Ինչպես խուսափել աղիքային վարակներից. Առողջապահության նախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արձանագրվեցին աղիքային վարակիչ հիվանդությունների մի շարք բռնկումներ, որոնք պայմանավորված էին տարբեր գործոններով՝ սննդային, ջրային, կենցաղ-կոնտակտային և բնորոշ էին ամռան սեզոնին: Հատկապես, որ այս տարվա ամառն առանձնահատուկ էր բարձր ջերմաստիճանով: Ներկայումս ևս բարձր է աղիքային վարակիչ հիվանդություններով դեպքերի արձանագրումը, սակայն բռնկումներ չեն դիտվում և դրանք միմյանց հետ համաճարակաբանական կապ չունեն, այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Նշենք, որ աղիքային վարակների աճ է դիտվում նաև աշխարհի մի շարք երկրներում՝ հատկապես բռնկումների ձևով: Օրինակ՝ ԱՄՆ-ում մեծ աճ է արձանագրվել սննդային ծագման նորովիրուսային վարակի, Եվրոպայում՝ կամպիլոբակտերիոզների և այլնի: Աշխարհի բազմաթիվ երկրներ ահազանգում են զուգակցված վարակների աճի մասին:
Բացի այդ, ամբողջ աշխարհում դիտվում են կլիմայի գլոբալ տաքացման հետևանքները: Այս տեսակետից խոցելի են նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչները, հատկապես՝ աղիքային վարակների, այդ թվում՝ շիգելաները, խոլերայի վիբրիոնը, ամեոբիազը և այլն:

Հայաստանի Հանրապետությունում այս տարի աղիքային վարակների թվի աճին նպաստել են ոչ միայն աննախադեպ շոգը, այլև բնակչության մեծ տեղաշարժը:
Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

1. հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,

2. պատահական վայրերում չսնվել,

3. չօգտագործել ժամկետանց, ոչ պատշաճ սառնարանային պայմաններում պահվող, բավարար ջերմային մշակման չենթարկված սննդամթերք,

4. սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող, մաքուր ջրով,

5. խուսափել կրեմային հրուշակեղեն, խառը, ոչ ճիշտ պահպանված աղցաններ օգտագործելուց,

6. չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, ըմպելիքներ և հյութեր,

7. սննդամթերքը պահել փակ տարողություններում և պատշաճ ջերմային պայմաններում,

8. առանձնացնել հում սննդամթերքը եփածից, սնունդը լավ եփել կամ տապակել։

Հորդորում ենք աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատների դեպքում դիմել բժշկական օգնության:




Լրահոս