2015 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավար Միխայիլ Լոբովին:
Կարևորելով Եվրոպայի խորհրդի հետ շարունակական համագործակցությունը՝ Արման Մկրտումյանը և Միխայիլ Լոբովը քննարկել են «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները և ապագա ծրագրերի շրջանակներում հնարավոր համագործակցության ուղղությունները:
Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցության շնորհիվ ՀՀ դատական դեպարտամենտի կազմում ստեղծվել է ՄԻԵԴ վճիռների վերլուծության բաժինը, որը պետք է աջակցություն ցուցաբերի ՀՀ վճռաբեկ դատարանին՝ Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի վճիռների մեկնաբանության հարցում: Այս բաժնի բարեհաջող գործունեության դեպքում հնարավորություն կստեղծվի ներպետական մակարդակում ապահովել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրառումը և նվազեցնել հետագայում ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների թիվը:
Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվում «Դատալեքս» համակարգի որոնողական կարողությունների բարելավման, մասնավորապես՝ վճռաբեկ դատարանի որոշումների որոնման համակարգի կատարելագործման ուղղությամբ: