Վերջին շրջանում ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ ՀՀ որոշ մարզերում գլուխ են բարձրացրել սուր աղիքային հիվանդությունները, ինչը պայմանավորված է սննդի անվտանգության եւ հիգիենայի կանոնների խախտմամբ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա օգոստոսի տվյալներով՝ Հայաստանում արձանագրվել է սուր աղիքային հիվանդությունների 1741 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 1179:
Վիճակագրական տվյալները մտահոգիչ են ինչպես հիվանդացության դեպքերի քանակական, այնպես էլ որակական դինամիկայի առումով: Այսպես, աղիքային հիվանդությունների թվում բակտերիալ դիզենտերիայի արձանագրված դեպքերը կազմել են 171, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 63: Սուր աղիքային վարակները՝ չհաստատված, չճշգրտված հարուցիչներով, կազմել են 1065, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է ընդամենը 651 դեպք:
Ըստ որոշ մասնագիտական տվյալների` ինֆեկցիոն բնույթի բոլոր հիվանդությունների 80 տոկոսը հիմնականում պայմանավորված է ջրային գործոնով, որը կապված է ջրամատակարարման սանիտարա-հիգիենիկ նորմերի խախտման եւ խմելու ջրի անբավարար որակական ցուցանիշների հետ: Հատկապես վերջին ամիսներին «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի կապակցությամբ քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստացել, որոնց մեծ մասը վերաբերում է Երեւանի կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներին: Նախօրեին էլ «ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիները տեղեկացրեցին, որ այս օրերին ՀՀ որոշ բուժհաստատություններ լեցուն են աղիքային վարակիչ հիվանդությունների ախտորոշում ունեցող հիվանդներով: Այդ բուժհաստատությունների թվում է Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը:
Ստացված ահազանգերի հետքով «Ժողովուրդ»-ը այցելեց Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Այստեղ բուժվող 7-ամյա Սամվելի մայրը, ով խուսափեց ներկայանալ, պատմեց, որ իրենք արդեն վեց օր է, ինչ հիվանդանոցում են: «Փսխում էր, լուծ ուներ, բայց դեռ ոչինչ չեն ասել մեզ բժիշկները: Դեռ նույնն է վիճակը: Հնարավոր է՝ ծորակի ջրից լինի»,- ներկայացրեց փոքրիկի մայրը: Հիվանդանոցի բուժքույրերից մեկն էլ մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ իրենց բոլոր հիվանդասենյակները լիքն էին, մեկ օրում ընդունել էին 10 հիվանդի, եւ բուժանձնակազմը շուրջօրյա լարված ռեժիմով էր աշխատել:
Տեղեկացանք, որ այս օրերին քիչ չեն նաեւ դեպքերը, երբ աղիքային սուր վարակիչ` «սալմոնելոզ» ախտորոշմամբ հիվանդ երեխաների հարազատներն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո իրենց երեխաներին չեն թողնում հիվանդանոցում, տանում են տուն` գերադասելով ամեն օր երեխաներին բերել հիվանդանոց` «սիստեմաներ» ստանալու:
Աղիքային վարակների` վերջին շրջանում ակտիվացման, Երեւանի եւ մարզերի մանկապարտեզներում եւ ուսումնական հաստատություններում հաճախակիացած թունավորումների եւ այս ամենի արդյունքում բուժհաստատությունների լարված աշխատանքի հետ կապված «Ժողովուրդ»-ը զրուցեց Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի հետ:
-Պարո՛ն Ասոյան, ըստ ԱՎԾ-ի տվյալների` սուր աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի զգալի աճ է նկատվում, ինչով է դա պայմանավորված, եւ որքանով է նման դինամիկան մտահոգիչ Ձեզ համար:
-Ինչպես ամեն տարի է նկատվում, նույնը նաեւ այս տարի է. սովորաբար ամռան շոգ կամ աշնան առաջին ամիսներին ունենում ենք աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի աճ: Այս տարի նույնն է: Իհարկե, ես չեմ թաքցնում, մենք տասնյակ տարիներ չենք ունեցել 40-ից ավել դիմող, իսկ այս տարի քանակը մի քիչ ավելի շատ է: Մեր մասնագիտությունը բժշկագիտության մեջ միակն է, որն ունի գրեթե մաթեմատիկական ճշգրտություն՝ կապված այս կամ այն հանգամանքների հետ: Այս տարի ամառը շոգ էր, եւ աննախադեպ պտուղ-բանջարեղենի քանակություն կա Հայաստանում, այսինքն՝ պտուղ-բանջարեղենի օգտագործումն ավելացել է: Ցավոք, միշտ չէ, որ մարդիկ այդ պտուղ-բանջարեղենն օգտագործելուց առաջ լվանում են կամ հիգիենայի տարրական կանոններին հետեւում են:
-Քաղաքացիների զգալի մասը դժգոհում է խմելու ջրի որակից եւ այս աղիքային վարակներն առավելապես կապում են հենց դրա հետ: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը, արդյոք այսօր ջրի որակը, օրինակ, Երեւանի կենտրոնում, համապատասխանում է անվտանգության չափանիշներին:
-Թե ինչու է հիվանդների թիվն ավելացել, սրա բացատրությունը կա. վստահեցնում եմ Ձեզ, որ հիվանդների թվի աճը որեւիցե կապ չունի ջրամատակարարման հետ: Նման երեւույթ մենք, Փառք Աստծո, չունենք: Իսկ այսօր տարբեր մարզերից, ամեն տեղից գալիս են, եւ ես գտնում եմ, որ սա կապված է առատ բերքի հետ: Այն, ինչ որ այսօր ունենք, ջրային բռնկում չէ: Եթե ջուրը լիներ, ապա մենք կունենայինք հասցեականություն՝ մի շենք, մի գյուղ, մի թաղամաս եւ այլն: Միանշանակ, Ձեզ վստահեցնում եմ, որ եթե կա նման դեպք, ապա թող գան: Վերջերս՝ երեք շաբաթ առաջ, ունեցանք ջրի հետ կապված խնդիր Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, դա չենք թաքցնում: Իսկ Երեւանում նման դեպք չկա: Մենք խիստ հանձնարարական ունենք, ընդունարանի աշխատող անձնակազմը գիտի, եւ դա խիստ հրաման է, եթե հանկարծ ընդունելության օրը տեսնեն նույն շենքից, փողոցից, հասցեից մեկից ավել դեպքեր են գալիս, անմիջապես ինձ տեղեկացնում են: Բնականաբար, ես ինքս ահազանգում եմ նախարարություն, սանիտարական ծառայություն, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կամ «Երեւան ջուր»:
-Իսկ մարզերում իրավիճակն ինչպե՞ս է:
-Ես քիչ առաջ խոսեցի Արմավիրի մարզի վարակաբանի հետ: Այնտեղ էլ նույն վիճակն է: Շատ տարբերվում են մարզերը՝ Արարատի, Արմավիրի մարզերում գրեթե նույն պատկերն է, որովհետեւ Արարատյան դաշտավայրում պտուղ-բանջարեղեն մարդիկ մշտապես եւ ավելի շատ են ուտում: Նույնը չենք ասի Սյունիքի, Շիրակի մարզերի մասին: Այնտեղ մենք չունենք նման հիվանդների մեծ քանակություն: Աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերը ամեն տարի եւ ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում, իհարկե, ավելանում են: Դա լինում է հենց այս շոգ ամիսներին, երբ մարդիկ սկսում են օգտագործել ջերմային մշակման չենթարկվող սննդամթերք՝ պտուղ-բանջարեղեն: Ես խորհուրդ կտամ առավել ուշադիր լինել սննդի, անձնական հիգիենայի կանոններին: Շատ եմ խնդրում մեր ազգաբնակչությանը՝ փողոցից տուն եք վերադառնում, մինչեւ ճաշելը երեխայի ձեռքերը օճառով լավ լվացեք: Ամեն մի սննդամթերք, որը ջերմային մշակման ենթակա չէ, հոսող ջրի տակ լվացեք, ապա տվեք երեխաներին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