«Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «Տաշիր» ընկերությունների խմբի լրատվական ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, գործարքն արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և կավարտվի ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից համապատասխան որոշումից հետո:
Կողմերը նաև պայմանավորվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ն շարունակելու են ամբողջ ծավալով կատարել իրենց կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները։
««Տաշիր» ընկերությունների խումբը ամբողջությամբ իր վրա է վերցնում ՀԷՑ-ի կառավարման գծով պարտականությունները», – հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
Զարգացման հետագա պլանների մեջ է մտնում հակաճգնաժամային ծրագրի ներդրումը՝ ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացման և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։ Նախատեսվում է իրականացնել նաև բաշխիչ ցանցերի սարքավորումների փուլային արդիականացում։
Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում է ընդունվել հաջորդ տարվա ընթացքում սեփական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ պարիտետային սկզբունքով, փոխհատուցել բարձրացած և մինչև 2015թ. օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար։