ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե չնայած այն հանգամանքին, որ իրենք հանդիպել են Սերժ Սարգսյանին ու քննարկել նոր Սահմանադրության նախագիծը, այնուամենայնիվ, դեմ են քվեարկելու նախագծին: Քոքոբելյանը նշեց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը 10 առաջարկություններ է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, սակայն դրանցից ընդամենը 3-ն են ընդունվել, ինչի համար էլ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:
-Պարո՛ն Քոքոբելյան, Դուք այդպես էլ չհստակեցրիք, թե ինչպե՞ս եք քվեարկելու նոր Սահմանադրության նախագծին: Նախատեսված է, որ հոկտեմբերի 5-ին խորհրդարանում նախագիծն արդեն դրվելու է քվեարկության, արդեն ունե՞ք որոշում, թե ինչպես եք քվեարկելու:
-«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը իր դիրքորոշումը հայտարարությամբ արտահայտել է, բովանդակային առումով նշել ենք նաեւ, թե որ հոդվածների հետ մենք համաձայն չենք, ու նշել եմ, որ մենք այս նախագծին դեմ ենք: Մենք ներկայացրել ենք նաեւ, թե որ կետերը մեզ համար ընդունելի չեն, մենք մեր առաջարկությունների մեջ ընդգծել ենք այդ կետերը: Ես միշտ եմ ասել՝ էական չէ խորհրդարանական թե նախագահական մոդել է մեր երկրում, շատ էական է, թե մենք ինչպիսի համակարգ ենք ստեղծում: Այսօրվա նախագիծը, որը դրված է խորհրդարանում, մենք մինչեւ այս պահը դեմ ենք: Մենք այդ հարցի հետ կապված երբեք երկակի կարծիք չենք հայտնել, մենք հստակ մեր դիրքորոշումը միշտ նշել ենք` հիմնավորելով, թե ինչու ենք դեմ: Ոչ թե դեմ ենք նրա համար, որ դա մեզ համար ինքնանպատակ է, այլ գտնում ենք, որ այդ հոդվածները մեր պատկերացումներով անթույլատրելի են:
-Եթե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեմ է նոր Սահմանադրության նախագծին, ապա ինչո՞ւ որեւէ կերպ այդ մասին չեք բարձրաձայնում հանրության շրջանում, ինչո՞ւ «Ոչ»-ի ճակատում չեք: Ինչպե՞ս է դրսեւորվում ձեր «դեմ» լինելը:
-Մեր քաղաքական օրակարգում այդ խնդիրը չկա, դեռեւս գործընթաց է գնում, դեռ այն ավարտված չէ, իսկ եթե գործընթացն ավարտված չէ, ուրեմն մենք դեռեւս կարող ենք մեր գործողություններն անել: Մենք առաջարկություններ ենք ներկայացրել, որոնք պետք է ընդգրկվեն նախագծում, մենք չենք խուսափում առաջարկություններ ներկայացնելուց, իսկ իմ պատկերացմամբ դա պետք է քաղաքական ուժերի խնդիրը լինի: Մեզ համար ոչ թե կարեւորը Սահմանադրությունը փոփոխության չենթարկելն է, այլ խնդիրը լավ Սահմանադրություն ունենալն է: Ես դա էական եմ համարում, ու այժմ այդ գործընթացը գնում է, մենք չենք խորշում ու երբեւէ չենք խորշել մեր առաջարկությունները, մեր մոտեցումները ներկայացնելուց ու ասելուց, թե որ կետը, որ հոդվածը ինչպես ենք պատկերացնում ու ինչու չենք ցանկանում, որ որոշակի հոդվածներ ընդգրկվեն նոր Սահմանադրության նախագծում: Մենք երբեք չենք թաքցրել մեր տեսակետը, մենք բարձրաձայնել ենք այն թերությունները, որոնք առկա են նախագծում: Եթե մենք քաղաքական ուժ ենք, ապա մենք պարտավոր ենք ներկայացնել այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք նախագծում: Մենք կարծում ենք, որ ուղղակի հայտարարելը, թե դեմ ենք, ու որեւէ քայլ չձեռնարկելը իրատեսական չէ:
-Դուք նշեցիք, որ առաջարկություններ եք ներկայացրել մասնագիտական հանձնաժողովին, դրանք մերժվե՞լ են:
-Մեր առաջարկություններից ընդունվել են երեքը, բայց դրանք բավարար չեն, որովհետեւ գտնում ենք, որ առանցքային առաջարկություններ կան, որոնք չենք կարող առանձնացնել ու կարեւոր չհամարել մեզ համար: Մեր պատկերացմամբ կան խնդիրներ, որոնք անթույլատրելի է ընդգրկել փոփոխված Սահմանադրությունում:
-Բայց Դուք հանդիպել եք Սերժ Սարգսյանի հետ, ու կարելի է ասել՝ դրանով ցույց եք տվել, որ կողմ եք նոր Սահմանադրության նախագծին…
-Իսկ ո՞վ է ասել, որ այդ հանդիպման ժամանակ ես չեմ ասել մեր առաջարկությունների մասին: Ես կոնկրետ նշել եմ, թե մենք ինչին ենք դեմ ու ինչ ենք առաջարկում, որպեսզի փոփոխության ենթարկվի: Կային կետեր, որոնք Սերժ Սարգսյանն ընդունում էր: Մենք մեր առաջարկությունները հրապարակել ենք, ու կարծում եմ՝ բոլորի համար հստակ է, թե ինչն է մեր խնդիրը, ու ինչու ենք մենք դեմ:
-Գուցե մինչեւ նախագծի քվեարկությունը Ձեր դիրքորոշումը փոփոխվի՞:
-Ես նման բան չասացի: Եթե Սահմանադրության նախագծում չընդգրկվեն այն առաջարկությունները, որոնք ներկայացրել ենք, որոնք ձեւական բնույթ չեն կրում, մենք դեմ ենք քվեարկելու նախագծին: Դա կուսակցության վարչության որոշումն է, որը ունի հիմնավորված պատճառ:
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
Երեկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը նիստ էր հրավիրել, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց: Հանձնաժողովը պետք է քննարկեր ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Սակայն հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նիստի մեկնարկից մի քանի րոպե հետո հայտարարեց, որ Ն. Փաշինյանը հարգելի պատճառով բացակայում է, ուստի նախագծի քննարկումը հետաձգվում է մեկ տարով:
Հանձնաժողովի նիստին ներկայացել էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Ստեփանյանը, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Կ. Նահապետյանը ներկայացնելով օրակարգը՝ առաջարկեց քվեարկության դնել նախագծի զեկուցողի բացակայության պատճառով նիստը հետաձգելու հարցը: Պատգամավորները համաձայնեցին, որից հետո Նահապետյանը խոսքը փոխանցեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանին՝ խնդրելով ներկայացնել նախագծի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը: Ուշագրավն այն է, որ հանձնաժողովի նախագահը՝ տեղյակ լինելով, որ Ն. Փաշինյանը հարգելի պատճառով բացակայում է, որոշել էր նիստ հրավիրել: Տպավորությունն այնպիսին էր, որ հանձնաժողովը ուղղակի նպատակ էր դրել նախագիծը «խաղից» դուրս հանել՝ այդ մի «հոգսից» էլ ազատվելու համար:
Ի դեպ, Կորյուն Նահապետյանը նշեց, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումներին առնչվող նախագծեր են ներկայացրել նաեւ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանն ու ՕԵԿ-ական պատգամավորները: Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ այս հարցի հետ կապված իրենք քննարկում են կազմակերպելու նոյեմբերի 10-ին:
Իսկ ՀՀ արդարադատության փոխնախարարն էլ հայտարարեց, թե վարչական իրավախախտումների նոր օրենսգիրքը հանրային քննարկման կներկայացվի հոկտեմբերին: Ըստ նրա՝ օրենսգրքի նպատակն է արդյունավետ համակարգ, ճկուն մեխանիզմներ ունենալ եւ նվազեցնել տուգանքների կիրառման չափը: Մկրտչյանը նշեց, որ այս հարցը քննարկվել է նաեւ Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, եւ տրվել են կոնկրետ հանձնարարականներ:
