Չտրվել ադրբեջանական լոբբիին և ապատեղեկատվությանը և իրականությունը առավել լավ պատկերացնելու համար, որպես անկախ և ազատ մարդիկ, այցելել տարբեր հակամարտության գոտիներ և հանդես գալ ճշմարտության դիրքերից։ Մոսկվայում հոկտեմբերի 1-ին անցկացված «Արդի պայմաններում խորհրդարանների դերը միջազգային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջազգային խորհրդարանական 4-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Ստորև կարող եք կարդալ նրա ելույթն ամբողջությամբ:
«Հարգելի նախագահող,
Հարգելի գործընկերներ,
Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Պետական դումային և ՌԴ արտաքին գործերի նախարարությանը այս կարևոր նախաձեռնության և այն բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար։
Ուրախ եմ միջազգային այս ֆորումին մասնակցության համար և կարծում եմ, որ արդի աշխարհի առջև ծառացող մարտահրավերները ավելի ու ավելի են հիմնավորում համագործակցությանն ու խաղաղությանն ուղղված ջանքերը։
Համոզված եմ, որ ֆորումը կհանդիսանա մտքերի փոխանակման ու հատման կետերի ձեռքբերման հարթակ, ինչպես նաև հնարավորություն կընձեռի ընդհանուր խնդիրների շուրջ եզրահանգումներ ունենալու համար:
Հայաստանում շատ լավ են հասկանում հասարակական ու քաղաքական կյանքում անվտանգության ապահովման ու խաղաղ գոյակցության գինը։ Մեր սահմանամերձ բնակավայրերում ապրող հազարավոր ընտանիքների համար անվտանգության դեմ ուղղված մարտահրավերները ոչ թե տեսական, երևակայական վտանգներ են, այլ ամենօրյա սպառնալիք ու դաժան հանցագործություն` ուղղված խաղաղ բնակչության դեմ։
Երբ հարևան պետությունը գնդակոծում է քո դպրոցներն ու մանկապարտեզները, պատճառելով մարդկային զոհեր, ապա անվտանգության հարցը հասկանալիորեն դառնում է պետության ու հասարակության թիվ մեկ խնդիրը։
Այս հարցի շուրջ համագործակցությունը միջազգային հարաբերություններում ոչ թե բարի կամքի դրսևորում պետք է լինի, այլ անհրաժեշտություն, որը բխում է բոլորի շահերից։ Հարգելի գործընկերներ, ես ուշադիր լսեցի տարբեր ռեգիոններից ու երկրներից ժամանած մեր գործընկերների ելույթները, և պետք է ասեմ, որ դժվար է չհամաձայնվել այստեղ բարձրացված մտահոգությունների հետ։
Վերջին տարիներին միջազգային քաղաքականության մեջ մեծապես աճել է միջխորհրդարանական կապերի դերն ու նշանակությունը: Սակայն, չնայած, առկա միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակին, դեռևս առկա է գործունեության հսկա դաշտ` զարգացման հետագա մեծ պոտենցիալով:
Մեր օրերում մարդկությունը կանգնած է անվտանգության նոր չափումների առջև: Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում «անվտանգություն» հասկացությունը՝ գոյությանը սպառնացող աղբյուրներից պաշտպանվելու կարողությունն է, որն ուղղակի կապվածություն է ապահովում ազգային անվտանգության և միջազգային անվտանգության հասկացությունների միջև :
Այս համատեքստում, բացի քաղաքական երկխոսությունից, առանցքային նշանակություն ունի նաև միջխորհրդարանական համագործակցությունը՝ սահմանված քաղաքականության, միջազգային անվտանգության, զինաթափման և սպառազինությունների վերահսկման ոլորտներում:
Ներկայիս աշխարհում զարգացման գործընթացները դարձել են ավելի բարդ ու վտանգավոր` բնապահպանական գլոբալ փոփոխություններից, հարկադրված և անօրինական միգրացիայից մինչև քաղաքական և տնտեսական ճգնաժամեր:
Պայքարը ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ խթանում է տարածաշրջանում նոր գործընթացների իրացման դինամիկան, և նույնիսկ հակասությունների աննշան հանգույցները, առանձին հրահրումները ունակ են ստեղծել խնդիրներ՝ միջազգային համակարգի և ազգային անվտանգության համար:
Միջազգային ահաբեկչության ակտիվացումը, կարծես թե, ձևավորում է միջազգային հարաբերությունների նոր բնույթ:
Այն երևաց նաև բոլորովին վերջերս կայացած ՄԱԿ-ի 70-ամյակին նվիրված բարձր վեհաժողովի ժամանակ։ Ստեղծված իրավիճակում նախկին աշխարհաքաղաքական մրցակիցները պետք է միավորեն իրենց ջանքերը` նոր մարտահրավերներին դիմակայելու գործում, ինչի դեմ պայքարում արդեն կիրառելի չեն սովորական գործածելի մեթոդները:
Միջազգային հանրության համար առկա նոր մարտահրավերները ստիպում են բազմաթիվ երկրների կառավարություններին և խորհրդարաններին լինել ավելի սերտ կապի մեջ և միասնական պատասխանատվություն կրել համընդհանուր անվտանգության համար:
Խորհրդարանական չափումներում, միջազգային կազմակերպությունները մշտապես իրականացնում են բազմակողմ խորհրդարանական բանավեճեր ամենատարբեր թեժ խնդիրների շուրջ, և ես համոզված եմ, որ բազմաթիվ քաղաքական որոշումների ընդունման ազդակները գալիս են հենց խորհրդարանական հարթություններից:
Եկել է ժամանակը, որ տարբեր պետությունների խորհրդարանականները իրենց գործունեության հիմքում դնեն միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան պայքարը ահաբեկչության դեմ` հարթակ դարձնելով միջազգային մարմինները, կիրառելով միջազգային պայմանագրերը, ինչպես նաև իրացնելով վերահսկողության և հարկադրման միջազգային մեխանիզմներ:
Լիահույս եմ, որ նմանատիպ միջազգային ֆորումները կարող են իրենց արդյունավետ ներդրումն ունենալ այսպիսի պատասխանատվության ցուցաբերման գործում:
Հայ խորհրդարանականները, հաստատելով իրենց հանձնառությունը միջազգային համընդհանուր ճանաչում ունեցող նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթներին և Հելսինկիի Եզրափակիչ ակտին, կառուցողական և հավասարակշռված մոտեցում են ցուցաբերում ամենատարբեր ոլորտներում և ակտիվ համագործակցության կոչ են անում` ուղղված միջազգային անվտանգության պահպանմանն ու ամրապնդմանը, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ջանքերի ամրապնդմանը, առկա հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և հնարավոր հակամարտությունների կանխարգելմանը:
Մենք հայտնում ենք մեր անհանգստությունը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի կապակցությամբ: Միևնույն ժամանակ, դրանով հանդերձ, ցանկանում ենք ընդգծել, որ մեզ համար առաջնային է համարվում մեր տարածաշրջանի կայուն և խաղաղ զարգացումը:
Տարածաշրջանային մակարդակում մենք առանձնացնում ենք երեք հիմնական միջազգային կազմակերպություններ, որոնց հետ համագործակցությունը հակաահաբեկչության դեմ պայքարի գործում մեզ համար կարևոր է: Այդ կազմակերպություններն են ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն և ՆԱՏՕ-ն։
Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի ապահովման ուղղություններից մեկը: Այս կապակցությամբ, ՀԱՊԿ շրջանակում, Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում Հայաստանի հանդեպ հնարավոր ագրեսիայի կիրառման դեպքում հավաքական անվտանգության սկզբունքի իրացման, ինչպես նաև միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործում հատուկ օպերացիաների անցակցման համար:
Հայաստանը նաև ակտիվ կերպով ներգրավված է ԵԱՀԿ գործունության բոլոր երեք չափումներում, ինչպիսիք են ռազմա-քաղաքական, հումանիտար և տնտեսա – բնապահպանական համագործակցության ուղղությունները:
Ցանկանում եմ նաև ընդգծել ունիվերսալ և տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների դերը հանցագործությունների անպատժելիության վերացման գործում, ինչպես նաև ԵԱՀԿ դերը միջազգային մակարդակում` ուղղված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և այդ համատեքստում նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանը:
Մեր սահմաններում Ադրբեջանի կողմից ագրեսիայի ցուցաբերումը, խաղաղ բնակչության գնդակոծումը հանգեցրել են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի բարդացմանը:
Այս համատեքստում, ցանկանում եմ նաև ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ միջազգային խորհրդարանական հարթակներից օժանդակելու կարևորությունը և կոչ անել չտրվել ադրբեջանական լոբբիին և ապատեղեկատվությանը:
Խորհրդարանականների պարագայում` իրականությունը առավել լավ պատկերացնելու համար, ճիշտ է նրանց` որպես անկախ և ազատ մարդկանց, այցելությունը տարբեր հակամարտության գոտիներ և հանդես գալը ճշմարտության դիրքերից։
Միայն այսպես, խորհրդարանական հարթակներում, հնարավոր կլինի գտնել հատման կետեր և կառուցողական երկխոսություն ունենալ անվտանգության և կայունության ամրապնդման խնդիրների շուրջ:
Շնորհակալություն ուշադրության համար»։