«ԲԱԽՏՍ ԲԵՐԵԼ Է. ԱՄՈՒՍԻՆՍ ԻՆՁ ՉԻ ԽԱՆԴՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս հեռուստադիտողների դատին հանձնված «Դոմինո» սիթքոմում իր վառ եւ համարձակ տեսակով առանձնանում է մարզասրահի տնօրենի կերպարը, որն ամեն կերպ փորձում է գայթակղել մարզիչ հերոսներից մեկին: Այս դերում Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանն է, ով անկեղծ զրույց է ունեցել «Ժողովուրդ»-ի հետ` անդրադառնալով իր կերպարին, ընտանեկան կյանքին եւ նվիրական երազանքին:

-Ելենա՛, սիթքոմում բավական բաց եւ համարձակ կերպար եք կերտում, վախ չկա՞, որ Ձեզ կասոցացնեն այդ շիկահեր տիկնիկի հետ:
-Նմանատիպ դերեր խաղացել եմ նաեւ թատրոնում, որտեղ, իհարկե, լուրջ, դրամատիկ կերպարներ էլ եմ կերտել: Բայց, անկեղծ ասած, ես շատ սիրում եմ կատակերգական կերպարներ. դրանք օգնում են զոռ տալ երեւակայությանը: Ես նախկինում խաղացել եմ «Yere1», «Կարգին սերիալ» նախագծերում, այսինքն` կատակերգական ժանրում բաց դերերով հանդես գալու փորձ ունեմ: Բացի այդ` կարծում եմ` արտիստի համար կարեւորն իր աշխատանքը գրագետ կերպով կատարելն է: Եվ, անկեղծ ասած, ես երբեք որեւէ բանի համար չեմ փոշմանում` կվերաբերի դա դերերիս, թե կայացրածս որոշումներին: Ինչո՞ւ, որովհետեւ ուժգին կերպով սիրում եմ աշխատել: Կոնկրետ այս կերպարի հանդեպ իմ սերը յուրովի արտասովոր է, ինչպես մյուս կերպարների դեպքում: Իսկ եթե ինձ մոտ ասոցիացիային առնչվող վախ առաջանա, ուրեմն ոչ մի դեր, առհասարակ, չպետք է խաղամ:
-Իսկ ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ են Ձեզ հաճախ նման համարձակ եւ սեքսուալ կանանց դերեր բաժին ընկնում:
-Նախեւառաջ, ես այն համոզման եմ, որ մեր մասնագիտության դեպքում վիզուալ ազդեցությունը մեծ նշանակություն ունի, բացի այդ` ես հաճախ եմ նմանատիպ դերեր խաղացել, եւ երբեք իմ հասցեին խիստ քննադատություններ չեմ լսել: Եթե մարդը սիրում է իր կերպարը, նա չի քննարկի այն, այլ կանի այնպես, որ կոմեդիկ իրավիճակում իր աշխատանքը լավ կատարի:
-Դուք Ձեր շրջապատում հանդիպե՞լ եք նման «սեռաքաղց» կանանց:
-Շրջապատում ոչ, բայց կյանքում, այո, եղել են ծանոթներ, ինձ հասել են խոսակցություններ նմանատիպ վարքի տեր կանանց մասին: Ինձ պատմում էին, իսկ ես պատկերացնում էի, թե ինչպիսին կլինի նման կինը: Ինձ համար շատ հետաքրքիր է խաղալ այնպիսի կերպարներ, որոնք իրական կյանքում իմ հակապատկերներն են, բեմում կամ տեսախցիկի առջեւ անել բաներ, որոնք իրականում երբեք չէի անի:
-Իսկ կա՞ն դերեր, որոնք երազում եք խաղալ թատրոնում:
-Երեւի տարօրինակ հնչի, սակայն այդ առումով որեւէ երազանք չունեմ: Գիտե՞ք` ես շատ տարբեր դերեր եմ խաղացել, եւ միշտ հաճույքով եմ դա արել: Ես միայն երազում եմ, որ առողջությունս եւ համբերությունս հերիքի, ու ամեն օր բեմ բարձրանամ` անկախ նրանից, թե ինչ դեր կխաղամ:
-Ելենա՛, շատերին է հետաքրքրում` Ձեր մեջ այլազգիի արյուն կա՞:
-Ո՛չ, ես մաքուր հայ եմ, ծնվել եմ Երեւանում…
-Որքանով տեղյակ ենք` ամուսնացած եք: Ձեր ամուսինը ինչո՞վ է զբաղվում, ի՞նչ մասնագետ է, նա տանը խանդի տեսարաններ չի՞ սարքում:
-Արդեն չորս տարի է` ես քաղաքացիական ամուսնությամբ եմ ապրում: Անչափ սիրում եմ ամուսնուս եւ սիրված եմ: Մեզ մոտ ամեն բան հրաշալի է: Նա բիզնեսմեն է…Ես, օրինակ, մտնում եմ նրա դրության մեջ. եթե ես լինեի բիզնեսմեն, հավանաբար կխանդեի կնոջս, բայց իմ բախտը շատ է բերել. մեզ մոտ չեն ծագել նման խնդիրներ: Ամուսինս ինձ հրաշալի գիտի, ուստի չի խանդում. խանդելու համար ոչ մի տեղիք չկա:
-Իսկ ամուսնությունից հետո Ձեզ համար ինչ-որ սահմանափակումներ, ամեն դեպքում, եղա՞ն:
-Ոչ, հակառակը. երբ ես ամուսնացա, ինձ համար ավելի հեշտ դարձավ աշխատելը, ես սկսեցի ավելի ազատ զգալ ինձ, քանի որ թիկունքիս զգացի աջակցություն եւ վստահություն: Ի դեպ, իմ մասնակցությամբ ներկայացումների պրեմիերաների առաջին հանդիսատեսներից մեկը հենց ամուսինս է:
-Այժմ կանացի ի՞նչ երազանք ունեք:
-Ես հիմա երազում եմ երեխա ունենալու մասին. շատ եմ ուզում դուստր ունենալ, դա իմ միակ երազանքն է…

 

 

 

 

 

 

 

 
«ՎԻՏԱՄԻՆ»-Ի ԿԱԶՄՆ ԷԼԻ ՄԻԱՍԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ՞

Տեւական ժամանակ է` «Վիտամին» ակումբը եթերում չէ. հումորային նախագիծը փակվել է, սակայն փրոդաքշընը շարունակում է իր գործունեությունը:

«Ժողովուրդ»-ը ակումբի նախկին անդամ Վաչե Թովմասյանից հետաքրքրվեց, թե այժմ տղաներն ինչով են զբաղված, արդյոք առաջիկայում հեռուստադիտողները նրանց մեկ նախագծում տեսնելու նոր հնարավորություն կունենան: Հումորիստը տեղեկացրեց, որ հեռուստադիտողներին ներկայանալու նոր առիթներ անպայման կլինեն. «Մենք հիմա աշխատում ենք նոր նախագծերի վրա, պարզապես դեռ չեմ կարող դրանց անունները տալ, չակերտներ բացել: Այդ նախագծերում մենք ե՛ւ որպես պրոդյուսեր ենք հանդես գալու, ե՛ւ անձամբ հեռուստադիտողին ներկայանալու առիթ կունենանք»,- ասաց նա` հավելելով, որ իրենք ուզում են երկար նախապատրաստվել, որպեսզի որակ ստանան:
Մեր այն հարցին, թե արդյոք համագործակցությունը կշարունակվի «Շանթ» հեռուստաընկերության հետ, Վաչեն պատասխանեց. «Առայժմ կշարունակենք աշխատել «Շանթ»-ի հետ, բայց հնարավոր է նաեւ այլ հեռուստաընկերությունների հետ համագործակցենք. ոչինչ չենք բացառում»:
Վաչեն նաեւ տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է անհատապես ներկայանալ սթենդ-ափ շոուի ժանրում. «Սա ամբողջ աշխարհում շատ ընդունված ժանր է, իսկ Հայաստանում ԽԹծ-ի դպրոցից եկած հումորներն են արդիական: Կարծում եմ՝ սթենդ-ափ շոուի ժանրը, որը պարունակում է անկեղծություն, ինքնաքննադատություն, հաճախ ներկայացումը կառուցում է իրական դեպքերի հիման վրա, պետք է որ դուր գա հայ հանդիսատեսին: Սկզբնական շրջանում ես իմ շոուով կներկայանամ ակումբային տարբերակով, իսկ հետո, եթե եթերի ցենզը թույլ տա (որոշ առումով ազատ, համարձակ հումոր է լինելու), այն կհեռարձակվի նաեւ հեռուստատեսությամբ»,-նշեց նա:
Մենք նաեւ հարցրինք` արդյոք նախկին «Վիտամին» ակումբի թիմը կրկին միասնական կազմով կներկայանա հեռուստադիտողներին. «Մենք իրականում էլի միասին ենք, իրար հետ շատ լավ հարաբերություններ ունենք, ընտանիքի նման ենք դարձել, բայց ասել, թե հաջորդ շաբաթ արդեն մեզ միասին կտեսնեք եթերում, սուտ կլինի: Իսկ թե երբ հնարավոր կլինի կրկին միասին հանդես գալ, դեռ չեմ կարող ասել»,-պատասխանեց հումորիստը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ՀԱՄԵՐԳ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ
Սարագոսայում եւ Մադրիդում սեպտեմբերի 25-26-ին տեղի են ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ Իսպանիայում մեծ համբավ վայելող ջութակահար, օրերս լատինական «Գրեմմի» մրցանակի առաջադրված Արա Մալիկյանի համատեղ համերգները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված համերգների ընթացքում կատարվել են դասական, ժամանակակից եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համերգներին ներկա են եղել Իսպանիայի քաղաքական, մշակութային եւ լրատվական շրջանակների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:

 

ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Մենեջեր Բրայան Էփսթայնի հետ Բրիտանական The Beatles խմբի պայմանագիրը, Լոնդոնում Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 365.000 ֆունտ ստեռլինգով։ Նշենք, որ հենց Էփսթայնն է հիմնադրել այս լեգենդար երաժշտական նախագիծը: Խմբի կոմերցիոն ղեկավարումը նա իրականացրել է 1962-ից մինչեւ իր մահը՝ 1967թ.։
Կարելի է ասել` հենց Էփսթայնի շնորհիվ է խումբը կարողացել ձայնագրել իր առաջին «The Beatles» ալբոմը եւ համաշխարհային ճանաչում ձեռք բերել։ Պայմանագիրը կնքվել է 1962թ. հոկտեմբերի 1-ին, այն վաճառքի է հանվել 200-500.000 ֆունտ ստեռլինգ նախնական արժեքով։ Փաստաթղթում կան ոչ միայն հայտնի քառյակի անդամների եւ մենեջերի ստորագրությունները, այլեւ Փոլ Մաքքարթնիի եւ Ջորջ Հարիսոնի ծնողների ստորագրությունները, քանի որ ստորագրման պահին երիտասարդների 21 տարին լրացած չի եղել։
 

ՊՈՒԳԱՉՈՎԱՅԻՆ ԿՀԱՏՈՒՑԻ
Ալլա Պուգաչովայի եւ իր գործընկեր Իրսոն Կուդիկովայի միջեւ ծագած սկանդալը մոտենում է իր ավարտին։
Կուդիկովան 7 միլիոն ռուբլի եւ 200 հազար դոլար պարտքով գումար էր վերցրել Պրիմադոննայից՝ Future Star դպրոցը զարգացնելու համար, սակայն հետո հրաժարվել էր վերադարձել այն: Արդյունքում Պրիմադոննան դիմել էր դատարան։ Նախօրեին հայտնի դարձավ, որ դատարանը պարտավորեցրել է Կուդիկովային վճարել ավելի քան 200 հազար դոլար գումարը:




Լրահոս