Ա. Մկրտչյանի խոսքով՝ ստեղծվել է հանձնաժողով, որը քննարկում է նվազ վտանգավորություն ունեցող իրավախախտումները նախազգուշացումներով փոխարինելու հարցը, բացի այդ՝ 5000-10000 դրամ տուգանքներն են վերանայվում, որոնք պետական մարմինները պետք է ճկունություն ունենան եւ չկիրառեն. «Փորձում ենք առավել արդյունավետ դարձնել բողոքարկման համակարգը: Տուգանքների չափը եւս կվերախմբագրվի»,- եզրափակեց փոխնախարարը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՉԻՆԱԿԱՆ ՏԱՂԱՎԱՐՈՎ
Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ տեղեկացնելով, որ հեռուստաընկերության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համագործակցության շրջանակներում նախատեսվում է կառուցել նոր, ժամանակակից տեխնիկական հնարավորություններով տաղավար: «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում իրականացվող շենք-շինությունների վերակառուցման, տարածքների բարեկարգման, տեխնիկական վերազինման ծրագրի շրջանակներում նոր՝ արդի պահանջներին համապատասխանող տաղավարի կառուցման նպատակով խիստ անհրաժեշտություն է առաջացել մոտ 1.4 հա մակերեսով ընդլայնել ընկերությանը պատկանող հողամասը: Իսկ նշված հողամասը Երեւանի քաղաքապետի՝ 2006 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ՝ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծով առաջարկվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի համար նոր տաղավար կառուցելու նպատակով հատկացնել պետական սեփականություն հանդիսացող հողամասը եւ այն կադաստրային արժեքով ներդնել հեռուստաընկերության կանոնադրական կապիտալում: Նշենք, որ այս նախագիծը Կառավարության նիստում կներկայացնի ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
ԽՈՍՏԱՑԵԼ ՈՒ ՓՈՇՄԱՆԵԼ Է
ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ Փայլակ Հարությունյանը, ում տունն ամբողջությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան այրվել է, քաղաքապետարանից պետք է ստանար 200-ից 300 հազար դրամի օգնություն: Նման խոստում տվել էր քաղաքապետ Սաշա Հակոբյանը: Սակայն, երբ Հարությունյանը գնացել է քաղաքապետարան՝ գումարը ստանալու, քաղաքապետն ասել է, որ կարող է միայն 100 հազար դրամ հատկացնել եւ շինափայտ՝ տանիքը կառուցելու համար: Սակայն մասիսցին հրաժարվել է վերցնել գումարը: «ժողովուրդ»-ի հետ զրուցում Սաշա Հակոբյանն ասաց. «Ես քաղաքային բյուջեի հաշվին կարող եմ տալ 100 հազար դրամ: Տախտակներով եւ փայտով կօգնեմ, որոնց արժեքն ավելի թանկ է: Իսկ գումարն այս շաբաթվա մեջ կհատկացնեմ: Կփորձեմ գումարի չափը եւս ավելացնել»: Հուսանք՝ համայնքի ղեկավարը այլեւս ծիծաղելի գումար չի առաջարկի իր տունը կորցրած քաղաքացուն:
ՏԱՐԱԾՔ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով առաջարկվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների 2/2 հասցեում գտնվող Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին շենքի 3-րդ հարկից 197,4 քառ. մետր մակերեսով տարածք հատկացնել Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնին: Նույն շենքի 2-րդ հարկը դեռեւս անցած տարի է հատկացվել ոստիկանությանը: