ՈՎՔԵ՞Ր ՍՏԱՑԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ին կայացավ «Վան» ռադիոկայանի կազմակերպած «Van Music Awards-2012»-ը, որի ընթացքում ամփոփվեց նախորդ տարվա երաժշտական անցուդարձը, իսկ լավագույնները ստացան մրցանակներ: Երկրորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության հաղթողները ստացան միմյանցից տարբերվող նկարազարդված ձեռքեր, որոնք հեղինակել են նկարիչներ եւ դիզայներներ, այդ թվում` Տիգրան Մատուլյանը, Արեւ Պետրոսյանը, Արարատ Մինասյանը, Շուշան Պետրոսյանը, Արմեն Պրոյանը:
Հիշեցնենք, որ նախկինում նույն ռադիո «Վան»-ի կողմից կազմակերպվում էր «Ոսկե քնար» մրցանակաբաշխությունը, սակայն ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանի խոսքով՝ այն իրեն սպառել էր, դրա համար էլ հիմա անում են ալտերնատիվ մրցանակաբաշխություն, որին մասնակցում են երիտասարդ տաղանդավոր կատարողներ, որոնք հեռուստատեսությամբ հիմնականում չեն երեւում: Շ. Արեւշատյանը նաեւ հավելեց, որ տարվա ընթացքում այս նախագծին մասնակցել է 164 երգ, հանրային քվեարկության արդյունքում անցել է 44-ը, որոնցից էլ վերջնական ընտրվել է 15-ը. «Տարվա ընթացքում ռադիոլսողներին առաջարկում ենք ծանոթանալ երգերին ու քվեարկել: Քանի որ երգիչներն ու խմբերը շատ են, բոլորը չեն կարող հաղթել, գիտեմ, որ նաեւ նեղանում ու վիրավորվում են, բայց, միեւնույն է, հաղթում է երաժշտությունը»:
Հաղթողներն ընտրվել են երաժշտասերների քվեարկության եւ ժյուրիի անդամների որոշման արդյունքում: Երաժշտական քննադատ Արմեն Մանուկյանի գլխավորած ժյուրիի կազմում են՝  Նաիրա Գյուրջինյանը, Շուշան Պետրոսյանը, Արթուր Գրիգորյանը, Արտյոմ Այվազյանը եւ Մարինե Ալեսը: Իսկ հաղթողները, գունազարդ հուշանվերից բացի, հովանավորների կողմից ստացել են տարբեր նվերներ` օծանելիք, զարդեր, հանգստի ուղեգիր Ծաղկաձորում եւ այլն:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անվանակարգերն ու հաղթողներին.
«Blues Number Van»` Անուշիկ Ալավերդյան եւ Կարեն Մամիկոնյան բենդ
«Jazz Number Van»` Մարինա Հակոբյան
«Hip-Hop Number Van»` «3.33»
«Rock Number Van»` «Dorians»
«Band Number Van»` «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ»
«Folk Number Van»` «Ոստան Հայոց» եւ Շուշան Պետրոսյան
«Pop Number Van»` Բենջամին Ստրետա եւ Նարինե Դովլաթյան
«Ռադիո Վանի հույս» («Hope Number Van»)` Աիդա Արամի
«Ռադիո Վանի թարմություն» («Fresh Number  Van»)` Ռուսլան
«Ռադիո Վանի հաջողակ» («Lucky Number Van»)` Նիկ Էգիբյան
«Ռադիո Վանի ձայն» («Voice number Van»)` Էմմի   
«Ռադիո Վանի լեգենդ» («Legend Number  Van»)` «Ոստան Հայոց»
«Ռադիո Վանի հարգանք» («Respect Number  Van»)` Շուշան Պետրոսյան
«Radio Hit Number Van» (գլխավոր անվանակարգ)` «Ռեինկարնացիա» («Աշխարհումս իմն դուն իս»)
«Ռադիո Վանի դեսպան» («Ambassador Number Yan»)` «The Beautified Project»

Ե. Ռ.




Լրահոս