ԲԱԳՐԱՏԱՇԵՆՈՒՄ ՇՈՒԿԱ ԿԲԱՑՎԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թվականի հունվարի 16-ին Սեւան քաղաքում՝ ՀՀ Վարչական դատարանում, սկսվել  էր պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչության դեմ «Էլագրա» ՍՊԸ հայցով դատավարությունը:
Հայցվորը պահանջում էր վերացնել իր նկատմամբ կիրառված վարչական ակտը: Խնդիրն այն է, որ «Էլագրա» ՍՊԸ-ն 2010թ. մայիսից Բագրատաշեն գյուղում չի կարողանում առեւտուր իրականացնել, թեեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացել է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա: Պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի  տարածքային հարկային տեսչությունը մերժում էր գործունեություն սկսելու մասին ՍՊԸ-ի  հայտարարությունը եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների հարկային մարմնում գրանցումը: Հունվարի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես էր եկել հաղորդագրությամբ` արձանագրելով. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտվել են «Էլագրա» ՍՊԸ-ի իրավունքները»: 2013թ. փետրվարի 27-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Հ. Թորոսյանը վճռել է «Էլագրա» ՍՊԸ-ի դեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչության 2012թ. օգոստոսի 7-ի թիվ 468 միջամտող վարչական ակտը վերացնելու եւ ընկերության ներկայացրած դրամարկղային գիրքը հաստատելուն (գրանցելուն) պարտավորեցնելու պահանջների մասին հայցը բավարարել եւ այդ կապակցությամբ անվավեր ճանաչել թիվ 468 միջամտող վարչական ակտը եւ պարտավորեցնել Իջեւանի տարածքային հարկային տեսչությանը կնքել եւ համարակալել «Էլագրա» ՍՊԸ դրամարկղային գիրքը: Դատարանը վճռել է հայցը բավարարելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ «Էլագրա» ՍՊԸ-ի բռնագանձել  ընկերության  դատական ծախսերը՝  ընդհանուր առմամբ 28 հազար դրամի չափով, որից 8000 դրամը՝ պետական տուրքի, 20.000 դրամը՝ ընկերության ներկայացուցչի համար կատարված ծախսերի գումար: Սույն դատավճռի դեմ մեկամսյա ժամկետում կարող է վերաքննիչ բողոք բերվել: Այդպիսով՝ դրական նախադեպ է ստեղծվում, երբ մասնավոր ընկերությունը հաղթում է պետական գերատեսչության դեմ դատական գործընթացում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս