարությունը չի լինելու: Պիտի Ադրբեջանին ասեն՝ քեզ խելոք պահի, հա՞, չի՛ լինելու այդպիսի հայտարարություն»:
Պողոսյանի գնահատմամբ` չնայած այն հանգամանքին, որ գրված է, թե ՀԱՊԿ-ն հավաքական կառույց է, դրա բուն առանցքը երկկողմանի հարաբերություններն են ՌԴ-ի հետ: Ընդդիմադիր պատգամավորի այս հայտարարությանն ի պատասխան` Կոյրուն Նահապետյանը հակադարձել է՝ չի կիսում Թ. Պողոսյանի դիրքորոշումն ու վերջ:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ԿԻՆԸ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի ե՛ւ դրամական միջոցները, ե՛ւ աշխատավարձը նախորդ տարվա ընթացքում բավականին ավելացել են: Դատավորի պաշտոնական հայտարարագրից տեղեկանում ենք, որ անցած տարի նրա դրամական միջոցները կազմել են 10.5 մլն դրամ, իսկ աշխատավարձը՝ 12 մլն 910 հազար դրամ: Ի դեպ, Կարախանյանի աշխատավարձը, ի տարբերություն մյուս դատավորների, բավականին բարձր է, սակայն դա պայմանավորված է ոչ թե նրա սեռով, այլ երկրար տարիների աշխատանքով: Ի դեպ, Կարախանյանն իր կենսագրության ընթացքում բազմաթիվ քաղաքական գործեր է քննել: Մասնավորապես, երբ նա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր, Մարտի 1-ի գործերով անմեղ մարդկանց դատապարտելուց հետո այլեւս չկարողացավ շարունակել եւ սկսեց բացառապես քաղաքացիական գործեր քննել եւ, ի վերջո, հասցրեց տեղափոխվել քաղաքացիական վերաքննիչ դատարան: Ի դեպ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանն էլ Գայանե Կարախանյանի փեսան է:
ԸՆԴԴԵՄ ԿՐԾՈՂՆԵՐԻ
ՀՀ նախագահականի նստավայրը, պարզվում է, կրծողների դեմ պայքար է ծավալել: Այս նպատակով պետբյուջեից հատկացվել է մոտ 1 մլն դրամ: «Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հուլիսի սկզբին պայմանագիր է կնքել «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի հետ: Ըստ այդմ, նշված ընկերությունը պետք է վնասազերծի նախագահականի կրծողներին եւ միջատներին ու մնացած վնասատուներին:
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ՔԻՉ ԳՐԵԼ
«Ժողովուրդ»-ին են դիմել այս տարվա սեպտեմբերի սկզբներին Ադրբեջանի հրետակոծություններից տուժած ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները: Այդ գնդակոծություններից ավելի քան քսան օր է անցել, սակայն նրանք մինչ օրս խոստացված փոխհատուցումը չեն ստացել: Ավելին՝ այս օրերին սահմանամերձ համայնքների գյուղապետերը այցելում են իրենց համագյուղացիների տները եւ նրանց հորդորում են կրած վնասների չափերը փոքր գրել: «Ժողովուրդ»-ը զրուցեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Գրիշա Բադալյանի հետ, ով վստահեցրեց, որ մինչեւ սեպտեմբերի վերջ վնասների չափերի հաշվարկները կուղարկվեն Կառավարություն: «Հանձնաժողովը վնասները հաշվարկելու համար մի քանի անգամ գնացել է համայնքները: Իրենք են ուշացնում: Իսկ գյուղապետերը հորդորում են բնակիչներին, որպեսզի հին վնասվածությունը չգրեն: Միայն գրեն կոնկրետ այդ օրերին կրած վնասները»,- ասաց Բադալյանը: Ըստ նրա՝ ինքը հուսով է, որ հոկտեմբերին բնակիչների կրած վնասները կփոխհատուցվեն: